Մեկ-երկու ամիս առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը «հայտնաբերել» էր, որ ոչ թե կուսակցությունն է ձևակերպում իր գաղափարախոսությունը, այլ այն փոխ է առնում իր երկրի հասարակությունից: Ու քանի որ կուսակցություն հիմնադրելիս «իզմերից» խուսափելով՝ դրա նախաձեռնողը գաղափարախոսություն չէր ձևակերպել, շուրջ 10 տարի անց գտել էր այն ունենալու եղանակը: Հաշվի առնելով, որ վարչապետության 7-րդ տարում նրա կուսակցության վարկանիշն ինչ-որ չափով պահպանվում է իր անդամների և միայն ժեխահանրության շրջանում, գաղափարախոսությունն էլ պետք է ծագեր այնտեղից: Ու այն ձևակերպվեց այդ հանրության մտածողությանը համապատասխան՝ ընդունվեց լավ ապրելու գաղափարը՝ անկախ ամեն ինչից: Անկախ անհատական ու ազգային արժանապատվության կորստից: Անկախ հայրենիքի մի մասի՝ Արցախի կորստից: Անկախ ՀՀ տարածքների կորստից: Անկախ Հայաստանին սպանացող վտանգների առկայությունից:
Կարծում եմ, որ լավ ապրելու բաղադրիչներից մեկն այս հոդվածին առնչվող լուսանկարն է: Ինչպես տեսնում եք, աղբամանների տարածքում տիրում է խիստ «հիգիենիկ» վիճակ: Այնպես չէ, որ նախկինների օրոք ավելի լավ էր: Բայց եթե ամեն ինչ մնացել է նույնը՝ ինչո՞ւ էինք մերժում Սերժին: Հա, հասկացա. մերժեցինք, որպեսզի սկզբում հայտարարենք, որ Արցախը Հայաստան է: Իսկ այնուհետև «ազատվենք» այդ Հայաստանից, քանի որ այն «բեռ» էր այս Հայաստանի համար: «Ազատվելն ազատվեցինք», սակայն աղբի առումով տիրում է նույն վիճակը, ինչ Սերժի օրոք էր: Չէ, այնուամենայնիվ, աղբի առումով մենք դարձանք ինքնիշխան: Սերժի ժամանակ, չգիտես ինչու, միջազգային մրցույթ էր հայտարարվել ու ինչ-որ տեղից եկած «Սանիտեքն» էր զբաղվում աղբ հավաքելով ու սանմաքրությամբ: Իսկ հիմա՝ հարազատ քաղաքապետարանն է զբաղվում այդ հարցերով: Չէ, ոչ թե հենց քաղաքապետարանը, այլ նրա կողմից հիմնադրված ինչ-որ ընկերություն, որի անվանումը չենք էլ իմանում:
Ի դեպ, դեմ չեմ չիմանալուն, բայց միայն այն դեպքում, եթե վերը դրված լուսանկարում այլ պատկեր լիներ: Ասում են՝ երկրներ կան, որտեղ մարդիկ կարող է նույնիսկ չիմանան, թե ով է իրենց երկրի վարչապետը: Բայց եթե վիճակն այնպիսին է, ինչպիսին լուսանկարում է, ապա չիմանալը սխալ է: Եվ ոչ միայն սխալ, այլև մեղք, քանի որ չես իմանում, թե ում հասցեագրես քո հայհոյանքը՝ թեկուզ մտովի: Որովհետև Սերժին մերժելիս մենք մտածում էինք, որ մերժում ենք այն ամեն բացասականը, որ առկա է մեր հայրենիքում: Եվ ձեռք ենք բերելու բոլոր հարցերում դրականը, և նույնիսկ՝ ագորան, որի մասին չէինք էլ երազում: Էլ չասած, որ հասարակության մեծ մասն այդ անվանումն առաջին անգամ լսեց հենց ժամանակին «դուխով» ներկայացած անձից: Ինչևէ, այդ դրականի մեջ, մեր պատկերացումներով, ներառված էր նաև լավ ապրելը: Բայց այն պետք է կյանքի կոչվեր ոչ թե էական ինչ-ինչ արժեքների հաշվին, այլ ի լրացում արդեն եղածին:
Բայց քանի որ անելուց առաջ չմտածելը հանգեցնում է խնդիրների՝ դրանք հայտնվեցին ոչ միայն անհատական, այլև հանրային մակարդակում: Ու վերը նշված անձի վարչապետության յոթերորդ տարում դեռևս չենք կարողանում դուրս գալ անդունդից: Հուսով եմ, որ յոթերորդ տարին կլինի վերջինն այդ հարցում: