Քաղաքականություն

Մակունցն օգտագործեց պահն ու թռավ, իսկ Ամերիկային անգլերենի ուսուցիչներ պե՞տք են

Մակունցն օգտագործեց պահն ու թռավ, իսկ Ամերիկային անգլերենի ուսուցիչներ պե՞տք են

Անգլերենի մասնագետ, Փաշինյանի նախկին «ռեպետիտոր» Լիլիթ Մակունցի նշանակումն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում՝ չորս տարի ժամկետով, ոչ միայն Հայաստանում է բացասաբար ընկալվել, այլեւ ԱՄՆ-ում: 

Նոր դեսպանի նշանակումը, առհասարակ, մեծ իրադարձություն է հայ համայնքի կյանքում, եւ հայկական կազմակերպությունները սովորաբար նոր դեսպանի պաշտոնավարման առաջին իսկ օրը ողջույնի հայտարարություններ են տարածում, նրան աջակցելու պատրաստակամություն հայտնում, հույսեր կապում, որ նախկինում առկա ինչ-ինչ հարցեր կլուծվեն:   

Այս անգամ հայկական երեւելի կազմակերպությունները՝ Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ամերիկայի հայկական համագումարը (AAA), Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Հայկական ասամբլեան, նույնիսկ մի հասարակ ողջույնի խոսք չեն հղել նորանշանակ դեսպանին, ինչն աննախադեպ իրողություն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: 

«Պատճառն այն է, որ, նախ՝ ոչ պրոֆեսիոնալ է նշանակվել, երկրորդ՝ նշանակումը քաղաքական է»,- փաստը գնահատում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: 6 ամիս առաջ գնահատելով Մակունցի այցն ԱՄՆ՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայկական լոբբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման: Նշանակմանը դեմ են ԱԳՆ-ում: Բառացիորեն համարյա բոլորը: Սա տապալման երկրորդ նախադրյալն է: Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է»:

Ոչ միայն փորձի եւ գիտելիքի բացակայությունն է ի վնաս Մակունցի, այլեւ այն, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանները միշտ եղել են բարձր պրոֆեսիոնալներ՝ էրուդիտ, փայլուն դիվանագետ Ռուբեն Շուգարյանից եւ գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանից սկսած, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանով ու ԱԳՆ համակարգի հնաբնակ Վարուժան Ներսեսյանով ավարտած: 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով կիսով չափ բնակվում է ԱՄՆ-ում, Լիլիթ Մակունցին համարում է ՔՊ ամենաիրատեսական գործիչը: «Նա պարզապես փախավ Հայաստանից: Նա շատ լավ պատկերացնելով պատասխանատվության այն չափը, որն ընկնում է իրենց քաղաքական ուժի վրա, օգտագործեց պահը՝ այդ պատասխանատվությունից «թռնելու» համար»,- «Հրապարակին» ասաց Ենոքյանը:  

Երեկ ԶԼՄ-ները տարածեցին ամերիկահայ գրող, «Կալիֆորնիա կուրիեր»թերթի գլխավոր խմբագիր,  հասարակական գործիչ Հարություն Սասունյանի մեկնաբանությունները այս արկածախնդրական նշանակման վերաբերյալ: «Նրանք ԱՄՆ-ից հետ են կանչել փորձառու դեսպանի՝ Վարուժան Ներսեսյանին, նրան փոխարինելով անկարող եւ անփորձ անհատով, որը Փաշինյանի մտերիմներից է՝ կուսակցության անդամ։ Դա շատ վատ հետեւանքներ է ունենալու թե՛ Հայաստանի, թե՛ հայության շահերի համար, խառնելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, վատ ազդեցություն է ունենալու ամերիկահայության վրա, որը դեմ է այս նշանակմանը»,- նշել է Սասունյանը։ Անփորձ Մակունցին թիվ 1 գերտերությունում դեսպան նշանակելը նա Փաշինյանի մեծ եւ կոպիտ սխալն է համարում: 

Սփյուռքահայ բանաստեղծ, երգերի հեղինակ Մուրադ Իսկաջյանը նկատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը 16 տարի դասավանդել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ «Համալսարանը հիմնականում ղեկավարվում է Ռուսաստանից եւ Հայաստանում ռուսական արժեքների ամենամեծ ջատագովն է։ Արդյո՞ք նրա նշանակումը եւ Ռուսաստանի հետ իր երկարամյա հարաբերություններն անվստահություն չեն առաջացնի Լիլիթ Մակունցի հանդեպ»,- հարցնում է Իսկաջյանը: 

Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ղեկավար Արամ Մկրտչյանն էլ ասում է, որ Մակունցի նշանակումը շատ վատ է ընդունվել հայկական սփյուռքի կողմից: «Դժվար է հասկանալ, թե ինչպես է պատրաստվում ՀՀ կառավարությունը կառուցել հարաբերություններ աշխարհի հզորագույն երկրի հետ՝ տարրական դիվանագիտական հարաբերությունների փորձ չունեցող անձի միջոցով: Անհասկանալի է ընտրության մոտիվացիան, եթե լիբերալիզմն է, ապա մեծ փորձ ունեցող լիբերալներ կան, ընտրության հնարավորություն կար»,- ասաց նա մեզ հետ զրույցում: 
«Բռնապետության կողմից բանակին ուղարկված 180 միլիոն դոլարը կլանելուց հետո շատերը հույսները կտրել են, որ այս վարչակազմի օրոք հնարավոր է ունենալ կարգապահ ու զարգացող երկիր...»,- հայկական սփյուռքի կարծիքն արտահայտելով՝ «Հրապարակին» ասաց ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: 

Լիլիթ Մակունցը, ինչպես հայտնի է, չի համարում, որ դիվանագետ աշխատելու համար փորձն առաջնային է: Հենց այսպես էր նա մեկնաբանել կես տարի առաջ իր դեսպան նշանակվելու վերաբերյալ տարածվող լուրերը: Իսկ Փաշինյանը սվիններով է ընդունում ռեպետիտոր-դեսպանի վերաբերյալ ցանկացած քննադատություն:

Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին աշխատանքից ազատել է միայն այն պատճառով, որ վերջինս հանդգնել է զգուշացնել իրեն, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելով նա կհարուցի հանրության դժգոհությունը: Պետք է նաեւ ընդունել, որ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ մյուս երկրների հայկական համայնքներում, Մակունցի պաշտպաններ էլ կան: 

Մասնավորապես, այդ առաքելությամբ է հանդես գալիս արվեստագետ Սասուն Քոսյանը: «Լիլիթ Մակունցի՝ դեսպան նշանակումը ոչ թե պաշտոնի բարձրացում է, այլ ցածրացում, թեկուզեւ ԱՄՆ-ում դա լինի։ Ընդհանրապես, ակտիվ քաղաքական գործչին դեսպան նշանակելն ասպարեզից ժամանակավոր հեռացնելու, քաղաքականությունից «աքսորելու» քայլ է։ Անհասկանալի է Մակունցի քննադատների անհանգստությունն այս հարցում։ Ճիշտ է՝ նա դիվանագիտական փորձ չունի, բայց գոնե իր խոսքը նկատելիորեն միշտ եղել է դիվանագիտորեն չափված ու ձեւված, համեմատած ՔՊ գրեթե բոլոր լիդերների հետ»,- գրել է նա սոցցանցում: Նրան առարկել են՝ «Ամերիկահայերին անգլերենի ուսուցիչներ պետք չեն», «Հայ ազգը կրակն է ընկել քայլոների ձեռքը», «Սասուն ջան, Մոզամբիկում չի նշանակվել դեսպան, որ աքսոր համարենք. մեր երկրի համար էս պահին դա շատ լուրջ ու կարեւոր պաշտոն ա»: Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներից ակտիվիստ Արիս Քարամյանը վստահեցնում է, որ ԱՄՆ-ում Մակունցին միանշանակ չեն վերաբերվում: «Ինչպես Հայաստանում, նույնն էլ էստեղ՝ կան նիկոլականներ (հիմնականում՝ կանայք) եւ հակառակը…»: 

ՀԳ. Ընդամենը մեկ շաբաթ առաջ փոխվել է նաեւ մեր թշնամի հարեւան պետության դեսպանն ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Խազար Զաֆիր Օղլու Իբրահիմը, որը փորձառու դիվանագետ է, հայտնի ռեպետիտորի հետ համեմատության եզր չունի, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում է ստացել 2011 թվականին եւ մինչեւ այդ Ադրբեջանը ներկայացնում էր Թուրքիայում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image