Այլ

Լեզվի քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքական լեզվանիություն. ռուսերենը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Լեզվի քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքական լեզվանիություն. ռուսերենը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Վերջին շրջանում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունների՝ Ռուսաստանի հետ կապված խոսույթը, պատկերավոր ասած՝ «քաղաքական լեզուն», հակառուսական տարրեր է բովանդակել, փորձեցինք որոշակի վերլուծություն կատարել եւ հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդումը՝ կրթական համակարգը դիտարկելով որպես ռազմավարական կարեւոր գործիք նույն համընդհանուր քաղաքականության համատեքստում: Չէ՞ որ երկրների փոխհարաբերությունները միայն իշխանական մակարդակում չեն եւ բխում ու արտացոլվում են երկկողմ մշակութային, հանրային ու հանրակրթական փոխառնչություններով: Զուգահեռաբար պարզել ենք ռուսերենի կրթության ներկայիս մակարդակն ու միտումները Ռուսաստանի հետ, հայտնի պատճառներով, ոչ հարթ հարաբերություններ ունեցող Վրաստանում, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեցող Ադրբեջանում:  

Ռուսական դպրոցները՝ Հայաստանում

2023 թ․ ապրիլին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Այն ժամանակ Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկացանք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է։ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կա՛մ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կա՛մ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե նրանց կրթության հավելյալ ապահովման կարիքը կա, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հայտնի է, որ Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում: Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան պարտադիր դասավանդվում է, սկսած 2-րդ դասարանից՝ հայտնել էին ԿԳՄՍՆ-ից:
Ըստ գերատեսչության, Երեւանում՝ 19, իսկ մարզերում 18 պետական դպրոցների դասարաններում ուսուցանվում է 02/*9ռուսերեն: Ոչ պետական դպրոցները մայրաքաղաքում երեքն են։ Մարզերում ռուսերեն ուսուցմամբ ոչ պետական դպրոցներ չկան։ Ընդհանուր առմամբ, Երեւանում առկա պետական եւ ոչ պետական դպրոցներում ռուսերեն ուսուցանվող աշակերտների թիվը 5 հազար 173 է, իսկ մարզերում՝ 1873:

Հայաստանում ամբողջությամբ ռուսական ծրագրով դասավանդվող ընդամենը մեկ պետական դպրոց կա, որտեղ աշակերտների թիվը 133-ն է: Այն Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցն է: Սա պետական դպրոց է, սակայն գործում է մարզային ենթակայության ներքո: Համայնքը ռուսական է, եւ այնտեղ ապրում են մեծ մասամբ ազգությամբ ռուսներ: Կա նաեւ մեկ ոչ պետական դպրոց՝ ամբողջությամբ միայն ռուսերեն ուսուցմամբ, որտեղ աշակերտների թիվը 279-ն է: Այն Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցն է: Հայաստանում կա նաեւ երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ-ի ենթակայության ներքո չեն․ դրանցից մեկը՝ Գյումրիում, մեկը՝ Քանաքեռում, իսկ մյուսը Արտաշատում է: Այս կրթական հաստատությունները ՌԴ ՊՆ ենթակայության տակ են եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին։

Ռուսական դպրոցները՝ Վրաստանում

Անցած տարվա տվյալներով, Վրաստանում կա 54 դպրոց, որտեղ հնարավոր է ուսուցումը ռուսերեն լեզվով: Ըստ jam-news-ի՝ դրանցից 11-ն ամբողջությամբ ռուսախոս է, ուսուցումն անցկացվում է վրացական եւ ռուսական հատվածներում: Այդ բոլոր դպրոցների մոտ կեսը գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում։ Վերջին ուսումնական տարում ռուսերենով սովորել է ավելի քան 16 հազար աշակերտ: Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության մեկնարկից եւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ Վրաստան ժամանելուց հետո սովորողների թիվն աճել է մոտավորապես 15%-ով։ Կան նաեւ մասնավոր դպրոցներ, որոնք հավատարմագրված չեն Վրաստանի կրթության նախարարության կողմից։

Ռուսական դասարանները՝ Ադրբեջանում

Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածում կա 12 հազար աշակերտական տեղ, որն ամբողջությամբ բավարարում է 10 հազարի պահանջարկը։ Այս մասին օրերս լրագրողներին հայտնել է նախադպրոցական եւ հանրակրթության պետական գործակալության տնօրեն Էշգի Բաղիրովը՝ փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ ադրբեջանական դպրոցների ռուսական հատվածում դասարանների թիվը կարող է ավելացվել, եթե նման անհրաժեշտություն առաջանա. «Միջին հաշվով, այսօր պահանջարկը բավարարված է, բայց եթե նոր ուսումնական տարում այն փոխվի, եւ եթե ուսուցիչների անհրաժեշտ քանակ լինի, ապա ռուսական հատվածում դասաժամերը կարող են ավելացվել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image