Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկրորդեց իր գործընկեր Ալիեւի՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կկարողանա գազ գնել Ադրբեջանից։ Ալիեւն այն ժամանակ խոսել էր Վրաստանի համար ադրբեջանական գազի առավելությունների մասին ու նշել, թե` հաշվի առնելով «մերձությունը և ենթակառուցվածքները», նման համագործակցությունը «բնական կլիներ»։
Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» ամպագոռգոռ անունով հավաքի ժամանակ էներգետիկ անվտանգությունից խոսելիս` հիշեցրեց, որ Հայաստանը գազ է գնում Ռուսաստանից եւ Իրանից ու ասաց, որ ապագայում, խաղաղության հաստատման դեպքում, կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից։ «Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան կամ Թուրքիա, ապա այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,-հայտարարեց նա՝ հիշելով նաեւ Ալիեւի հայտարարությունը։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի համար գազ չունի։ Որպեսզի Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարվի, նախ, պետք է վերականգնել Ղազախով եկող գազամուղը (մոտ 100 կմ), իսկ որ ամենակարեւորն է՝ Հայաստան գազ մատակարարելու համար Ադրբեջանը 2-2,5 մլրդ խմ պետք է պակասեցնի Եվրոպա ուղարկվող գազը, ինչը ԵՄ-ն երբեք թույլ չի տա։
«Ադրբեջանի գազը 2,5 անգամ ավելի թանկ է ռուսական գազից, եթե ցանկանում են գազ գնել այլընտրանքային ճանապարհով, թող Իրանից գնեն՝ գազատարն էլ կառուցված է։ Ադրբեջանից գնում են, որ երբ ուզի՝ փակի՞։ Կլինի այնպես, ինչպես ապահովում էին Ստեփանակերտին»,-«Հրապարակ»-ին ասում է Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետի խոսքով, առհասարակ, Հայաստանի էներգետիկ ոլորտին առնչվող վերջին շրջանի հայտարարությունները՝ սկսած Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելուց, որը (մոդուլայինը) ըստ Բագրատյանի, ընդհանրապես Հայաստանին հարկավոր չէ, վերջացրած ադրբեջանական գազ գնելու պատրաստակամության մասին հայտարարությունով, մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանը բոլոր առումներով, այդ թվում՝ էներգետիկ, կտրել Ռուսաստանից, որի հետեւանքը լինելու է այն, որ կրկնվելու է իրավիճակը, որն այսօր ունենք անվտանգային համակարգում, երբ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է եղած համակարգից, բայց չի կարողանում նորը ստեղծել, որովհետեւ Արեւմուտքը Հայաստանը չի տեսնում իր անվտանգային համակարգում։
Նույն կերպ, ըստ Հրանտ Բագրատյանի, Հայաստանը չի դառնալու արեւմտյան էներգետիկ համակարգի մաս՝ կտրվելով ռուսական եւ իրանական համակարգերից․ «Ռուսաստանից մեզ կկտրեն, բայց նոր էներգահամարգ չենք մտնի կամ դա կլինի ավելի թանկ»։ Հայաստանը Ռուսաստանից կտրելու նպատակի համատեքստում է Հրանտ Բագրատյանը գնահատում ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերի՝ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ արած հայտարարությունն այն մասին, թե «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր տևական աջակցությունը»։ Այս միտքը ամերիկացի պաշտոնյան արտահայտել էր Մոսկվայից Հայաստանի կախվածության նվազման անհրաժեշտության մասին խոսելիս, ինչը, ըստ նրա, հնարավոր կլինի, եթե հայ-թուրքքական հարաբերությունները կարգավորվեն, որին կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիրն ու հաշտությունը։ «Անվտանգային դիվիդենտներից զատ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին ու նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից»,- ընդգծել էր դիվանագետը։
«Այդ հայտարարությունը հաստատում է այն, ինչ ես ասացի։ Երբ վաղը ցուրտ լինի ու երկիրը վերադառնա հովհարային անջատումներին, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասելու է՝ դա ձեր անկախության գինն է, այն դեպքում, երբ մենք անկախ էինք եւ քիչ թե շատ երկիրը զարգանում էր վերջին 20-30 տարիներին։ Իրենք պատրաստվում են առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն մի երկու անգամ կրճատել՝ կտրվելով Ռուսաստանից։ Ամեն ինչ գնում է դրան եւ նորից ասելու են՝ հանուն անկախության, իսկ իրականում լինելու է հանուն թուրքական հպատակության»,-համոզմունք է հայտնում Հրանտ Բագրատյանը։
Ի դեպ, Թուրքիան ռուսական հումքով աշխատող հայկական ատոմակայանը փակելու թիվ մեկ շահառուն է եւ տարիներ շարունակ ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում այն որպես սպառնալիք ներկայացնելու համար։ Փաշինյանը նախօրեին խոսելով Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու, իր խոսքով ասած, ռազմավարական որոշման մասին, արդեն, ըստ էության, անթաքույց շեշտադրեց թուրքական քարոզչության շրջանակում տեղավորվող նպատակը, թե` «մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ եւ՛ Հայաստանի ներսում, ե՛ւ շրջակա երկրների համար չգնահատվի որպես սպառնալիք»։