Այլ

«Այս մեդալն ընդունել չեմ կարող». արժանապատվություն, որ պետական պարգեւից բարձր է

«Այս մեդալն ընդունել չեմ կարող». արժանապատվություն, որ պետական պարգեւից բարձր է

Հայ հասարակության ներկայացուցիչները վերջին օրերին միաբերան եւ անթաքույց հպարտությամբ միմյանց ավետում են՝ հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ, Հայաստանն աշխարհում լավագույնս հանրահռչակած Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ հայրենիք ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանը: Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով եւ անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանա պետական պարգեւը. նա արդեն որերորդ անգամ եւ միանգամայն արժանիորեն հռչակվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք․ Հենոն երկու տարի առաջ հայտարարեց, որ ազգային հավաքականում ավարտում է կարիերան` մատնանշելով իշխանական փոքրոգությունն ու ճղճիմ պահվածքը, այդ թվում՝ նաեւ իր ու մոր նկատմամբ: Առաջին հայացքից Մխիթարյանի ժեստը կարող է ընկալվել անձնական եւ ընտանեկան «վիրավորվածության» տրամաբանության մեջ, բայց միայն՝ առաջին հայացքից: Իրականում գործ ունենք արժանապատիվ հայի հետ, որը հայկական ֆուտբոլին, Հայաստանին տվել է ամեն ինչ: Եվ մի հերթական մեդալ, որը, ինչ խոսք, շնորհվել է հայրենիքի կողմից՝ իր վաստակի արժանվույն գնահատանքով, իր հարգով եւ փայլով բնավ չի կարող կուրացնել մեկին, որը դեմառդեմ տեսել է փառքն ու նրա հետ խոսել դու-ով:

Մխիթարյանի արարքը հիշեցրեց ոչ վաղ անցյալում համանման արժանապատիվ մի քանի այլ փաստերի մասին: Հայ դասական գրողներից՝ լուսահոգի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին՝ 2004-ին, նախագահի աշխատակազմին վերադարձրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը ստացել էր 1998-ին: Պետական բարձր պարգեւից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռեւս 2003 թվականին՝ այն դեպքերից հետո, երբ իրավապահները դաժանաբար ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում: Անվանի բանաստեղծուհին պետական բարձր պարգեւն իշխանություններին վերադարձնելու առիթով նշել էր. «Ինձ համար շատ ծանր մի ընտրություն էր դա՝ հետ վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որովհետեւ ես մինչեւ հիմա մտածում եմ, թե ինչու այդպես պիտի լիներ, որ մեր անկախ հանրապետության իրավիճակն այնպես դասավորվեր, որ ես ստիպված լինեի վերադարձնել շքանշանը, որը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը... Մաշտոց, որը իմ գիտական, գրական կյանքի ուղեկիցն է եղել»:

Հայ նորագույն գրականության գագաթներից մեկը (կրկին լուսահոգի)՝ Լեւոն Խեչոյանը նույնպես ժամանակին՝ 2013 թվականին, հրաժարվեց պետական պարգեւից: 2013-ին՝ այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով տաղանդավոր գրողը պարգեւատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել էր ստանալ մեդալը՝ բացատրելով. «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի են հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:

Այո՛, որքան էլ արժեքավոր, սուրբ եւ թանկ լինի պետական պարգեւը` մարդու կյանքում եզակի իրադարձություն, մեր ինքնության համար կռիվ տված եւ տվող, մեր ազգային դիմանկարը խտացնող, մեր հավաքական ինքնահարգանքը պանծացնող զգացումից՝ արժանապատվությունից բարձր չի կարող լինել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image