Հասարակություն

Կլաուդիա Կարդինալե. La dea dellamore

Կլաուդիա Կարդինալե. La dea dellamore

Այսօր՝ 2025թ․ սեպտեմբերի 30-ին Փարիզի Saint-Roch եկեղեցում հարազատները, գործընկերները, երկրպագուները, կինոաշխարհը վերջին հրաժեշտն են տալիս կինոյի պատմության մեջ երբեւէ եղած ամենագեղեցիկ կանանցից մեկին, ով նաեւ մեծ դերասանուհի էր՝ Կլաուդիա Կարդինալեին։ Անգլիացիներն ասում են “The beauty lies in lover's eyes»։ Թարգմանաբար՝ «Գեղեցկությունը երեւում է սիրահարի աչքերին»։ Դա ճշմարտություն է ու նաեւ բացատրություն, թե ինչպես է պատահում, որ շոու-բիզնեսի անվերջ թվով ներկայացուցիչների մասին (նույնիսկ համարյա դեգեներատների) ոմանք գեղեցիկ բառն են հոլովում: Եթե նրանց կոչես գեղեցիկ, ապա ո՞վ կմնա ոչ գեղեցիկ․․․ Եվ այդ դեպքում, դիցուք Իզաբել Աջանիի, Մոնիկա Բելուչիի, Կլաուդիա Կարդինալեի, Քաթրին Դենյովի, Հեդի Լամարի՝ կերպարվեստի գործերից ավելի կատարյալ արտաքինը ի՞նչ ածականով պիտի բնութագրվի։ 

Սակայն «գեղեցիկ» բառը որքան էլ չարաշահվել եւ իմաստազրկվել է հոլիվուդյան դատարկախոսությամբ եւ դրանից գեներացված մեդիա աղմուկով, միեւնույնն է կինոյի պատմության մեջ հազվադեպ, բայց եղել են իսկապես գեղեցիկ կանայք, եւ Կլաուդիա Կարդինալեն նրանցից մեկն է։ «Ինձ գեղեցիկ լինել սովորեցրել է Լուկինո Վիսկոնտին»-, ինչ-որ անգամ ասել է Կարդինալեն՝ անդրադառնալով Վիսկոնտիի հետ իր աշխատանքին՝ «Լեոպարդ» ֆիլմում։ Կարդինալեի մարմնավորած Անժելիկան «Լեոպարդում», անշուշտ, գեղեցկության, նույնիսկ՝ ազնվազարմ գեղեցկության մանիֆեստացիա է։ Պատահական չէ, որ գեղեցկություն կերտելու իր կարողությամբ կինեմատեգրաֆում մրցակից չունեցող Վիսկոնտին հենց Կարդինալեին է ընտրել Անժելիկա Սեդարայի դերի համար։ 

Այդ ժամանակ Կարդինալեն դեռ հանրահայտ դերասանուհի չէր, իր ամենանշանակալից դերակատարումները մինչ այդ երեւի խաղացած փոքր դերերն էին Big Deal on Madonna Street կրիմինալ կատակերգությունում, եւ Վիսկոնտիի «Ռոկկոն եւ իր եղբայրները» ֆիլմում։ Փոխարենը նույն այդ ժամանակ կային տասնյակ դերասանուհիներ՝ Սոֆիա Լորենից ու Ջինա Լոլոբրիջիտայից մինչեւ Մերիլին Մոնրո, Ռիտա Հեյվորֆ, Էլիզաբեթ Թեյլոր եւ այլն, նույնիսկ Ավա Գարդներ, որոնց կոչում էին գեղեցիկ, բայց նրանց «գեղեցկության» բացատրությունը էկրանին մարմնավորած սեքսուալությունն էր։ Սեքսուալ գրավչությունը այդ դերասանուհիներին իհարկե բերել էր ճանաչում, տղամարդիկ նրանց դիտելիս երեւակայությանն էին ազատություն տալիս, կանայք ձգտում էին նմանվել, պրոդյուսերները գոհ էին կյանքից, որ այդ ամենը իրենց բերում է հանդիսատես եւ գումարներ, բայց ողջ այդ աժիոտաժում գեղեցկությունը առաջնային չէր, եթե առհասարակ տեղ ուներ։ 

Եվ պատահական չէ, որ Լուկինո Վիսկոնտին իր ֆիլմի համար ընտրել է ոչ թե տասնյակ սեքս-խորհրդանիշներից մեկին, այլ իրոք դիմագծերի, մարմնաձեւերի, կեցվածքի գեղեցկությամբ օժտված Կլաուդիա Կարդինալեին, որից հնարավոր էր ստանալ արվեստի բարձրության վրա կանգնած գեղեցկություն։ Կարդինալեն ուներ նախադրյալները, որ թույլ տվեցին Վիսկոնտիին նրան կատարելագործել ու կայացնել «Լեոպարդում» իբրեւ գեղեկության մանիֆեստ։ 

Առհասարակ Կարդինալեն նկատվել եւ կինեմատոգրաֆիայի աշխարհ է հրավիրվել իր արտաքին գեղեցկության համար՝ փոքր հասակում, ընդամենը 16-17 տարեկանում։ Նա ծնվել եւ մեծացել է Թունիսում, իր խոսակցական լեզուն եղել է ֆրանսերենը չնայած ծնողները երկուսն էլ իտալացիներ էին։ Դպրոցի վերջին դասարանում մասնակցել է մի գեղեցկության մրցույթի՝ Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի աղջիկը խորագրով եւ հաղթել է։ Որպես հաղթնակի մրցանակային պարգեւ 10-օրյա ուղեւորության է մեկնել Վենետիկ։ Այդտեղից էլ գեղեցիկ արտաքինի համար Կարդինալեին հրավիրում են ինչ-որ արտիստական դասընթացների, թեեւ  իտալերեն ոչ մի բառ չէր խոսում։ Բայց անձնական հանգամանքների բերումով այդ դասընթացներն էլ կիսատ է թողնում (Իտալիայում Կարդինալեն անսպասելի պարզում է, որ Թունիսում ունեցած մի սիրային արկածից ինքը երեխայի է սպասում, առաջին մտահոգությունը լինում է այն, որ երեխայի ծնունդը թաքցնի, երեխան ծնվում է Լոնդոնում, Կլաուդիան նրան ուղարկում է ծնողների մոտ, Թունիս, եւ նա մեծանում է իբրեւ Կլաուդիայի եղբայրը, հետո լրագրողներն են փորփրում եւ պարզում, որ իրականում երեխան Կլաուդիայի որդին է) եւ ուղիղ նկարահանումների պայմանագիր է կնքում իտալական մի կինոընկերության հետ, որի տնօրենը սիրահարվել էր Կլադուդիային․ հենց նա է օգնում, որ Կլաուդիան մեկնի Լոնդոն, փոքրիկը այնտեղ ծնվի, տեղափոխվի Թունիս։ Արդյունքում հանգամանքների բերումով Կլաուդիան առանց մի պատրաստվածության, առանց մասնագիտական կրթվածության է մուտք գործել կինոաշխարհ՝ հիմնականում իր գեղեցկության համար։ Այնուհետ, օգնել է նաեւ այն կինոընկերության տնօրենը, որի հետ Կլաուդիան պայմանագիր էր կնքել, իրենք նաեւ սիրային կապ են ունեցել, միասին ապրել են մոտ երկու տասնամյակ, Հոլիվուդում նույնիսկ հարսանյաց հանդես են տոնել, բայց պաշտոնական ամուսնություն Իտալիայում չի գրանցվել։ Կարդինալեն չի ցանկացել ամուսնություն պաշտոնականացնել, որ երեխայի հանդեպ իր իրավունքերը նաեւ ամուսնուն չանցնեն։ 

Այդպիսով կարելի է ասել, առաջին եւ որոշիչ հանգամանքը Կարդինալեի թե´ ողջ կյանքում, թե´ արտիստական կարիերայում եղել է իր գեղեցկությունը։ Բառերը, որ Կլաուդիա Կարդինալեի մասին ասել է Իտալիայի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկը՝ Ալբերտո Մորավիան La dea dell'amore (թարգմանաբար՝ Սիրո աստվածուհի) դատարկ հնչյուն չեն։ Ընդսմին, ինչ-որ բարեբախտությամբ Կադինալեն իր գեղեցկությունն ու հմայքը պահպանել է մինչեւ խոր ծերություն։ Նա ընդամենը 25 տարեկան է 1963-ին նկարահանված «Լեոպարդը» ֆիլմում, որտեղ իր գեղեցկությամբ գրեթե ստվերում է Ալեն Դելոնին եւ 77 տարեկան է կես դար անց՝ 2015-ին նկարված «Բոլոր ուղիները տանում են Հռոմ» ֆիլմում, որտեղ նույն հաջությամբ գրեթե ստվերում է Ռաուլ Բովային։ Այնպես որ Մորավիան ճիշտ է՝ հավերժական մի երանգ կա Կարդինալեի հմայիչ դիմագծերի, ժպիտի ու գեղեցկության մեջ։

Իսկ Հայաստանում ովքեր նույնիսկ չեն տեսել Վիսկոնտիի «Լեոպարդը», Ֆելլինիի «Ութ եւ կեսը» Սերջիո Լեոնեի «Մի անգամ Արեւմուտքում» ֆիլմերը կամ ուրիշ մի ֆիլմ Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ, վստահաբար տեսել են գոնե Անրի Վեռնոյի հրաշալի «Մայրիկ» ֆիլմը, եւ Կարդինալեին ճանաչում են մայրիկի ջերմ ու անմոռանալի դերակատարումից։ Եվ հիմա, երբ Կարդինալեն հեռացել է կյանքից, այսօր նաեւ իր աճյունն է հեռանում աշխարհից, Ստենդալին ընդօրինակելով Կարդինալեի մասին կարելի է ասել․ «Ծնվել է, ապրել է, եղել է գեղեցիկ, մարմնավորել է գեղեցկություն»։ Իսկ գեղեցկությունը արժանի է հիացմունքի եւ մեծարանքի՝ բոլոր ժամանկներում։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image