Երեկ իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մերժվեց ու վտարվեց Սյունիքի մարզից՝ տարբեր տեսակի վանկարկումների ու հայհոյանքների ներքո, որոնք լսելի էին տարբեր տեսանյութերում։
Սա 2-րդ անգամն էր դեկտեմբերի 26-ին վտարվելու դեպքից ի վեր։ Սյունեցիները կրկին ինքնաբուխ հավաքվեցին ու կոչ արեցին նրան ու իրեն ուղեկցողներին հեռանալ պատերազմի հետևանքով վտանգի մեջ հայտնված մարզից։
Իշխանությունները, առանց որևէ փաստի, սկսեցին տեղեկություններ տարածել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ՝ փորձելով նրան ներկայացնել իբրև իմքայլական վարչապետի դեմ բողոքի գործողությունների կազմակերպիչ։ Այն դեպքում, որ սյունեցիները վրդովված ինքնաբուխ հավաքվել էին Սյունիքի սահմանները վտանգած Իլհամ Ալիևի գործընկերոջ դեմ։ Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Քննչական կոմիտեում Զաքարյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) առաջին մասով, երրորդ մասով, 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) առաջին մասով։ Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է։
Բացի Զաքարյանից մեծ թվով սյունեցիներ են բերման ենթարկվել։ Բռնի կերպով ու խոշտանգվելով բերման է ենթարկվել նաև Շուռնուխ գյուղի ղեկավարի ազատամարտիկ եղբայրը` Արարատ Աղաբեկյանը, ով հիվանդ պառկած է եղել։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը քաղաքական հետապնդումներ է որակեց սյունեցիների դեմ տեղի ունեցողը։
«Քաղաքական հետապնդումներ են ընտրություններից առաջ։ Իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք կառավարում են երկիրը։ Ըստ էության, այնպիսի իրավիճակ է, որ շատ-շատ ոլորտներ Հայաստանում անկառավարելի են, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտը։ Նկատի ունեմ արտաքին սահմաններ և այլն։ Եթե այսօր ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կառավարում է, ռուսական զորքերն են ու ռուս խաղաղապահները։ Այս քայլերով իշխանություներն ուղղակի ցանկանում են ցույց տալ, որ տիրապետում են իրավիճակին, իշխանություն ունեն, այդ թվում՝ Հայաստանի հարավում։ Ոզում են ցույց տալ, որ «ռեալ իշխանությունն այսօր մեր ձեռքում է, մենք էսօր կարող ենք և՛ հետապնդել, և՛ պատժել, և՛ մնացած բաներն անել», որը որ այդքան էլ իրականությանը չի համապատասխանում», - ասաց իրավապաշտպանը։
Ըստ Կիրակոսյանի՝ իշխանությունները փորձում են գործողությունների պատասխանատուներ գտնել և որպես այդպիսին ներկայացնում են «նախկիններին» և «նախկինների հետ կապ ունեցող անձանց»։
«Այսինքն, զուտ քաղաքական նպատակահարմարությամբ, որովհետև իշխող ուժը չի կարող ասել․ «ժողովուրդը սպոնտան է դուրս եկել», կառավարող ուժը չի կարող այդպես ձևակերպել։ Իրեն պետք է, որ կազմակերպված ինչ-որ բան ներկայացվի դա։ Հիմա կոնկրետ թիրախ գտնելու խնդիրն է։ Դրա համար տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործերը կհարուցվեն, մինչև հասկանան, թե ում վրա է կարող դա գնալ կամ ուղղակի «ջրեն-գնա»։ Ավելի հավանական է, որ այդ ամբողջը շարունակություն չի ունենա, ուղղակի «կջրվի»», - ընդգծեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը։
Կիրակոսյանի խոսքերով՝ այս ամենն իրավական հարթության հարցեր չեն, ավելի շատ քաղաքական են։
Երեկ նաև Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իմքայլական վարչապետն իրեն ենթակա ԱԱԾ պետի, ոստիկանապետի, նաև ինչ-որ դատախազի ներկայությամբ ցուցումներ էր տալիս ու ասում, որ «տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն»։
Հարցին՝ Փաշինյանը իրավունք ունի՞ ցուցումներ տալ իրավապահ մարմիններին կապված Սյունիքում տեղի ունեցած միջադեպերի հետ, Արտակ Կիրակոսյանը պատասխանեց․
«Նորմալը նա է, որ հնարավոր է՝ խորհրդատվություն լինի, որտեղ նաև լինի դատախազությունը, գլխավոր դատախազը և այլն։ Ինքնին փաստը խնդիր չէ, խնդիր է այն, ինչը որ այսօր ունենք։ Այսինքն՝ պետական ինստիտուտները չեն աշխատում, ու աշխատում են միայն վարչապետի կամայական հանձնարարականները։ Սկսած նոյեմբեր 9/10-ին ստորագրած թղթից մինչև հիմա շարունակվում է։ Ըստ էության, կառավարվում է վարչապետի քմահաճույքով»։