«Խիստ մտահոգված եւ անհանգստացած ենք Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով եւ անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»: Նիկոլ Փաշինյանի՝ Լիբանանի իր գործընկեր Նաջիբ Միկաթիին նոյեմբերի 22-ի՝ Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասված այս միտքը կարելի է «ուշագրավ» համարել մի քանի պատճառներով: Եվ, առհասարակ, որպես այդպիսին, ինքնին բացառիկ է ՀՀ վարչապետի ուղերձի փաստը:
Բայց նախ առանձնացնենք Հայաստանի ղեկավարի շնորհավորական նամակում շարադրված մի քանի դրվագ եւս. «Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը եւ փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Խիստ մտահոգված եւ անհանգստացած ենք Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով եւ անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը եւ գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում: Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ եւ կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու եւ երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»:
Հայության, հատկապես՝ լիբանանահայերի շրջանում վերջերս արդարացի մտահոգություններ են հնչում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները տարօրինակ դիվանագիտական «լռություն» են պահպանում բարեկամ Լիբանանում շարունակվող պատերազմական գործողությունների հարցում:
«Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունն աջակցության, առավել եւս դատապարտման որեւէ հայտարարություն չի արել Լիբանանում` բարեկամ երկրում տեղի ունեցող մարդասիրական եւ աշխարհաքաղաքական աղետի առնչությամբ, չէ՞ որ Լիբանանը երկրորդ հայրենիք է բազմաթիվ հայերի համար, որոնց նախնիները, ցեղասպանությունից մազապուրծ, ապաստան են գտել այդ երկրում: Հայկական դիվանագիտությունը տարօրինակ լռություն է պահպանում, մինչդեռ 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո այն շտապել էր մարդասիրական օգնություն ուղարկել լիբանանցի եղբայրական ժողովրդին: Աններելի այս լռությունը վշտացնում է «մայրիների» երկրի հայերին, որոնք չափազանց արժանապատիվ են եւ զուսպ՝ իրենց զայրույթն արտահայտելու հայրենիքի նկատմամբ, որի համար զոհվել են Արցախի ռազմաճակատում»,- նկատում է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, վերլուծաբան Տիգրան Յեգավյանը:
Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, ՀՀ իշխանությունների լռությունն արդարացված չէ մի փուլում, «երբ Երեւանը հետապնդում է իր խաղաղության օրակարգը Թուրքիայի հետ եւ ցավակցություն է հայտնում նրան` մերթ 2023 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ, մերթ Քրդական աշխատավորական կուսակցության խմբավորման իրականացրած ահաբեկչության ժամանակ»:
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնական Բեյրութն աջակցեց Հայաստանին բոլոր բազմակողմ հարթակներում, որոնց անդամակցում է` լինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Արաբական պետությունների լիգայում, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում, որտեղ Հայաստանն ավելի քան մեկուսացված է:
Բացառված չէ, որ ՀՀ ղեկավարության լռությունը Լիբանանի հարցում պայմանավորված է հենց Բաքվի եւ Անկարայի հետ իր «խաղաղասիրական», իրականում՝ խաղաղություն մուրալու անշեղ ծրագրով: Այս համատեքստում տեղին է նկատել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան, չբավարարվելով Արցախում ցեղասպան ծրագրի իրականացմամբ, շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին՝ Երեւանից պահանջելով հրաժարվել այն ամենից, ինչը կապ էր ստեղծում սփյուռքի եւ ընդհանրապես հայկական աշխարհի հետ` 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքից, երկու սկզբունքներ, որոնք ճանաչված եւ արձանագրված են 1990 թվականի Անկախության հռչակագրում:
Իսկ սրանք, անկասկած, վերջին խորհրդանշական կամուրջներն են, որոնք կարող են քանդվել կենսազուրկ պետության սահմանադրության վերաձեւակերպման արդյունքում` ազգային վերելքի բացակայության պայմաններում, միաժամանակ սփյուռքի կենսունակ ուժերին զրկելով ազգային անվտանգության օրակարգում ներառվելուց:
Փորձագետների կարծիքով, այն պայմաններում, երբ Իսրայելն իր կործանարար ուժն է տարածում Գազայից մինչեւ Թեհրան, Բեյրութ ու Դամասկոս, Լիբանանին աջակցելու մասին հայտարարությունը, որքան էլ ցանկալի կամ օգտակար լինի, կարող է մեկնաբանվել որպես սադրանք, հրավեր՝ ռմբակոծելու հայկական բնակավայրերը Լիբանանում` Բուրջ Համուդն ու Այնճարը:
Ամեն ինչում անկանխատեսելի Փաշինյանի հերթական անկանխատեսելի քայլը՝ Լիբանանին հասցեագրված ուղերձի տեսքով, որոշակի հարցեր, իրապես, ծնում է: Կա՛մ Հայաստանն ընտրում է արժանապատիվ գոյակցության, միջազգային փոխհարաբերությունների ինքնիրավ ու արդարացի ուղին, կա՛մ դառնում է մանրադրամ խոշոր խաղացողների եւ, որ ամենացավալին կարող է լինել՝ Բաքու-Անկարա տանդեմի մեծ ու հայակործան առեւտրում: