Իշխանական Սիվիկ.ամ-ը երեկ «Ընդդիմության հեղաշրջման պլան» աշխարհացունց վերնագրով մի թուղթ հրապարակեց, որը ՔՊ-ականները եւ ինքը` Փաշինյանը, սկսեցին տարածել: Այս անադեկվատ քայլերը, խայտառակ գրառումները, նրա կնոջ հիստերիան վկայում են, որ հասկանում են՝ իրենց գնացքը շատ արագ հեռանում է: Զավեշտն այն է, որ «պլանի» կետերից մեկը ենթադրում է «Փաշինյանին ծաղրի առարկա դարձնել», մի բան, որը, ըստ էության, վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանն անձամբ է իրականացնում: Երբեւէ որեւէ ղեկավար այսքան ծաղրի առարկա ու մեմերի հերոս չէր եղել:
«Կարծում եմ՝ դրա հիման վրա նա պատրաստվում է ռեպրեսիաների, իհարկե, այդ ամենը շատ ծիծաղելի է, որովհետեւ, օրինակ, զրոյական փուլին՝ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 1-ը, պետք չէ սպասել, Փաշինյանը վաղուց է ծաղրի առարկա, թող նայի, թե ինչ է կատարվում ամբողջ համացանցում, երիտասարդության շրջանում: Իրենք էլ գիտեն, չէ՞, իրենք են ասում, որ մեմերի ապրանք են դարձել»,- մեկնաբանելով «պլանը»՝ «Հրապարակ»-ին ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
- Կալանավայրից հրապարակված նամակների շարքում Սամվել Կարապետյանը, ըստ էության, ծրագրեր ու քայլեր է նշում, սա կարո՞ղ ենք գնահատել որպես քաղաքական հայտ:
- Քաղաքական հայտ, իհարկե, ներկայացված է, բայց սա ավելի շատ կարելի է դիտարկել որպես Իվանիշվիլու հայտ, որովհետեւ Սամվել Կարապետյանը, բացի այն, որ ՀՀ քաղաքացի է, նաեւ ՌԴ քաղաքացի է եւ չի կարող լինել երկրի ղեկավար: Նա կարող է ունենալ աջակիցների կամ, եթե կուսակցություն ստեղծի` կուսակիցների մեծ բանակ, որոնք կարող են եւ, այո, հայտ ներկայացնել:
- Այս հեռանկարը լարվածության մե՞ջ է պահում Փաշինյանին՝ դատելով այն փաստից, որ Կարապետյանի՝ եկեղեցուն սատարող մի ֆրազը ցայտնոտի մեջ գցեց իշխանությանը:
- Կարծում եմ՝ Դուք արդեն պատասխանեցիք Ձեր հարցին, եթե մի կես նախադասությունից ցնցումների մեջ է ընկել, պարզ է, որ հասկանում է՝ դա կարող է իր համար, մեղմ ասած, լավ հետեւանքներ չունենալ:
- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընդդիմադիր դաշտի վրա Սամվել Կարապետյանի գործոնը:
- Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանի գործոնը կարող է միավորել, ընդ որում, միավորել բոլորին: Սամվել Կարապետյանը բավականին հարուստ մարդ է, բայց նա չի հարստացել Հայաստանում, նրա մասին դժվար է ասել՝ ձեզ թալանել է, ձեր փողերով է հարստացել: Հայաստանում բացի բարեգործությունից եւ ներդրումներից, նա ոչինչ չի արել: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, այն նրա ամբողջ գործունեության, կարողության 23 տոկոսն էլ չի կազմում, այսինքն՝ նրան վախեցնել ունեզրկելով, չի ստացվի:
- Հաշվի առնելով Ռուսաստանում Կարապետյանի ազդեցությունը, տարբեր, այդ թվում՝ ԱԳՆ խոսնակի մակարդակով նրա շուրջ կատարվողի վերաբերյալ մտահոգություններն ու հայտարարությունները, արտաքին գործոնի հնարավոր ազդեցության մասին կարո՞ղ ենք խոսել:
- Հայաստանում չկա քաղաքական գործիչ, որի գործունեության վրա արտաքին գործոն չի ազդում: Օրինակ, իշխանության վրա այս պահին ազդում է թուրք-ադրբեջանական գործոնը, կան պրոարեւմտյան ուժեր, կան պրոռուսական ուժեր: Անգամ եթե նրանք որեւէ բեւեռի հետ չեն ասոցացվում, մենք այն պետությունն ենք, որը գտնվում է խաչմերուկի, իհարկե` ոչ խաղաղության, այլ հետաքրքրությունների խաչմերուկի վրա, եւ արտաքին գործոնը բացառելը առնվազն սխալ է ցանկացած քաղաքագիտական վերլուծության մեջ:
- Այս փուլում հետագա ներքաղաքական գործընթացների ի՞նչ սցենար կարող ենք կանխատեսել:
- Անկախ Սամվել Կարապետյանի գործոնից, նրա՝ քաղաքական դաշտ մտնելուց, ձերբակալվելուց կամ ազատ արձակվելուց, Հայաստանն այն վիճակում է, որ ցանկացած պահի, ցանկացած սցենար կարող է լինել՝ սկսած նրանից, որ գնում ենք հերթական ընտրությունների, մինչեւ այն, որ չի բացառվում, որ կարող են լինել նաեւ արտահերթ ընտրություններ եւ ինչ-որ տրիգերով այլ լուծումներ՝ այնպիսի, որով Նիկոլ Փաշինյանն է եկել իշխանության: Ցանկացած սցենար հնարավոր է: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որ ես չէ, որ պետք է պատմեմ, թե ինչ կարող է կատարվել։ Եվ երկրորդ․ մենք՝ ինքներս, այն վիճակում ենք՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով, որ ցանկացած պահի ամեն ինչ կարող է լինել: Երբ կլինի եւ ինչից՝ չեմ կարող ասել, բայց կարող է լինել ցանկացած պահի:
- Փաշինյանն ի՞նչ քայլերի կարող է գնալ՝ հաշվի առնելով այն կտրուկ միջոցները, որոնց նա դիմեց՝ փորձելով չեզոքացնել Սամվել Կարապետյանին:
- Նրա ռեակցիան կախված է նաեւ արտաքին աշխարհի ազդակներից, ընդ որում, ես նկատի չունեմ միայն Ռուսաստանը: Դա կախված կլինի նրանից, թե ինչ է նա պայմանավորվել Էրդողանի հետ Թուրքիայում, թե ինչպիսի, սիրում են այդ բառը՝ «դուխ» կտան իրեն այլ կենտրոններից, կտա՞ն, թե՞ չեն տա: Կախված է նրանից, թե ինչպիսի դիմադրություն կստանա ներսում:
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ստամբուլի հանդիպումից նրա ակնկալիքներն արդարացե՞լ են:
- Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ, եթե որեւէ դրական բան լիներ, մենք կլսեինք հերթական հայտարարությունները խաղաղության եւ մնացածի մասին, բայց տեսնում ենք միայն Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական գրառումները: