Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը շարունակում է լռել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի կանոնակարգի հիմքում ընկած սկզբունքների վերաբերյալ, որի վրա, ըստ պաշտոնական մեկնաբանության, կողմերն աշխատում են։
Դեռ հուլիսի 16-ին «Հրապարակ»-ը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ գրավոր հարցում էր ուղարկել` հետաքրքրվելով, թե ի՞նչ փուլում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի մշակման աշխատանքները, որոնք նախապես սահմանված ժամկետում, այսինքն, մինչեւ հուլիսի 1-ը չէր հաջողվել համաձայնեցնել և ընդունել։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին փոխվարչապետի գրասենյակը հայտարարեց, թե կողմերը միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ:
Թե ի՞նչ ուղղությամբ են ընթանում քննարկումները և ինչ սկզբունքների հիման վրա, Գրիգորյանի գրասենյակը լռում է։ Մեզ ուղարկված պատասխանում փոխվարչապետ գրասենյակը ստանդարտ տեքստ է գրել.
«Ինչպես նշվում է, հունիսի 1-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով, և նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը։ Միաժամանակ հայտնում ենք, ոչ երկու երկրների հանձնաժողովների հանդիպումների և աշխատանքների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն կողմերը մեկնաբանություններ չեն տալիս»։
Հիշեցնենք, որ այս օրերին իշխանությունը, այդ թվում, Մհեր Գրիգորյանը ամառային հանգիստն են վայելում։ Գրիգորյանը կհանգստանա հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը։