Այս շաբաթվա գերիշխող միջազգային թեման ամերիկյան Աբրահամ Լինկոլն եւ այլ զրահանավերի Հնդկական օվկիանոս հասնելն ու Իրանին հնարավորինս մոտ տեղակայվելն էր, որ ուղեկցվեց Վաշինգտոն Թեհրան փոխադարձ սպառնալիքիների ու պահանջների հեղեղով։ Հենց այս՝ Վաշինգտոն-Թեհրան բառային փոխհրաձգությունն է բացատրում, թե ինչպես էր պատահել, որ Ադրբեջանը Դավոսում, վերջին պահին խցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կազմավորվող Board of Peace-ի կազմ։
Ինչ է Board of Peace-ը, դժվար է ասել․ եթե Թրամփին լսես դա գրեթե ՄԱԿ-ի անալոգն է եւ մրցակիցը, իրականում նույնիսկ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների անալոգ կամ մրցակից չէ։ Սկզբնական նպատակադրմամբ Board of Peace-ը իբրեւ թե Գազայի գոտու հետպատերազմական վերակառուցման հարցերով պիտի զբաղվեր, բայց կազմակերպության՝ Դավոսում ներկայացված եւ ստորագրված կանոնադրությունում Գազան իսպառ չի հիշատակվել, փոխարենը աշխարհում խաղաղության հաստատումը եւ պահպանումը առաջ մղելու նպատակ է հռչակվել։ Այդ կառույցը ցկյանս նախագահում է Թրամփը․ նա կարող է Board of Peace-ի կազմ հրավիրել ում ուզի, հեռացնի կամ չհրավիրել ում չի ուզի... Միով բանիվ, գոնե այս պահի դրությամբ, Board of Peace-ը Թրամփի կողմից կազմավորվող անձնական-անհատական ակումբ է, որտեղ ինչպես եվրոպացի մի դիվանագետ էր սրամտել․ «հավաքվել են նրանք, որոնց խնդիրների լուծումը կախված է Թրամփից եւ այդ հարթակում Թրամփի հետ շփվել, խոսելու հնարավորություն են ստանում»։
Այլ հարց, որ ներկա պահին Թրամփի հետ շփվելու, սեփական երկրի խնդիրները բարձրաձայնելու հարթակն ու հնարավորությունը ի դեմս Board of Peace-ի, շատերի համար է ճակատագրի նվեր, որքան էլ դա ոչ թե միջազգային կառույց, այլ Թրամփի անձնական ակումբը լինի։ Մանավանդ, որ Թրամփը աշխարհի 210-ից ավել երկրներից միայն 60-ին էր հրավիրել իր ակումբ։
Հայաստանում շատերին, այդ թվում ինձ, Board of Peace-ը հետաքրքրեց երեւի միայն այն պահին, երբ ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանին էլ են հրավիրել այդ ակումբ։ Եվ հետաքրքրեց առաջինը այն պատճառով, որ մինչ այդ մի քանի օր միջազգային լրատվամիջոցները հաղորդում էին, թե անդամակցությունը ակումբին 1 միլիարդ դոլարի վճար է ենթադրում։ Փաշինյանի հրավերի պատճառով ես մի քիչ ուսումնասիեցի հասանելի տեղեկությունները, պարզվեց 1 միլիարդ դոլարը մշտական անդամության վճարն է, որը առաջին եռամյա ժամկետից հետո է գործելու։ Վճարներին զուգահեռ նյութերը նայելիս փորձեցի նաեւ հասկանալ, թե ովքեր են հրավիրվել։ Ուշադրությունս գրավեցին Բելառուսը եւ Ալբանիան, իրենց ուղարկված հրավերների առթիվ մեկնաբանությունների եւ շողոքորթությունների համար։ Նկատեցի նաեւ որ Ադրբեջանի անունը չկար հրավիրյալների ցանկում։
Միջազգային լրատվամիջոցներում, տեղեկատվական հարթակներում հունվարի 20-ի երեկոյան դրությամբ տառ չկար այն մասին, թե Ադրբեջանը Թրամփից Board of Peace-ին անդամակցելու հրավեր է ստացել։
Կարծում եմ չկա որեւէ գիտակից մարդ, ով կմտածի, թե բոլոր մյուս հրավիրյալները օրեր առաջ հրավերները ստացել էին, 17-18-ին արդեն իրենց հրավերների մասին լրատվամիջոցներին էին հայտնել, իսկ ահա Ալիեւը ինչ-որ տեխնիկական պատճառով հունվարի 20-ին էլ դեռ հրավեր չէր ստացել։ Վերջապես կա՞ մեկը, ով կարծում է, թե Ալիեւը կարող է իսկապես ԱՄՆ-ից որեւէ կառույցի անդամակցելու հրավեր-նամակ ստացած լիներ եւ դա տեղում scan չաներ հրապարակեր, մի հատ էլ կողքերը թավալգլոր լիներ։ Ալիեւի պնակալեզությունն ու ստորաքարշությունը ԱՄՆ-ի եւ անձնապես Թրամփի առջեւ սահման չի ճանաչում՝ ստվերելով անգամ Փաշինյանի խեղկատակությունները։
Մեկ էլ հանկարծ հունվարի 22-ին Իլհամ Ալիեւը հայտնվում է Board of Peace-ի կանոնադրության ստորագրման արարողությանը, որպես մասնակից (նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է իբր ստացված հրավերի մասին եւ կրկնակի երկար ճամարտակում, թե դիվանագիտական խողովակներով ԱՄՆ իշխանություններին տեղեկացրել են, որ իրենք ընդունում են հրավերը եւ այլն): Այդ ձեւականությունն ու շաղակրատանքը մատնում էր, որ մեծ հավանականությամբ ոչ մի հրավեր էլ չեն ստացել, այլ Դավոսում ոտքի վրա, ոմանց միջնորդությամբ Ալիեւը հրավերը ձեռք է բերել։
Տարօրինակ կերպով Ալբանիայի վարչապետը, ով ուշադրությունս գրավել էր իր շողոքորթությամբ, քանի որ մամուլին ասել էր, թե Թրամփի նախաձեռնած Board of Peace-ին միանալու հրավերը անպատկերացնելի պատիվ է իր համար, որ նաեւ ցույց է տալիս թե Ալբանիայի միջազգային հեղինակությունը որքան է աճել, ինչ տեղ է այն զբաղեցնում աշխարհում այսօր, մինչդեռ նախորդ իշխանության օրոք Ալբանիա անունը պարտությունների ու տապալումների հոմանիշ էր եւ այլն։ Թրամփի հրավերը իր անձնական ու նաեւ երկրի աստեղային ժամ համարող վարչապետը հանկարծ Դավոսի արարողությունից բացակայում է, փոխարենը արարողությանը մասնակցում է Իլհամ Ալիեւը։ Արդյո՞ք դա պատահում է առանց կուլիսային անցուդարձի, լոկ զուգադիպությամբ․․․
Ալիեւը Board of Peace-ի կանոնադրության ստորագրման նույն օրը նաեւ Թրամփ հետ անձամբ նկարվելու հնարավորություն է ունենում, քանի որ Իրանի շուրջ զարգացումները առնչվում են Ադրբեջանին։ Ի վերջո 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել եւ ԼՂԻՄ-ի շրջակա, հատկապես Իրանի հետ սահմանակից տարածքները անցել են Ադրբեջանի վերհսկողությանը գերազանցապես նրա համար, որ այդտեղ Իսրայելի հետախուզական-լրտեսական կարողությունները տեղակայվեն եւ ռազմական բախման ժամանակ սպասարկեն ոչ միայն Իսրայելին։
Այժմ, եթե ԱՄՆ-ը իսկապես հարվածի Իրանին, եւ հարվածի անպես, որ սասանի ռեժիմի դիրքերը, որեւէ մեկը չի կասկածում, որ Իսրայելն է դառնալու Իրանի պատասխան հարվածի գլխավոր նշանակետը։ Իսրայելին սպասարկող Ադրբեջանը դժվար թե այդտեղ հարվածների տակ չհայտնվի։ Ենթադրելի է, Ալիեւը Թրամփի հետ մի քանի րոպե խոսելու եւ 30վրկ նկարվելու հանդիպում էր խնդրել, ոչ միայն այդ photo-opportunity-ն Ադրբեջանի ներսում թմբկահարել-շեփորահարելու եւ քարոզչական ձեռնածությունների համար, այլեւս որովհետեւ Ադրբեջանը ամեն գնով կցանկանա ԱՄՆ-ից թեկուզ աննշան մի երաշխիք ստանալ, որ Իսրայելի շահերը սպասարկող Ադրբեջանին ԱՄՆ-ը ինչ-որ պաշտպանություն կտա։ Դատելով տարածված 30 վրկ տեւողությամբ տեսանյութից, որի տարածողն ի դեպ եղել է Մեհրիբան Ալիեւան, եւ տեսարանից թե ինչպես է աթոռի ծայրին նստած առաջին տիկին Ալիեւան խիստ լարված ձեռքերը, մատերը անընդհատ սեղմում, բոլորովին հանդիպման դրական ընթացք կամ արդյունք չի երեւում։