Հարցազրույց

«Հրապարակ». Ունենք իշխանություն, որը սեղանին խաղաղության խնդիր չի դրել, այլ՝ Հայաստանի դեմոնտաժի խնդիրը

«Հրապարակ». Ունենք իշխանություն, որը սեղանին խաղաղության խնդիր չի դրել, այլ՝ Հայաստանի դեմոնտաժի խնդիրը

«Հրապարակ»-ի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանն է:

- Օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը պետք է «տարածաշրջանային բնույթ» ունենա, ասել էր, թե դա նշանակում է, որ այն չպետք է հակասի «խաղաղության պայմանագրին» եւ «խաղաղության կառուցման» գործընթացին: Ի՞նչ կապ ունի երկրի Սահմանադրությունը խաղաղության ապահովման հետ:

- Ես մի քանի անգամ ասել եմ՝ արհեստական օրակարգեր են ձեւավորում՝ ինչ-որ խելոք բառեր ավելացնում ու ոչ մի բան չասող նախադասություններ ասում: Ես դեռեւս չեմ տեսել որեւէ վերլուծություն այն մասին, որ գործող Սահմանադրությունը չի նպաստում կամ խոչընդոտում է խաղաղությանը, այսինքն՝ եթե Սահմանադրության մեջ ինչ-որ բան պետք է փոխել, նախ պետք է հասկանալ, թե որն է խնդիրը: Ժողովուրդը միշտ կարող է Սահմանադրություն փոխել, բայց դա ինքնանպատակ չէ, հենց ժողովուրդը պետք է ցանկություն ունենա այն փոխել, պետք է հասկանա, որ որոշակի խնդիրներ կան, որոնց լուծումն առանց այդ փոփոխության հնարավոր չէ, եւ պետք է հասկանա, թե որ շրջանակում կարող են լինել այդ փոփոխությունները: Հիմա վերադառնանք՝ ի՞նչ խնդիր է բարձրաձայնվել, որը չենք կարողանում լուծել գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում, եւ դրա համար Սահմանադրությունը պետք է փոխվի: Արձանագրենք մեկ պարզ բան՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտվել եւ խախտվում է անընդհատ, եւ նոր սահմանադրություն գրելով՝ փորձ է արվում թաքցնել եւ, պայմանական ասած, այդ էջը շրջել՝ ասելով, թե ինչ եղել է՝ եղել է: Գործող Սահմանադրությունն այնքան լավն է, որ իշխանությունների ցանկացած հակապետական գործունեության արդյունքում խախտվել է, այսինքն՝ այն խախտելու միջոցով են հակապետական ու հակահայկական գործողություններն իրականացվել: Սահմանադրությունը հստակ ունի իշխանությունների տարանջատման տրամաբանությունը, բայց, ի հեճուկս այդ բոլոր կարգավորումների, գործող իշխանություններն իրենց համար լիազորություններ են ավելացնում, պակասեցնում են քաղաքացու իրավունքները եւ մյուս պետական մարմինների՝ իրենց բալանսավորելու հնարավորությունները։ Հետեւաբար, Սահմանադրության փոփոխության հանրային որեւէ պահանջ չկա, ժողովուրդը Սահմանադրությունը փոխելու պահանջ չի առաջադրել: Ժողովուրդը բարձրացրել է հարկերի հետ կապված խնդիր, դատարանների մատչելիության, ենթակառուցվածքների, կոռուպցիայի եւ այլ հարցերի հետ կապված, որոնց լուծման փոխարեն տեղի է ունենում ինչ-որ պրոցես, որի շրջանակում, բավական չէ, որ չկա Սահմանադրության տեքստը փոխելու անհրաժեշտություն, որպեսզի դա էլ թաքցնեն, որոշում են նաեւ հայեցակարգ չմշակել, որովհետեւ հայեցակարգով պետք է հստակ ցույց տալ, թե ինչ խնդիր կա: Մենք տեսել ենք մի քանի սահմանադրական հանձնաժողովներ, որոնք վերջնական որեւէ բան չեն կարողացել մշակել, ինչո՞ւ․ որովհետեւ չկա դրա հանրային պահանջը: Երբ հանրային պահանջ է լինում, հայեցակարգային փաստաթուղթը շատ հստակ է ձեւակերպվում: 2015-ին շատ հստակ ձեւակերպվել է, որ պետք է լինի պառլամենտարիզմ: Այն ժամանակ եղել է այդ հանրային պահանջը, թե ինչ ձեւով, ինչ ծավալով, որ իրավունքն ինչպես ձեւակերպել՝ դա արդեն մասնագիտական աշխատանքային  գործունեության դաշտում է: 2018-ին եղել է որոշակի մասնագիտական՝ ոչ հանրային պահանջ՝ ուղղված դատավորների անկախության հետագա երաշխավորմանը, եւ ստացել է իր հայեցակարգային ձեւակերպումը:

- «Տարածաշրջանային բնույթ» ձեւակերպումը ցույց չի՞ տալիս այդ օրակարգի նպատակը՝ Սահմանադրությունը համապատասխանեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի ճաշակին:

- Այդ անձին որեւէ կերպ չեմ մեկնաբանում: Երբ անձը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, միանգամից իրավունքի, Սահմանադրության ու սահմանադրական իրավունքի գիտելիքներ ձեռք չի բերում եւ չի դադարում լինել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսից դուրս մնացած ուսանող, հետեւաբար, որեւէ լուրջ միտք լուրջ մեկնաբանելու համար անլրջացնում է մեկնաբանման գաղափարը: Երբ կարծիքներ կարտահայտեն եւ լուրջ ակադեմիական քննարկում կանեն՝ գոնե սահմանադրական իրավունքին առնչություն ունեցող եւ կառավարության հետ կապված մասնագետները, այդ ժամանակ ես պատրաստ եմ հարցի քննարկման՝ ցանկացածի հետ, բայց, որպեսզի քննարկենք եւ մեկնաբանենք ինչ-որ մեկի միտքը, այդ ինչ-որ մեկը պետք է տեխնիկապես ունակ լինի արտահայտել միտք, որը քննարկման ենթակա է: Սա դասական կոգնիտիվ խնդիրներից մեկն է, երբ այն արտահայտողի անձին կից պաշտոնի արդյունքում ասվածը որոշակի միտք է ստացել:

- Իսկ, առհասարակ, կա՞ երկիր, որն իր Սահմանադրությունը փոխել է՝ դրան «տարածաշրջանային բնույթ» հաղորդելու համար:

- Այսինքն, ես ճի՞շտ եմ հասկանում, որ Հայաստանը հավակնություններ ունի տարածաշրջանը գրավելու եւ հիմա արդեն սահմանադրություն է մշակում, որ հասկանա՝ դա անելուց ու խաղաղություն հաստատելուց հետո ոնց պետք է կառավարել: Հասկանո՞ւմ եք, դա ոչինչ չասող տեքստ է, այդտեղ մեկնաբանելու բան չկա: Որպեսզի կարողանանք պնդել, որ ունենալու ենք խաղաղությանը նպաստող սահմանադրություն, պետք է նախ բացատրել, թե գործող Սահմանադրությունն ինչով չի նպաստում խաղաղությանը կամ ինչով է նպաստում պատերազմին: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նոր սահմանադրությունը մոտավորապես պետք է լինի Վեյմարյան Հանրապետության՝ Գերմանիայի սահմանադրության նման, որով պետք է նախատեսվի, որ մենք զորք չե՞նք կարող ունենալ, որ հետո Հայաստանի մեղքով ծագի 3-րդ համաշխարհային պատերազմը, ու ասեն, թե ինչու այսպես եղավ: Ես հիմա ուռճացնում եմ՝ ցույց տալու համար, որ չկա այդպիսի բան, որ Սահմանադրությունը նպաստի կամ չնպաստի պատերազմին: Եթե մենք խոսում ենք այդ չակերտավոր խաղաղության մասին, միակ տարբերակը՝ «խաղաղություն» բերելու, Հայաստանի պետականությունը վերացնելն է, Հայաստանում թուրքերենը կամ ադրբեջաներենը պաշտոնական լեզու դարձնելը, Հայաստանն ինքնիշխանությունից զրկելը, Հայաստանի տարածքում ընդունվող որոշումների նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վետո դնելը, զինված ուժերի բացակայությունը, ուժային կառույցների ենթակայությունը՝ հարեւան պետություններից որեւէ մեկին… Այդ ժամանակ «խաղաղություն» կլինի, բայց մարդու իրավունքներ եւ հայկականություն չի լինի: Հասկանում եմ, թե ինչ եք ասում՝ որ դա նշանակում է Ալիեւի պահանջի կատարում, բայց ֆունդամենտալ խնդիրն այն է, որ այդ նախադասությունը միտք չի արտահայտում ոչ միայն մասնագիտական տերմինոլոգիայի առումով, այլեւ՝ ընդհանրապես:

- Բայց փաստն այն է, որ Սահմանադրության փոփոխության են տանում:

- Եկեք պահանջենք, որ Սահմանադրությունը կատարեն, օրենսդրությունը կարգի բերեն, մարդու իրավունքները չխախտեն: Բոլորս լծվենք դրան՝ Դուք, որպես Մարիաննա Ղահրամանյան, ես՝ որպես Արամ Օրբելյան, Ձեր ընթերցողը…Սա է խնդիրը: Ընդհանրապես, լինել-չլինելու հարցն է դրված: Սահմանադրությունը խնդիր չէ, այնտեղ ինչ գրված է, խախտում են, հետեւաբար, անկախ նրանից, թե ինչ են անելու, մի ֆունդամենտալ կետ կա՝ Անկախության հռչակագիրը շարունակում է լինել վերսահմանադրական փաստաթուղթ, այն փաստաթուղթ է, որը կա, գործում է եւ լինելու է, քանի դեռ կա Հայաստանի Հանրապետությունը, ուզում է անունը դնեն 4-րդ հանրապետություն, 5-րդ, միեւնույն է՝ այս փաստաթուղթը շարունակելու է գործել: Այդ փաստաթուղթն է հիմք հանդիսացել, որ Հայաստանի Հանրապետությունը ձեւավորվի՝ ոնց ուզում է անունը փոխեն՝ Երկիր Նաիրի ասեն, Արմենիա, թե Էրմենիստան։ Եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գործել, Անկախության հռչակագիրը գործող պարտադիր փաստաթուղթ է: Երկրորդ հարցը հետեւյալն է․ Սահմանադրության մեջ գրված տեքստը չէ, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ձեւավորում, հետեւաբար, հիմա ընդամենը պետք է բարձրաձայնել, որ Սահմանադրությունը փոխելու խնդիր չկա, եւ ցանկացած քաղաքացի, որն ինչ-որ խնդիր կտեսնի, օրինակ, կասի՝ վարչապետի լիազորությունները շատ են, պետք է շատ պարզ հասկանա, որ Սահմանադրության մեջ որեւէ տեղ գրված չէ, որ ԲԴԽ նախագահը, Հակակոռուպցիոն կամ Հատուկ քննչական կոմիտեի նախագահը հրաժարական են տալիս՝ վարչապետից Վոթսափով sms ստանալով: Երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գործադիր մարմնից հրաժարական տալու պահանջով sms է ստանում, մեկ իրավաչափ գործողություն ունի՝ հարուցել քրեական գործ: Հիմա, դա չի կատարվում, ավելին, հայտարարվում է, որ մենք ենք արել, լավ ենք արել, ուստի պետք է հասկանանք՝ մենք կա՛մ ունենում ենք Հայաստանի Հանրապետություն, կա՛մ չենք ունենում: Սա շատ պարզ խնդիր է, պետք է կենտրոնանալ այդ ֆունդամենտալ կետի վրա՝ մենք ունենք իշխանություն, որը սեղանին խաղաղության խնդիր չի դրել, դրել է Հայաստանի դեմոնտաժի խնդիր: Խաղաղություն ցանկացել են բոլոր ուժերը, ՀՀ 3 նախագահները, ուղղակի դրան հասնելու տարբեր եղանակներ են տեսել, այս մեկը խաղաղություն չի ուզում, ուզում է Հայաստանի վերացում: Դրանից հետո տարածաշրջանում միանշանակ լինելու է «խաղաղություն», բայց առանց մեր մասնակցության:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image