ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն արդեն որերորդ անգամ անդրադառնում է հերոսության հարցին՝ դրա առօրեականացման վերաբերյալ իր պնդումներով աղճատելով այդ հասկացության բուն իմաստը: Նրա ասածները զանց առնելով՝ անմիջապես ներկայացնեմ հերոսության հասարակագիտական բնորոշումը: Հերոսությունն, ըստ այդմ, մարդու վարքագծի հատուկ ձև է, որը բարոյական տեսակետից իրենից ներկայացնում է սխրանք: Ըստ մեկ այլ սահմանման, հերոսությունը հասարակական առումով մարդու ակնառու գործունեություն է, որը համապատասխանում է ժողովրդական զանգվածների, առաջավոր դասակարգերի շահերին և պահանջում է անձնական քաջություն, տոկունություն, անձնազոհության պատրաստականություն։ Անմիջապես արձանագրեմ, որ վերը նշված անձի կողմից անընդհատ որպես հերոս ներկայացվող՝ հարկ վճարող լինելու համար չի պահանջվում շեղատառերով նշված հատկանիշներից ոչ մեկը: Այդ հատկանիշներից չի պահանջվում նաև ոչ հարկատու առօրեական գործունեության համար՝ արթնանալ, խանութ գնալ, նախաճաշել, իջնել զբոսնելու և այլն: Ընդհանրապես, առօրեականության ու հերոսության միջև առկա չեն ընդհանություններ, որպեսզի ինչ-որ տեղ դրանք հատվեն կամ, ընդհակառակը, իրար կից ընթանալով՝ միանան. ինչպես փորձում է դա ներկայացնել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը:
«Վիքիքաղվածք» կայքում առկա են «հերոսություն» հասկացության մի շարք բնորոշումներ՝ տրված նշանավոր անձանց կողմից: Ներկայացնեմ դրանք.
Հենրի-Ֆրեդերիկ Ամիել (1821 - 1881), ֆրանսախոս շվեյցարացի մտածող և ստեղծագործող. «Հերոսությունը հոգու հաղթանակն է մարմնի նկատմամբ»:
Ծանոթություն. Ինչպես երևում է, այստեղ հարկ վճարողներն անելիք չունեն, այլապես երկրի բյուջեն կմնա դատարկ:
Լեո (Առաքել Բաբախանյան, 1860 - 1933), հայ պատմաբան, հասարակական գործիչ և գրող. «Հերոսները երկնքից չեն ընկնում, հերոսները ծնվում են ժողովրդից»:
Կարլ Հայնրիխ Մարքս (1818 - 1883), գերմանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքական տեսաբան և հեղափոխական. «Հերոսների մահը նման է արևի մայրամուտին»:
Ծանոթություն. Եթե հարկ վճարողները հերոս լինեին, ապա արևը ստիպված կլիներ միշտ գտնվել մայրամուտի վիճակում:
Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900), գերմանացի փիլիսոփա և բանասեր. «Հերոսի համար ամենագեղեցիկ կյանքը մահվան համար մարտնչելով հասունանալն է»:
Ծանոթություն. Այնտեղ, որտեղ խոսում է Նիցշեն, Նիկոլն ասելիք չունի:
Ռոմեն Ռոլան (1866 - 1944), ֆրանսիացի գրող, ակնարկագիր, արվեստի պատմաբան, խորհրդապաշտ և պացիֆիստ, 1915 թվականի Նոբելյան մրցանակակիր ( «Ժան-Քրիստոֆ» վեպով). «Ես հերոս եմ անվանում նրան, ով սրտով մեծ է եղել»:
Ծանոթություն. Փաստորեն, եթե առաջնորդվենք նիկոլական մտածողությամբ, բոլոր հարկ վճարողները սրտով մեծ մարդիկ են: Իսկ թոշակառուներն ու նպաստ ստացողներն այդպիսին չեն:
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, 1924 - 1971), խորհրդահայ բանաստեղծ. «Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»:
Ծանոթություն. Ենթադրաբար, խոսքը հարկ վճարելուց խուսափելու հնարի մասին չէ:
Յուլիուս Ֆուչիկ (1903 -1943), չեխ գրող, քննադատ, լրագրող, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ, հականացիստական դիմադրության շարժման մասնակից, ՉԽՍՀ ազգային հերոս. «Հերոսը մի մարդ է, որը վճռական պահին անում է այն, ինչ անհրաժեշտ է անել հանուն մարդկության շահերի»:
Ծանոթություն. Հասկանալի է, որ հարկ վճարելու գործընթացը որևէ առնչություն չունի վճռական պահերին ինչ-որ բան անելու հետ:
Բագրատիոն, Պյոտր (1765-1812), իշխան, վրացական արմատներով ռուս գեներալ, 1812 թվ.-ի Բորոդինոյի ճակատամարտի հերոս. «Հերոսներ չեն ծնվում, այլ դառնում են», «Հերոսի առջև թշնամին կատու է դառնում»:
Ծանոթություն. Առաջին դատողության տակ կարող էր ստորագրել նաև ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձ. իսկապես, հարկ վճարող չեն ծնվում: Երկրորդի առումով, կարծում եմ, վերջինս ասելիք չունի. ՓՄՁ-ի դեպքում հարկ վճարողն է կատու դառնում, օլիգարխի առջև՝ հարկ հավաքողը:
Վերջաբանի փոխարեն. Կարծում եմ, որ այստեղ ներկայացված նշանավոր մարդիկ շատ ավելի մեծ ազդեցություն են գործել աշխարհի մակարդակով, քան ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը: Որի գործունեությունն իր ողբերգական հետևանքներով սահմանափակված է միայն մեր հայրենիքի շրջանակով: Եվ նրա «խորիմաստ դատողությունները» լսելուց հետո կարդալով այս մարդկանց ասույթները, կարող ենք գիտակցել, թե իսկապես ինչ է իրենից ներկայացնում իրական հերոսությունը: