ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ս. Վրացյան կենտրոնում այսօր տեղի է ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն: Ճիշտ նույն ֆորմատով, որը կյանքի էին կոչում պատերազմից հետո Հայրենիքի փրկության շարժման օրերին, երբ խորհրդարանական ուժերի եւ արտախորհրդարանականների տասնյակ ներկայացուցիչներ պարբերաբար հավաքվում եւ քննարկում էին իրենց անելիքները:
Այսօրվա հանդիպման մասնակիցներից էին Հրանտ Բագրատյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Հարությունյանը, Խաչիկ Գալստյանը, Մանուկ Սուքիասյանը եւ այլք: «Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների դիմագրավումը», նիստից հետո հաղորդագրություն տարածեց ՀՅԴ-ն, տեղեկացնելով նաեւ, որ «Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները»: Հայտնում են նաեւ, որ հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն:
Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ փակ նիստից, որը տեւել է երեք ժամից ավելի, սակայն, ըստ էության, չի ավարտվել, քանի որ ներկաները ստեղծված իրավիճակում ընդդիմության անելիքների մասով չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Խոսքը ոչ թե ներհայաստանյան տիրույթում իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ կազմակերպելու մասին է եղել, այլ Արցախի ժողովրդին օգնություն, միեւնույն ժամանակ Ադրբեջանի կեղծ թեզերը պայթեցնելուն ուղղված քայլեր անելուն: Ինչպես հայտնի է նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Արբեջանի ներկայացուցիչը ստեց, ասելով, որ ճանապարհն ամբողջությամբ փակ չէ եւ որ թույլ են տալիս մարդասիրական օգնություն անցնի Արցախ, նրան երկրորդեց նաեւ ՌԴ ներկայացուցիչը:
Ընդդիմադիրները «Սիմոն Վրացյան» սրահում քննարկել են մեծ ավտոշարասյուններով Արցախ մեկնելու հարցը, որպեսզի դրանով միջազգային հանրությանը ցույց տան ադրբեջանական կեղծիքը, որ ճանապարհը փակ է, սակայն հնչել են կարծիքներ՝ իսկ եթե այդ ամենը հաշվի առնելով ադրբեջանցիները բացե՞ն ճանապարհը` թույլ տան անցնել, շատ ավելի վատ բան կարող է ստացվել: Ներկաները չեն եկել ընդհանուր հայտարարի, բայց բոլորը միասնակամ են եղել այն հարցում, որ այս իրավիճակում չի կարելի ձեռքերը ծալած նստել: Որոշել են քննարկումը շարունակել այսօր, վաղը, որից հետո հանրությանը կներկայացնեն իրենց որոշումը:
Մենք փորձեցինք Զարուհի Փոստանջյանից պարզաբանում ստանալ մեր այս տեղեկությունների եւ առհասարակ հանդիպման վերաբերյալ, սակայն Փոստանջյանն ասաց, որ կարող է միայն ասել, որ «բազմաշերտ ու բազմակողմանի քննարկում են ունեցել եւ որոշել, որ այն շարունակվելու է»:


