Քաղաքականություն

Հանդիպումներ` աջուձախ, հուսանք` ոչ անիմաստ

Հանդիպումներ` աջուձախ, հուսանք` ոչ անիմաստ

Դեկտեմբերի 9-ից ի վեր Հայաստանի միջազգային շփումներում հիպերակտիվություն է: Ընդսմին, ոչ առանձնապես Հայաստանի շնորհիվ, այլ՝ Վաշինգտոնում եւ Բրյուսելում ընթացող միջազգային զարգացումների, որոնց միջեւ, հնարավոր է, կա փոխկապակցություն, եւ որոնցից Հայաստանը կարող է միանգամայն դրական ակնկալություններ ունենալ: 

Նախ, դեկտեմբերի 9-10-ին Հայաստանը Վրաստանի հետ հրավիրված էր մասնակցելու ԱՄՆ նախագահի հյուրընկալած վիրտուալ «Ժողովրդավարության գագաթնաժողովին», որից ցուցադրաբար դուրս էին թողնված Մերձավոր Արեւելքի համարյա բոլոր երկրները, ներառյալ Թուրքիան, Արեւելյան Եվրոպայում`Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Հայաստանի ընդգրկումը «Ժողովրդավարութան գագաթնաժողովին» հրավիրված երկրների կազմում ազդարարում էր, որ Հայաստանի առնչությամբ ԱՄՆ-ն ունի ծրագրեր եւ դրանց ուղղությամբ պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել: 

Իհարկե, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության գագաթնաժողովում» անգույն ու չհիշվող խոսք էր, որ եթե մեկի հիշողության մեջ էլ մնար, կմնար Փաշինյանի անհաջող անգլերենի պատճառով: Սակայն, ինչպես գագաթնաժողովի օրերին էլ էինք գրել, այդտեղ ամենաէականը Հայաստանի`գագաթնաժողովին հրավիրված լինելու ու մասնակցելու փաստն էր, որ Հայաստանի առնչությամբ ԱՄՆ քաղաքականության ակտիվացման մանիֆեստացիա էր նշանակում: Պատահականությո՞ւն է արդյոք, որ գագաթնաժողովի ավարտին անմիջապես հետեւեցին հայտարարություններ Անկարայից ու Երեւանից պատասխանատուներ նշանակելու մասին` երկկողմ շփումների եւ հարաբերությունների կարգավորման համար: Հազիվ թե առանց ԱՄՆ-ի կուլիսային դերակատարման նման հայտարարություններ հնչեին:

Համարյան նույն օրերին նաեւ Մոսկվայում երրորդական պաշտոնյաների մասնակցությամբ տարածաշրջանային խորհրդակցական հարթակ հորջորջված կամ «3+3», «3+2» մականուններ ստացած Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան հանդիպում կայացավ: Թվում է՝ եթե Փաշինյանի անչափելի ողորմելիությունն ու տխմարությունը չլինեին, Հայաստանն էլ Վրաստանի օրինակով կհրաժարվեր այդ ձեւաչափում առհասարակ երեւալ: Չնայած երեւալուց էլ ինչ-որ բան չի փոխվում, քանի որ այդ՝ ռուս-թուրքական համատեղ նախաձեռնությունն ավելի ցուցադրական ու մեռելածին ձեւաչափ է, մտածված երեւի նրա համար, որ ԱՄՆ հնարավոր ակտիվացումը Հարավային Կովկասում արտաքուստ հակակշռվի իբր տարածաշրջանային խաղացողների միասնական ձեւաչափով: Ինչեւէ, եթե ռուս-թուրքական այդ նախաձեռնությունը շարունակություն ունենա, Մոսկվայի հավաքից հետո այլ հավաքներ լինեն առաջիկա տարում, այդ ժամանակ դրան իմաստ կունենա ուշադրություն դարձնել: 

Մոսկվայի հավաքից շատ ավելի ուշագրավ է այն, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ: Հանդիպման ընթացքում, ըստ Երեւանից տարածված հաղորդագրության, քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  Ըստ Վաշինգտոնից տարածված հաղորդագրության` Սալիվանը հատկապես ողջունել է պատասխանատուների նշանակումը Հայաստանի եւ Թուրքիայի կողմից` երկկողմ շփումների համար: 

Հայաստանի համար, ինչպես միշտ անկախությունից ի վեր, այնպես էլ այսօր կա մեկ էական հարց՝ Թուրքիայի տարածքով դեպի Միջերկրական ծով ելք ստանալը: Հենց այս հաղորդակցության ուղին է Հայաստանի տնտեսական բարգավաճման եւ միջազգային ինտեգրման հիմքը, եւ էական է, որ Միացյալ Նահանգները հետամուտ լինի այս խնդրի իրագործմանը՝ անշուշտ, դրանով լուծելով կենսական կարեւորության հարց ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանում ԱՄՆ դերակատարման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարծես վերադառնում է օրակարգ` ԱՄՆ-ի կնքահայրությամբ, եւ դա հենց այն է, ինչ հարկավոր է Հայաստանին: 

Դեկտեմբերի 9-ից ի վեր իրադարձությունների երկրորդ էական շարքը Բրյուսելում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր մասնակցելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Գագաթնաժողովի արդյունքում, ավանդույթի համաձայն, ընդունվել է հռչակագիր։ Այս անգամ, սակայն, հռչակագրում առանձին երկրների վերաբերող կետեր համարյա չկան, այլ ԱլԳ ընդհանուր քաղաքականության ուղենիշներն են ամրագրված՝ առաջիկա երկու տարիների համար` Recovery, reform, resilience (Առողջացում, բարեփոխում, վերականգնում)  վերնագրի ներքո: 

Հայաստանից նայելիս, սակայն, ԱլԳ գագաթնաժողովից եւ հռչակագրից ավելի, Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներն էին ուշագրավ` նախ, ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը, որին հետեւել էր Միշել-Փաշինյան-Ալիեւ կազմով հանդիպում, ապա Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը, որին հետեւել էր Մակրոն-Փաշինյան-Ալիեւ կազմով հանդիպում: Այդ հանդիպումներում որեւէ էական հա՞րց էր քննարկվել, արդյո՞ւնք էր արձանագրվել, թե՞ դրանք ավելի photo-opportunity էին` դժվար է կռահել: Բայց այն, որ Փաշինյանը եւ Ալիեւը եռակողմ ձեւաչափով հանդիպում են Բրյուսելում, էֆեկտիվորեն դիֆուզիայի է ենթարկում Պուտին-Ալիեւ-Փաշինյան կազմով ինչ-որ ձեւաչափ հաստատելու Մոսկվայի փորձերը: Փաշինյանին եւ Ալիեւին հանգիստ կարող են այլ մայրաքաղաքներից էլ հրավիրել, եւ նրանք կգնան, Մոսկվան այդտեղ ոչ մի առանձնակի դիրք չունի: Բրյուսելյան եռակողմ հանդիպումները հենց այդ ուղերձն էին հղում: 

Իսկ որպեսզի Մոսկվայի ներգավվածությունը ոչ միայն դիվանագիտական հարթությունում, նաեւ ֆիզիկապես տարածաշրջանում հակակշռվի եւ հավասարակշռվի, հարկ է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը երբ էլ սկսվի, այն ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո եւ ԵԱՀԿ դիտորդների ներգրավմամբ: Սա այն է, ինչի ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանը, եւ փառք Աստծո, որ Փաշինյանը մի քանի անգամ այդ առաջարկը բարձրաձայնել է եւ Վաշինգտոնից ու Բրյուսելից դրական արձագանքի արժանացել: ԵԱՀԿ դիտորդների դեմ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել, քանի որ դա ռուսական միահեծան իշխանություն չէ, որտեղ Պուտինի հետ համաձայնությամբ ինչ այլանդակություն ասես՝ անես, դիցուք, Հայաստանի սահման խախտես: Ալիեւին իր տեղը ցույց տալու եւ սահմանային բախումները մեկընդմիշտ կանխելու համար էական է ԵԱՀԿ դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելը:

Դրանից հետո տարիներով ու տասնամյակով կարող է դեմարկացիա-դելիմիտացիա ընթանալ, նույնկերպ էլ տարիներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցություն հաստատելու թեմայով ջուր ծեծվել: Դրանցից ոչ մեկը Հայաստանին վերջնահաշվում պետք չէ, ի տարբերություն Թուրքիայի հետ սահմանի բացման եւ սեփական սահմանների անձեռնմխելիությունը ԵԱՀԿ դիտորդներով երաշխավորելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image