Քաղաքականություն

Ականջդ կանչի, Հայկ Գեւորգյան

Ականջդ կանչի, Հայկ Գեւորգյան

«Հրապարակ»-ը հրապարակել էր «մեծարգո վարչապետ», երբեմնի «պադավապետության», իր բնորոշմամբ, կատաղի մարտիկ Փաշինյան Նիկոլին ուղեկցող մեքենաների շարանը: Ճիշտ է, տվյալ երևույթի հետ անվտանգության նման միջոցառումն անմիջական կապ չունի, բայց խորը մտածելու դեպքում կարելի է նաև ոչ անմիջական կապ տեսնել: Այն, ինչ սովորաբար արվում էր նրա կողմից իր հրապարակած ընտանեկան թերթում: Ավելացնեմ, որ 21 մեքենայից բաղկացած թիկնազոր, հայաստանյան եվրոպամետների բերանով բռնապետ բնորոշված Պուտինին է երևի միայն ուղեկցում: Այն էլ հաշվի առնելով, ու ուկրաինական հետախոզությունը սովորություն է դարձրել Մոսկվայում իրականացնելու ահաբեկչական գործողություններ: Իսկ «մեր մեծարգոն», որքան տեղյակ եմ, վախ ունի միայն իր «սիրելի ժողովրդի» առումով: Ինչը հաղթահարելը, համաձայնեք, երկու տասնյակ մեքենաների կարիք, հաստատ, չունի: Ու ես որերորդ անգամ հիշեցի այդ թերթի առաջատար լրագրողներից Հայկ Գևորգյանի՝ ՀՀ երրորդ նախագահին ուղեկցող ավտոշարասյունը նկարահանելու սովորույթը: Բայց վերջին մեքենաների թիվը չէր անցնում մեկ տասնյակը, այնպես որ աճն ակնհայտ է:

Բայց այսօրվա նյութը դրա մասին չէ, ուղղակի «մեղավորը» «hraparaktv.am»-ն էր, որում տեղադրված էր «մեծարգոյին» ուղեկցող շարասյան տեսանյութը: Եվ մեքենաներն էլ վստահաբար վերադառնում էին Սարդարապատի հուշահամալիրից: Որտեղ հերթական անգամ Հայաստանի ղեկավարը՝ ով էլ նա լիներ, մայիսի 28-ին հպարտությամբ ելույթ էր ունենում՝ մեր նախնիների փառապանձ օրինակով հայրենասիրության ու արժանապատվությքան դաս տալով ունկնդիրներին: Բայց կանգնեք, ոնց որ թե սխալ բան եմ ասում: Ինչպե՞ս կարող է պատերազմի պարտության խորհրդանիշ, ագրեսիվ թշնամուց ծնկաչոք խաղաղություն մուրացող անձը հպարտության ու արժանապատվության դաս տա ուրիշներին: Բայց եթե դա ընդունենք, ապա հարց է առաջանում. եթե ինքը նման բան տեսականորեն անգամ չի կարող անել՝ ապա ի՞նչ գործ ունի Սարդարապատի հուշահամալիրում: Իսկապես, փառապանծ հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրում պարտությամբ հպարտացող անձի, ինչպես ինքն էր իր մասին ասել ժամանակին, ներկայությունը պղծում է այդ հերոսների հիշատակը:

Բայց խնդիրը դրանով չի ավարտվում: Կա նաև դրա արտաքին, այսպես ասած, բաղադրիչը: Սարդարապատի հուշահամալիրը նվիրված է թուրքերի դեմ հայոց (նաև եզդի՝ հիշենք Ջհանդիր աղայի հեծյալ ջոկատը) մարտիկների փառապանծ հաղթանակին: Եվ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից դա նշելը չի՞ հակասում, արդյոք, վերջինիս կողմից հրապարակ նետված «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը: Չէ որ եթե Արարատը որպես խորհրդանիշ օգտագործելը կարող է տարածքային նկրտումների տեղիք տալ, ապա Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերը՝ այսօրվա թուրքերի հիշեցնելու է, որ իրենց նախնիները ջարդ են կերել ցեղասպանված ժողովրդի ցավակների կողմից: Իսկ դա ամենամեծ հարվածն է, որ կարելի է տալ թուրքական հպարտությանը: Այն հպարտությանը, որը սերմանվում է մանկապարտեզից: Իսկ դա ավելի մեծ հանցագործություն կարող է դիտարկվել նրանց կողմից, քան տարածքային հավակնությունը: Ենթադրում եմ, որ «մեր մեծարգոն» դա չի գիտակցում:   

Անկեղծ ասած, նախորդ օրը կասկածում էի, թե այս անգամ ինքը կայցելի, թե չի այցելի Սարդարապատ: Որովհետև, ինչպես ցույց տրվեց, դա դեմ է իր մտածողությանը, իր առաջ քաշած գաղափարախոսությանը և թուրքերի առջև ծնկաչոք խաղաղություն մուրալու իր «առաքելությանը»: Եվ քանի որ ինքն, այնուամենայնիվ, կատարեց այդ քայլը, ենթադրում եմ, որ նախորդ օրը կա՛մ «Озверин» դեղամիջոցն է օգտագործել, կա՛մ էլ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ նախորդ օրվա հանդիպումն է նրան որոշակիորեն «դուխովցրել» և կա՛մ երկուսը միասին:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image