«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
- Հայաստան-Ադրբեջան- ԱՄՆ վաշինգտոնյան համաձայնությունների ֆոնին նախագահ Թրամփը պարծենում է՝ կարողացել է վերջ տալ 6 հակամարտության, այդ թվում՝ հայ-ադրբեջանական, թեպետ, դե ֆակտո, 44-օրյա պատերազմի ավարտվելուն ավելի շատ Ռուսաստանի նախագահն է մասնակցել: Վերջին իրադարձությունները հաշվի առնելով, այդ թվում՝ Բաքու-Մոսկվա ոչ հարթ հարաբերությունները, կարելի՞ է ասել, որ այս երեք երկրները Մոսկվային վերջնականապես դուրս են մղում մեր տարածաշրջանից:
- Կարծում եմ՝ վաղաժամ է վերջնական եզրակացություններ անելը: Թրամփը ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ, ինչն իր համար կարեւոր է՝ նախագահության ժամկետի ավարտից հետո նաեւ որոշակի անվտանգության երաշխիք ստանալու համար: Մենք մտնում ենք կոնֆլիկտների ու պատերազմների ժամանակաշրջան, եւ ոչ մի հուշագիր ու պայմանագիր չի կարող կայունության երաշխիք լինել: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գլոբալ ու լոկալ պայմանավորվածությունների շրջան են մտել, ու ամեն ինչ առեւտրի առարկա է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ապագայում Հարավային Կովկասում ինչ համաձայնությունների կգան:
- Ալիեւը հպարտությամբ հայտարարում է, թե Թրամփի երթուղու շուրջ պայմանավորվածությունն իրենց համար «պատմական արդարության հաղթանակ» է: Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքի այդ ճանապարհահատվածի ապաշրջափակումն ու ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելը Հայաստանի ինքնիշխանության լույսի ներքո են:
- Հարավային Կովկասը մեծ երկրների շահերի հատման կետում է գտնվում, ու դեռ հարց է՝ ԱՄՆ-ն ի՞ր, թե՞ Իսրայելի շահերից է գործում, եւ իրականում՝ ով է վերահսկելու այդ ճանապարհը: Մասնավորապես Թուրքիան երկակի վերաբերմունք ունի այդ համաձայնության վերաբերյալ, էլ չենք խոսում Իրանի ու Ռուսաստանի մասին: Ինչ վերաբերում է պատմական արդարությանը, ապա ամեն մի երկիր ունի ուրույն պատկերացում արդարության մասին:
- ԱՊՀ-ում, որի տանիքը համարվում է Կրեմլը, հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրեն: Հավատա՞նք նրանց անկեղծությանը:
- Ոչ ոքի անկեղծությանը պետք չէ հավատալ, նաեւ հարց է, թե ամեն խոսքի տողատակում ինչ կա: Բնականաբար, ոչ մի երկիր չի կարող չողջունել «խաղաղության» որեւէ համաձայնագիր, այլ հարց է, թե գործնականում ինչ քայլեր են արվելու, մասնավորապես՝ հայկական գյուղատնտեսական բեռները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, նույնը վերաբերում է Ադրբեջանին: Դա արդեն այդ «ողջույնի» իրական արտահայտությունն է:
- ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը՝ ՌԴ-ի հետ կամ առանց դրա, կկանխի Հարավային Կովկասի անվտանգությանը սպառնացող վտանգները: Պնդում է՝ TRIPP ծրագրի իրականացումը կսպառնա տարածաշրջանի անվտանգությանը, իսկ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության համար առանձին միջանցք անհրաժեշտ չէ, կարող է օգտագործվել Իրանի տարածքը։
- Թե երբ կգործի, այսպես կոչված, Թրամփի ուղին, հարց է, իսկ այն, որ Իրանն իսրայելական նոր հարձակման շեմին է, դա ավելի կոնկրետ ու մոտ ժամանակների խնդիր է: Իսրայելը ցանկանում է Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանի դեմ: Սա է այսօրվա իրական վտանգն Իրանի համար, այդ պատճառով նման հայտարարությունները պետք է դիտարկել կարճաժամկետ իրադարձությունների կոնտեքստում:
- Տեղեկություն կա, որ առաջիկայում մեր երկիր կժամանի ԱՄՆ կառավարության պատվիրակությունը՝ այսպես ասած՝ գործնականացնելու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այցի ընթացքում Սյունիքում նախատեսված են նախնական ուսումնասիրություններ եւ գնահատումներ, ինչպես նաեւ՝ իրավական քննարկումներ՝ ուղղված Հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծմանը։ Ի՞նչ շոշափելի արդյունքներ սպասել:
- Ի՞նչ է նշանակում «շոշափելի արդյունք» ասվածը՝ ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Սա գործընթաց է, եւ ամերիկյան կողմը շտապում է, չի բացառվում, որ իրականում Իսրայելն է շտապում: Ինչի՞ համար են շտապում․ սա է հիմնական հարցը, այլ ոչ թե այն, թե մենք ինչ կարող ենք սպասել այդ այցից: Տարածաշրջանը մեծ կոնֆլիկտի շեմին է, եւ մեծ հարց է՝ այդ խումբը ճանապարհի հարցերո՞վ է զբաղված լինելու, թե՞ այլ խնդիրներ են փորձելու լուծել` օգտագործելով Հայաստանի տարածքը:
- Ալիեւն ու Փաշինյանն այնքան են «հմայվել» ԱՄՆ նախագահով եւ նրա խաղաղարար դերակատարմամբ, որ, ինչպես Ադրբեջանի ղեկավարն ասաց, համատեղ նախաձեռնությամբ նրան առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի: Սպասելի՞ էր, որ թրամփիզմը կհասնի այս ծավալի անհատի պաշտամունքի: Ո՞րն է այս առեղծվածի գաղտնիքը:
- Ոչ մի գաղտնիք պետք չէ որոնել. Թրամփն ԱՄՆ-ի ներսում պայքարի մեջ է գտնվում, առավել եւս, որ տեղական ու միջանկյալ ընտրություններ են սպասվում, եւ նման մրցանակները բարձրացնում են նրա հեղինակությունը: