Քաղաքականություն

Այդ հրամանի հիմքով պետք է քրեական գործ հարուցվի

Այդ հրամանի հիմքով պետք է քրեական գործ հարուցվի

Երեկ գրել էինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 26-ին փոփոխություն է կատարել նախարարի նախկին հրամանում, որտեղ սահմանված են ոստիկանության կողմից թույլատրելի հատուկ միջոցներն ու դրանց կիրառման չափանիշները, եւ այս ցանկում հետին թվով ներառել է հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների վրա նետված «Զարյա 3» հատուկ միջոցը։ Հատուկ միջոցների ցանկն առողջապահության նախարարությանը ներկայացնում է ոստիկանության համապատասխան հանձնաժողովը։ Նախարարությունն ուսումնասիրում է, համապատասխան եզրակացություն կազմում, եւ տրվում է այս կամ այն հատուկ միջոցի կիրառումը թույլատրող հրամանը։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը նման միջոց կիրառելուց հետո է ամրագրել, որպեսզի փորձի իր ապօրինի գործողությունների համար իրավական հիմքեր ապահովել։

Նախկին փոխոստիկանապետ, գեներալ մայոր Սամվել Հովհաննիսյանը կարծում է, որ հունիսի 26-ի հրամանի հիմքով պետք է քրեական գործ հարուցվի։ «Դա նշանակում է, որ արդեն այդ փաստաթղթով պետք է քրեական գործ հարուցվեր։ Արդյո՞ք կա փորձաքննություն, որ հունիսի 12-ին կիրառված հատուկ միջոցը «Զարյա 3» չի եղել»,- «Հրապարակ»-ին ասում է Սամվել Հովհաննիսյանը։ Բացի այս, ցանկացած դեպքում, երբ կա հիվանդանոցային դեպք, պետք է քննություն իրականացվի, պարզվի՝ արդյո՞ք ծայրահեղ անհրաժեշտություն է եղել հատուկ միջոցի կիրառումը։
Ոստիկանությունը, ինչպես Սամվել Հովհաննիսյանն է ասում, պետք է գործի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որը սահմանում է, այդ թվում հատուկ միջոցների գործադրման կարգը եւ մանրամասնում, թե ինչ պայմաններում ոստիկանությունն ինչպես պետք է գործի։ Թե ինչ խնդիր էր ոստիկանությունը լուծում հունիսի 12-ին՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, երբ քսանից ավելի լուսաձայնային նռնակներ նետեց անզեն ու խաղաղ մարդկանց վրա, մեր զրուցակցին պարզ չէ։ 

«Ես չգիտեմ, թե ինչի համար են «Զարյա 3» կիրառել, ինչ նպատակ են հետապնդել, լուսաձայնային այլ նռնակներ էլ կան։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարն է ընտրում մարտավարական ձեւը։ Դա կարող է լինել կոնտակտային եւ ոչ կոնտակտային, օրինակ, ոստիկանական շղթան։ Հունիսի 12-ին ընտրվել է ոչ կոնտակտային ձեւը՝ հատուկ միջոցի կիրառումը, բայց դա ի՞նչ խնդիր լուծեց։ «Զարյա 3»-ը զինված հանցագործներին վնասազերծելու համար է, որ անցնցում եւ քիչ կորուստներով ոստիկանությունը կարողանա հասնել նպատակին»,- ասում է Հովհաննիսյանն ու մասնագիտական տեսանկյունից փորձում վերլուծել այդ օրվա իրադարձությունները։

«Շշի տարան, որի մեջ կար ջուր, համարժեք չէր հատուկ միջոցին, եթե ոստիկանների մոտ լինեին վահան, սաղավարտ, հրաման տրվեր ընդունել կրիայի մարտավարական ձեւը, շշերը չէին դիպչի ոստիկաններին։ Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններ էլ են վիրավորվել հատուկ միջոցի կիրառումից․ եթե դու տանում ես ոստիկանին միջոցառման վայր ու կարող ես կիրառել հատուկ միջոց, ուրեմն ինչո՞ւ նա ապահովված չէ անհատական պահպանության միջոցներով»։ 
Հովհաննիսյանը բացատրում է․ «Զարյա 3»-ը բեկորային չէ, բայց երբ պայթում է, նրա պլաստմասսե բեկորները կարող են չհասցնել հալչել ու վնասել մարդուն։ Նախկին փոխոստիկանապետը հիշում է ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցի կիրառման դրվագը 2018-ին՝ Բաղրամյան պողոտայում, ինչի համար Երանոսյանին դատեցին։ Այդ ժամանակ, Հովհաննիսյանի խոսքով, արդարացված էր հատուկ միջոցի կիրառումը, որովհետեւ այն օգտագործվեց փշալարի ու արգելափակոցի մեջտեղում գտնվող անձնակազմը հետ քաշելու համար։ 

«Երանոսյանը ժողովրդի նկատմամբ չկիրառեց, իհարկե, պատկերացրեք՝ անձակազմը կանգնած է, նետում է, եթե զանգվածը հետուառաջ է անում, մի մասն առաջ են գալիս, չնայած նախազգուշացմանը, չես կարող օդի մեջ բռնել արդեն նետված նռնակը։ Իսկ Սարի թաղում՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում խոսել այն մասին, որ զանգվածը, որ գալիս էր դեպի գունդը, բաժանվեց 3 մասի, ու Սարի թաղից եկողը մեկ նպատակ ուներ՝ իջնել Խորենացի, որպեսզի ՊՊԾ գնդի զենքերը՝ Մակարով ատրճանակները, տրամադրվեին իրենց։ Մենք կանգնած էինք անբարենպաստ դիրքում՝ ներքեւում, քաղաքացիները վերեւում էին, տվեցինք ողջամիտ ժամկետ, կհիշեք՝ Զարուհի Փոստանջյանն էլ մոտեցավ քաղաքի վարչության պետին՝ Կարապետյանին, ու ասաց՝ 5 րոպե էլ ես եմ ավելացնում։ Երբ զեկուցեցին, որ ներքեւում ավտոմատի կրակահերթով ավտոմեքենան խոցված էր, ցուցում տրվեց՝ մարտավարական ոչ կոնտակտային ձեւն ընտրել, եւ հատուկ միջոցների օգտագործման ընթացքում, երբ հասանք նրան, որ բարելավեցինք մեր դիրքը եւ ուղիղ էինք կանգնած, հրաման տրվեց դադարեցնել հատուկ միջոցների կիրառումը։ Ինձ՝ որպես մասնագետի, հետաքրքրում է, թե ինչ նպատակի հասան հունիսի 12-ին: Եթե շղթան իջներ դեպի Բաղրամյան փողոցի անցագրային կետ, կասեինք՝ որպես օժանդակող միջոց են կիրառել, որ դա կանխեն, բայց մնացին էնպես, ինչպես կանգնած էին։ Հատուկ միջոցի կիրառումը պետք է նպատակ ունենա եւ լինի արդյունավետ։ Օրինակ, երբ Երեւանում տարածված էր բանկոմատների թալանը, ներկող հատուկ միջոց՝ «Սյուրպրիզ» կիրառվեց․ հանցագործը բացում էր բանկոմատը, հատուկ միջոցը պայթում էր, եւ գումարները ներկվում էին։ Դա կանխեց այդ գողությունների շարքը»,-ասում է նախկին փոխոստիկանապետը։ 

Սամվել Հովհաննիսյանն «աննախադեպ» բառով է բնութագրում Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում արձակված նռնակների քանակը։ «Հունիսի 12-ին վիրավորների թիվն աննախադեպ էր, օգտագործված հատուկ միջոցների քանակն էլ էր աննախադեպ։ Ես 1991-ից, երբ շարքային ոստիկան էի, դարձա սպա, ծառայության բլոկի աշխատող, Երեւանի վարչության հասարակական կարգի պահպանման տեսուչից մինչեւ ոստիկանության պետի տեղակալ, չեմ հանդիպել, որ նման քանակի հատուկ միջոց կիրառվի։ Թիվը շատ մեծ էր, չի եղել երբեւէ նման բան»,- տարակուսում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image