Քաղաքականություն

Կարո՞ղ է հիմա էլ պատժեք Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին

Կարո՞ղ է հիմա էլ պատժեք Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58, կողմ` 26, ձեռնպահ` 2 պատգամավոր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին, երբ ԱԺ-ում ներկայացվում էր նախագիծը,  խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներ՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչեւ 4 տարի ժամկետով: Ավելի վաղ` մայիսի 22-ին, ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Գործադիրի «հակափաստարկն» այն էր, որ նման փոփոխությունները նպատակահարմար չեն համարում: Իսկ մենք հրաշալի գիտենք ոչ թե կառավարության, այլ «կառավարությունը ես եմ» ասող Փաշինյանի եւ նրա ՔՊ-ի նպատակահարմարությունները որոնք են:

Իսկ հոկտեմբերի 1-ի քվեար­կությունից առաջ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։ Հարակից զեկուցող, իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգման է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ Քրօր․ 136-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը։ Եվ կոչ արեց՝ դեմ քվեարկել նախագծին:

Արձանագրելով հանդերձ հերթական ապազգային որոշման փաստը՝ ցավով նշենք, որ ՔՊ-ական ուղիղ հակազդեցությամբ կայացված որոշումը մեզ համար անակնկալ չէր: Դրան հաջորդել էին ոչ միայն ընթացակարգային «նպաստավոր» պայմաններ, այլեւ այս ամենն ամբողջապես արտացոլում է իշխանությունների քաղաքական, բայց, առաջին հերթին, «բարոյական» էությունը:

Ընկեր Փանջունի-Փաշինյաններ, այդպես լավ չէ, դուք քրեականացրեք, պատժեք Հայոց ցեղասպանությունն ընդունողներին, ճանաչողներին՝ հայերից սկսած, վերջացրած օտարերկրացիներով, հանրահայտ գործիչներով, աշխարհի առաջադեմ երկրների կառավարություններով, օրենսդիր մարմիններով, հեղինակավոր կառույցներով: Չէ՞ որ դուք սիրում եք ամեն ինչում օրիգինալ լինել, ամեն ինչ սկսել ձեր սեփական՝ զրոյական կետից, որը ողբերգական օրինաչափությամբ աղետաբեր ու ցավոտ վերջակետ է դառնում: Երբ Փաշինյանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, վիճարկում հայոց մեծ ողբերգության ստուգաբանական հենքերն ու հիմքերը, երբ ՀՀ իշխանությունների օրակարգում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց չկա, Արարատի պատկերն է հանվում սահմանային կնիքներից, Արարատը համարվում է «թուրքական»` տխեղծ հակադրության մեջ դրվելով Արագածի հետ, առավել նպատակահարմար են համարում Անկարայի հետ մերձեցումն ու քաղաքական «սիրախաղերը», սա անակնկալ չէ: Սա տխուր կինոյի հերթական դրվագներից մեկն է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image