Քաղաքականություն

«Իմ «ոչ» ասելը չի նշանակի «այո»»․ 2023-ի զավեշտալի արտահայտությունները

«Իմ «ոչ» ասելը չի նշանակի «այո»»․ 2023-ի զավեշտալի արտահայտությունները

Անցնող տարին, ի թիվս բազմաթիվ իրադարձությունների, կհիշվի նաեւ տարբեր գործիչների արտահայտած անհեթեթ ու զավեշտալի մտքերով։ Իհարկե, ճարտասան լինելն ամեն մեկի շնորհը չէ, եւ ոմանք պատմության մեջ մնում են հենց իրենց արտաբերած անհեթեթ մտքերով։

Պատասխանելով օրհներգը փոխելու մասին քաղաքացու հարցին՝ նոյեմբերին կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը։ Համոզված եմ, այդ բառերի եւ նախադասությունների մեջ կոդ է դրված, որն ինչ-որ ձեւով աշխատում է։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի նստենք մեր սիմվոլների ավանդույթի եւ պատմության հետ։ Ձեզ չեմ ասի՝ «այո», բայց չեմ էլ ասի՝ «ոչ»։ Բայց իմ «ոչ» ասելը չի նշանակի «այո»»։
Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը նման խրթին ու անտրամաբանական արտահայտություններ է անում։ Նրա մտքի «գոհարներից» կարող ենք հիշել հետպատերազմական շրջանում՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավորը չեմ» արտահայտությունը։ Տարեսկզբին ՔՊ առաջնորդից ետ չմնալու կամ գուցե նրան հաճոյանալու համար «մտքի փայլատակմամբ» հանդես եկավ պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը, ով «նախկինների օրոք» 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, իսկ այսօր տաքուկ ծվարել է խորհրդարանի «թիկունքում» եւ խոսում է անցյալում բանակի թալանից։ 2023-ի սկզբին, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, բայց նման վտանգ կար Լաչինի միջանցքի տեւական շրջափակման պատճառով, Մելքոնյանն ասաց․ «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Արցախի այն ժամանակվա պետնախարարի մասին խոսելիս էլ սույն գործիչը երկրորդում էր Ալիեւին․ «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: 

Այս տարվա սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե չի ցանկանում արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ավելի վաղ ճեպազրույցում արված հայտարարություններին․ «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»։ Արձագանքելով Սիմոնյանին՝ Զախարովան նշեց․ «Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»: Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքն է նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականը։ Մի՛ նեղացեք, այս մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել»։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով վերջին շրջանում հաճախ է սկանդալային գրառումներ անում, Փաշինյանին նկատի ունենալով, տելեգրամյան իր ալիքում գրել էր․ «Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ՝ արարքներով»։ Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը»։

Բայց լեզվական ու մտային գրոտեսկների գծով անգերազանցելի է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա օգոստոսին այցելեց Հավայան կղզիներ եւ ցավակցեց այնտեղ տեղի ունեցած անտառային հրդեհներից տուժածներին՝ նրանց ողբերգությունը համեմատելով իր խոհանոցում տարիներ առաջ բռնկված փոքրիկ հրդեհի հետ։ Բնական աղետի զոհ էր դարձել առնվազն 105 մարդ, բայց մարդը հիշել էր իր կենցաղային պատմությունն ու կատվին։ «Ջիլը (Բայդենի կինը) եւ ես որոշակի պատկերացում ունենք, թե ինչ է տուն կորցնելը: 15 տարի առաջ կայծակը հարվածեց մեր տանը։ Այն վնասեց մեր տան էլեկտրալարերը։ Մի խոսքով, ես քիչ էր մնում կորցնեի կնոջս, Corvette 67 մեքենաս ու կատվիս»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կայացան երկու գերտերությունների առաջնորդների՝ Բայդենի եւ Սի Ծինփինի բանակցությունները։ Հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում Բայդենը վերահաստատեց նախկինում իր արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Չինաստանի առաջնորդին բռնապետ է համարում։ 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Այովայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չկատակել նախագահ Ջո Բայդենի մտավոր ունակությունների շուրջ․ «Դա իսկապես ծիծաղելի չէ, մենք չպետք է կատակի տանք: Դա լուրջ է, մենք գործ ունենք միջուկային զենքի հետ»։ Եվ իսկապես, անփութորեն ասված խոսքը կարող է անդառնալի հետեւանքներ եւ միջուկային զենքի նշանակություն ունենալ, անկախ նրանից՝ արտաբերվել է սարկազմով, դիտավորյալ, միամտաբար թե լեզվի սայթաքմամբ։ Տե՛ր կանգնենք մեր մտքերին ու գալիք՝ Վիշապի տարում արժեւորենք խոսքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image