Հարցազրույց

«Հրապարակ». Շատ երկրներ ուշադիր ուսումնասիրեցին ձեր պատերազմը եւ դասեր քաղեցին

«Հրապարակ». Շատ երկրներ ուշադիր ուսումնասիրեցին ձեր պատերազմը եւ դասեր քաղեցին

«Հրապարակի» զրուցակիցն է ՆԱՏՕ-ի ռազմական ինստրուկտոր Էֆտիմիս Տուրտիդիսը։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախյան հակամարտությունն այլեւս փակված է, ավարտված է, եւ խաղաղությունը փաստ է։ Հայ-ադրբեջանական հակամարտությունն իսկապե՞ս ավարտված է։

- Իմ մասնագիտական տեսանկյունից չեմ կարող ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտված է։ Միգուցե պատերազմը կանգնեցված է այս պահի դրությամբ, բայց դա չի նշանակում, որ հակամարտության պատճառն անհետացել է։ Հարավային Կովկասը միշտ անկայուն է եղել, եւ Հայաստանում էլ իրերի դրությունը կարող է փոխվել շատ արագ։ Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանը պետք է շատ ուշադիր, զգույշ լինի եւ պատրաստված։ Եվ սա ամենեւին պատերազմ ցանկանալու մասին չէ, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Ընդհակառակը՝ դա այս տարածաշրջանի իրականությունը գիտակցելու եւ կեղծ խաղաղության զգացողություն չստեղծելու մասին է։ Երկիրը, պետությունը պետք է միշտ պատրաստ լինեն պաշտպանել իր մարդկանց ու իր սահմանները։ Ուժեղ պաշտպանությունը, ռազմական պատրաստվածությունը, մարզումներն ու ազգային միասնականությունը նաեւ այսօր շատ մեծ նշանակություն ու կարեւորություն ունեն։ Ես հավատում եմ, որ խաղաղություն հնարավոր է, սակայն խաղաղությունը պաշտպանում են ուժի, պատրաստվածության եւ լուրջ ռազմավարական մտածողությամբ, ոչ թե քաղաքական հայտարարություններով։ Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, սակայն նաեւ պետք է իրատես լինենք տարածաշրջանի անվտանգային իրավիճակների հետ կապված։ Պատրաստվածությունն ագրեսիա չէ․ մեծագույն սխալը, որ կարող է անել ժողովուրդը՝ ժամանակավոր հանգստությունը մշտական խաղաղության հետ շփոթելն է։

- Հնարավո՞ր է խաղաղություն ապահովել խաղաղության պայմանագրի կամ որեւէ այլ ստորագրված փաստաթղթի միջոցով։

- Խաղաղության պայմանագիրը կարեւոր է, բայց չեմ կարծում, թե միայն փաստաթուղթը կարող է երաշխավորել խաղաղություն։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել ստորագրված փաստաթղթերով ձեռք բերված համաձայնությունների, սակայն խնդիրները շարունակել են մնալ։ Իրական խաղաղությունը ժամանակ է ուզում։ Դա պահանջում է վստահություն, կայունություն եւ լրջագույն ջանքեր երկու կողմից էլ։ Հայաստանի դեպքում սա նշանակում է, որ մենք պետք է աջակցենք դիվանագիտական բլոկին, բայց միեւնույն ժամանակ լինել պատրաստված եւ զգուշավոր։ Անվտանգությունը չի կարող հիմնված լինել միայն թղթի վրա գրված բառերի վրա ՝ փաստաթուղթը կարող է ստորագրվել մեկ օրվա ընթացքում, իրական խաղաղությունը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում։ Դրա համար էլ պատրաստվածությունը բանալի բառն է՝ այս պարագայում։

- Ինչպե՞ս կարող է Հայաստանն ապահովել եւ պահպանել իր խաղաղությունը։ Որո՞նք են հիմնական ուղիները։

- Իմ կարծիքով, Հայաստանը կարող է պաշտպանել ու պահպանել խաղաղությունը՝ լինելով իրատես եւ պատրաստված։ Դիվանագիտությունը կարեւոր է, սակայն անվտանգությունն ամենակարեւորն է այս պարագայում։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր պաշտպանողական համակարգերը, սահմանային անվտանգությունը եւ ռազմական պատրաստվածությունը։ Այս տարածաշրջանում որեւէ պետություն չի կարող իրեն թույլ տալ չափազանց հանգիստ լինելու շռայլություն։ Ազգային միասնականությունը եւս կարեւոր է։ Երբ հասարակությունն ուժեղ է եւ կայուն, պետությունն էլ է ուժեղանում, որպես կանոն։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է շարունակի կառուցել միջազգային հարաբերություններ եւ դիալոգ, սակայն առանց անտեսելու հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները։ Խաղաղությունը հեշտ է պահել, երբ երկիրը պատրաստ է ինքն իրեն պաշտպանել։ Երկիրը խաղաղությունը պահում է ոչ միայն խոսքերով, այլ նաեւ կայունությամբ ու պատրաստվածությամբ։

- Հիմա ի՞նչ պատերազմներ են մղվում, զինված ուժերում համակարգային ի՞նչ փոփոխություններ է պետք անել։

- Պատերազմներն այսօր նման չեն անցյալի պատերազմներին։ Տեխնոլոգիաները փոխել են ամեն ինչ։ Հիմա մենք տեսնում ենք դրոններ, կիբեռհարձակումներ, պատերազմի էլեկտրոնիկ գործիքներ եւ տեղեկատվական օպերացիաներ, որոնք կիրառվում են միաժամանակ` զինված ուժերի հետ։ Հակամարտությունը կամ կոնֆլիկտը կարող է սկսվել սկզբում առանց մեծաթիվ բանակների շարժի, երբեմն տեխնոլոգիաների միջոցով, մեդիայի եւ ենթակառուցվածքների վրա գրոհներով։ Հենց այս պատճառով էլ ԶՈՒ-ները պետք է հարմարվեն այս նոր փոփոխություններին։ Արագությունը, ինտելեկտը, ճկունությունն այսօր ավելի կարեւոր են, քան երբեւէ։ Բանակները պետք է սովորեն արագ արձագանքել եւ աշխատել ժամանակակից պայմաններում։ Մարզումներն էլ են փոխվում։ Զինվորներն այսօր պետք է հասկանան նոր տեխնոլոգիաների բնույթն ու մարտահրավերների նոր տեսակները, ոչ թե տիրապետեն միայն ավանդական կռվի առանձնահատկություններին։ Ժամանակակից պատերազմներն ավելի համակարգային ու բազմաբնույթ են, եւ պետությունները պետք է պատրաստվեն հենց այդ իրականությանը։ Պատերազմի դաշտն այսօր ոչ միայն հատակին է՝ գետնի վրա, դա նաեւ թվային է, տեխնոլոգիական եւ հոգեբանական։

- Այժմ զինված ուժերում սկսել են օգտագործել արհեստական բանականությունը։ Ճի՞շտ է արհեստական բանականությանը դոմինանտ դեր տալը։

- Արհեստական բանականությունը կարող է օգնել զինվորականությանը բազմաթիվ հարցերում։ Այն կարող է մշակել տեղեկատվությունն ավելի արագ, լավացնել վերահսկողությունը եւ օգնել բանակին՝ արձագանքել արագ։ Սակայն չեմ կարծում, թե ռազմական գործում ամբողջությամբ արհեստական բանականության վրա հենվելն անվտանգ է։ Ի վերջո, պատերազմն ու անվտանգությունը մարդկային կյանքերի հետ են առնչվում։ Կարեւորագույն որոշումները պետք է կայացվեն մարդկանց կողմից ու նրանց վերահսկողությամբ։ Տեխնոլոգիաները կարող են սխալներ թույլ տալ, համակարգը կարող է տապալվել, ձախողվել, տեղեկատվությունը կարող է մանիպուլացվել։ Արհեստական բանականության կարեւորությունն ի վերջո ապագայում կաճի, սակայն ես հավատում եմ, որ այն պետք է աջակցի ռազմական անձնակազմին, ոչ թե փոխարինի նրան։ Տեխնոլոգիան կարեւոր է, սակայն պատասխանատվությունը պետք է մնա մարդկանց դաշտում։

- Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը՝ հայկական զինուժը նոր մակարդակի բարձրացնելու համար։

- Կառավարությունը պետք է շարունակի կատարելագործել զինված ուժերը եւ պատրաստել դրանք ժամանակակից մարտահրավերներին։ Այսօրվա պատերազմները փոխվում են, ուստի բանակը նույնպես պետք է փոխվի։ Ավելի լավ պատրաստվածությունը, ժամանակակից սարքավորումները, անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանությունը եւ ավելի ուժեղ կազմակերպվածությունը՝ այս ամենը կարեւոր է։ Միեւնույն ժամանակ, զինվորներին անհրաժեշտ է աջակցություն, կարգապահություն եւ լավ ղեկավարություն։ Հզոր բանակը կառուցվում է քայլ առ քայլ՝ նախապատրաստական եւ լուրջ աշխատանքի միջոցով։ Բանակը պետք է պատրաստվի վաղվա սպառնալիքներին, այլ ոչ թե երեկվա պատերազմներին։

- Հայաստանին հարեւան երկրների կողմից ռազմական սպառնալիքի վտանգ կա՞։

- Կարծում եմ՝ Հայաստանը դեռեւս մտահոգություններ ունի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ։ Հարավային Կովկասում իրավիճակը դեռեւս զգայուն է, եւ այդ պատճառով երկիրը պետք է զգույշ լինի։ Սա չի նշանակում, որ անպայման հակամարտություն կլինի, բայց Հայաստանը չի կարող անտեսել հնարավոր ռիսկերը։ Յուրաքանչյուր երկիր պետք է մտածի իր անվտանգության մասին եւ պատրաստ լինի։ Հատկապես այս տարածաշրջանում կայունությունը երբեք չպետք է ինքնըստինքյան ընդունվի։ Զգույշ լինելը վախ չէ, այն պատասխանատվություն է։

- 2020-ի պատերազմում Հայաստանը ռազմական գիտության տեսանկյունի՞ց պարտվեց: Ադրբեջանը կարողացա՞վ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները։

- Ռազմական տեսանկյունից Հայաստանը պարտվեց 2020-ի պատերազմում, Ադրբեջանը կարողացավ հակամարտության ընթացքում հասնել իր նպատակներից շատերին: Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից պատերազմը շատ է փոխվել: Անօդաչու թռչող սարքերը, տեխնոլոգիաները, հետախուզությունը եւ համակարգումը մեծ ազդեցություն ունեցան մարտադաշտում: Հայաստանի համար պատերազմը նաեւ դաս էր: Այն ցույց տվեց, թե որտեղ են անհրաժեշտ բարելավումներ` մարզումների, նախապատրաստման, կազմակերպման եւ արդիականացման մեջ: Շատ երկրներ ուշադիր ուսումնասիրեցին այդ պատերազմը, քանի որ այն ցույց տվեց, թե ինչպես են այսօր ընթանում ժամանակակից հակամարտությունները: 2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են շատ արագ փոխել հավասարակշռությունը մարտադաշտում:

- Պատերազմը, ըստ Ձեզ, ավարտվե՞լ է Հայաստանի համար։

- Կռիվները դադարել են, բայց տարածաշրջանում խնդիրներ դեռեւս կան։ Իհարկե, մարդիկ խաղաղություն են ուզում։ Ոչ ոք չի ուզում եւս մեկ պատերազմ։ Բայց Հայաստանը դեռ պետք է զգույշ եւ պատրաստ մնա, քանի որ ապագան մնում է անորոշ։ Այժմ այն ավելի շատ նման է դադարի, քան վերջնական ավարտի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image