Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական է տվել։ Նա նշել էր, որ հրաժարականը պայմանավորված է անձնական պատճառներով։
ՔՊ-ական թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 26 տարեկանում` 2018 թվականին։ 2022 թվականին նա վերանշանակվել էր։ Անցած 7 տարիների ընթացքում նա հայտնվել է մի քանի սկանդալներում՝ սկսած իր համար նոր առանձնատուն գնելուց մինչեւ ծեծի մասնակից լինելու ու իր ղեկավարած կառույցից ձերբակալություններ։
Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020-ին՝ համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանին ծեծի ենթարկելու համար։
Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը 2020-ի հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ եւ այդ քրգործի շարունակությունն այդպես էլ ոչ ոք չիմացավ։ «Հրապարակ»-ը մի քանի օր է՝ իրավապահներից փորձում է ճշտել՝ ինչպես ավարտվեց գործի քննությունը․ այն դատարան չի հասել։ Տարբեր կառույցներից հստակ պատասխան չստանալով ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ միայն պատասխանեցին․ «Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի բացակայության պայմաններում վարույթը կասեցվել է 2020 թվականին»։
Ի դեպ, Գեւորգ Պողոսյանը ճանաչվել էր տուժող, հարցաքննվել, եւ եթե կա տուժող, պետք է լինի նաեւ մեղադրյալ, իսկ ըստ դատախազության՝ գործի քննությունը կասեցվել է մեղադրյալ չլինելու պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, գործը իշխանությունը «ջրել» է տվել՝ կուսակից պաշտոնյայի կաշին փրկելու համար։
Նկատենք, որ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում էր ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: