Երբ օրեր առաջ համացանցում աղմուկ բարձրացավ, թե ԴԱՀԿ-ն կանացի ներքնազգեստներ՝ «տրուսիկներ» է հանել աճուրդի՝ ոմանք կատակեցին, թե կարելի է ասել, որ կյանքում արդեն ամեն ինչ տեսել ենք ու այլեւս զարմանալու առիթ չկա։ Սակայն երեկվանից Գյումրու քաղաքապետի արած սենսացիոն հայտարարությունը՝ «թափառող շներին դեմքով ճանաչելու մասին», փաստորեն ապացուցեց, որ չէ, այս կյանքում դեռ զարմանալու առիթներ շատ ենք ունենալու, ու ամեն բացվող օրվա հետ հայաստանյան «աբսուրդի թատրոն» հիշեցնող իրականությունում նորանոր «բարձունքներ են նվաճվում»։ Թեեւ նմանատիպ լուրերին փորձում ենք հումորով վերաբերվել, սակայն իրականում հասարակությունը Հայաստանում ոչ թե ինքնության ճգնաժամի մեջ է, կարծես թե, այլ արդեն «անթրոպոլոգիական ճգնաժամի» փուլ է թեւակոխել։
Այո, մարդաբանական կամ անթրոպոլոգիական ճգնաժամում պիտի լինի մարդ, որ աճուրդի հանի կանացի ներքնազգեստ այն էլ ԴԱՀԿ համակարգով ու այդ մասին հայտարարություն հրապարակի պաշտոնական կայքով, կամ պետք է «անթրոպոլոգիական ճգնաժամում» լինես, որ հայտարարես, որ քո բնակավայրի թափառող շներին դեմքով ճանաչում ես։ Ու այս դեպքում արդարացում չի կարող լինել նույնիսկ սիրված արդարացումը, թե հայտարարությունը կոնտեքստից կտրված կամ նենգափոխված է ներկայացվել։ Արդարացում չէ՝ այն իմաստով, որ մարդը, երբ հասնում է որեւէ պաշտոնի կամ աշխատանքի է անցնում պետական համակարգում գոնե նվազագույն գրագիտության, սեփական գրավոր եւ բանավոր խոսքի կառուցման տարրական հմտությունների պետք է տիրապետի, որպեսզի նման կուրիոզային վիճակներում չհայտնվի։ Կամ պետք է այնքան պատասխանատվություն ունենա, որ իր գործողություններով չվարկաբեկի առանց այն էլ ոչ այնքան մեծ հարգանք վայելող պետական գերատեսչությունը։ Ու դեռ ինչեր կարող է լսենք, ու ինչերի ականատես կարող է լինենք, միայն Աստծուն է հայտնի, որովհետեւ կարծես թե սա դեգրադացիայի վերջնակետը չի։