Քաղաքականություն

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը խեղաթյուրել է բանակցային պրոցեսի ողջ բովանդակությունը

«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը խեղաթյուրել է բանակցային պրոցեսի ողջ բովանդակությունը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին նյութեր։ Դրանք պահվում են Հայաստանի ԱԳՆ արխիվներում եւ հասանելի են մարդկանց սահմանափակ շրջանակին։ Ընտրովի մեջբերելով այդ նյութերից պատառիկներ՝ նա փորձեց մեղադրել Հայաստանի նախկին ղեկավարներին եւ ցույց տալ, որ տասնամյակներ շարունակ ՀՀ նախկին բոլոր ղեկավարներն էլ բանակցել են՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Նա հիշատակեց 1996-ին՝ ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունված բանաձեւը եւ եզրահանգեց, որ «Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը, որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում»: Ցիտեց 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի փաստաթղթերը, որոնք պարունակում էին կետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների հնարավոր փոխանակման մասին։ «Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 1988 թվականի սահմաններով ԼՂԻՄ, Շուշայի եւ Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, իսկ Մեղրիի շրջանը (Արեւմտյան Զանգեզուր)՝ Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը: Չնայած այդ փաստաթուղթը, ինչպես Փաշինյանը նշեց, «չի ընդունվել»։

Նրա կարծիքով, այն վերածվել է Քի Ուեսթի փաստաթղթին, «որը նախատեսում էր Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել Լաչինի միջանցքի դիմաց»։ Նաեւ պնդեց, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձեւերում «Լեռնային Ղարաբաղը կոչվում է Ադրբեջանի տարածաշրջան»։ Ինչպեսեւ հայտարարեց, որ Ղարաբաղն ադրբեջանական է դարձել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որ հենց նրա ընդունած փաստաթղթերն էին ենթադրում ղարաբաղյան հիմնախնդրի լուծում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում, սակայն տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանելով։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս ամենին սպառիչ պատասխաններ տվեց՝ վեր հանելով Փաշինյանի մանիպուլյացիաները։

Բայց մեզ այսօր այլ հարց է հետաքրքրում՝ ունի՞ արդյոք Փաշինյանը նման իրավունք՝ գաղտնազերծելու պատմական փաստաթղթերը, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ պահվածքը, երբ պատերազմի խնդրով ստեղծված հանձնաժողովում խոսում է ոչ թե պատերազմում իր արած-չարածի մասին, այլ ներկայացնում է բանակցային գործընթացը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը դիտել է Փաշինյանի ելույթը եւ փաստում է՝ ոչ թե փաստաթղթեր է գաղտնազերծել, այլ ընտրողաբար ներկայացնելով դրվագներ՝ խեղել է իրական բովանդակությունը՝ իրեն հոգեհարազատ եւ ադրբեջանամետ ձեւակերպումներով։ Աղաջանյանն ընդհանրապես զավեշտ է համարում Փաշինյանի մասնակցությունն այդ հանձնաժողովին․ «Ժողովրդական մի խոսք կա՝ «աղվեսը պոչին է վկա բերում»»։ Ի սկզբանե պարզ էր, որ այդ հանձնաժողովում պատերազմի վերաբերյալ իրականությունը չէ, որ Փաշինյանը պետք է  ներկայացներ։ Իսկ այն, ինչ ներկայացվեց, Աղաջանյանի կարծիքով, մի քանի նպատակ է հետապնդում՝ աղմուկով շեղել ուշադրությունն ընթացող գործընթացներից, որոնք, նրա խոսքով, «աղետալի» լուծումներ են պարտադրելու մեր ժողովրդին, մյուս կողմից՝ բանակցային գործընթացից պատառիկներ մեջբերելով, նախկիններին մեղադրելով՝ փորձել լեգիտիմացնել իր ադրբեջանական թեզերը, թե իբր ի սկզբանե է Ղարաբաղը դիտարկվել Ադրբեջանի մաս։ «Փորձ էր արվում լեգալացնելու այն թեզերը, որ հենց ինքն է ադրբեջանական խոսույթից ներմուծել հայկական իրականություն՝ այդպիսով ակնկալելով ստանալ հանրության համաձայնությունը՝ դրանք փաստական իրականություն դարձնելու համար»,- ասում է Ձյունիկ Աղաջանյանը՝ հիշեցնելով․ «Բանակցային յուրաքանչյուր դրվագի մասին բազմիցս ասվել է, բուն բանակցային գործընթացին մասնակցած մարդիկ՝ թե՛ հայկական կողմից, թե՛  համանախագահների ներկայացուցիչները, բազմիցս արել են հայտարարություններ եւ հաստատումներ, որոնք լիովին հերքում են այն թեզերը, որոնք փորձ է արվում ներարկել հանրության մեջ։ Դրանցից մեկը ԼՂ հակամարտությունը եւ Արցախի ժողովրդին ազգային փոքրամասնության ներքո ներկայացնելն է։ Բոլորը, ովքեր զբաղվել են այդ հակամարտությամբ եւ, ընդհանրապես, ողջ միջազգային հանրությունը, հստակ տարանջատում են դրել, որ երբեւէ Արցախի ժողովուրդը որպես ազգային փոքրամասնություն չի դիտարկվել»։ 

Կամ՝ «1993 թվականի ՄԱԿ-ի բանաձեւերին հղում անելով՝ փորձում է 2023-ին եզրակացության գալ, ձեւակերպումը, որն ի սկզբանե նշվում էր՝ «ԼՂ շրջան Ադրբեջանի», արտածել այսօրվա իրականության վրա։ Մոռանում է նշել, որ 1995 թվականից այս կողմ Արցախը երբեւէ չի նշվել Ադրբեջանի կազմում, անգամ 99 թվականի Ստամբուլյան հայտարարության մեջ հստակ ձեւակերպված է՝ «ղարաբաղյան  հակամարտություն»․ հենց այդ ձեւակերպումն է, որ տասնամյակներով օգտագործվել է՝ ջրբաժան դնելով տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման միջեւ։ Սա եւս մեկ ապացույց է, որ երբեւէ այդ հակամարտությունը չի դիտարկվել որպես ինչ-որ ազգային փոքրամասնության խնդիր»։
Իրականում Փաշինյանն ընդամենը ուզում է արդարացնել իր մոտեցումը, որն արձանագրել է եվրոպական հարթակում, եւ հիմա, Աղաջանյանի խոսքով, փորձում է դրանց վերաբերյալ ստանալ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակիչների համաձայնությունը, որպեսզի Արցախը տեղավորի Ադրբեջանի կազմում։

«Ընդհանուր կոնտեքստից հանած ընտրովի դրվագներ ներկայացնելով՝ նա այսօրվա իրավիճակն էր ուզում հարմարեցնել այն կոնտեքստին, որն ինքն է առաջ տանում։ Մի օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին հղում է անում՝ իբրեւ թե դրանք եւս վերահաստատում են, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, բայց դա ադրբեջանական թեզ է, որը 30 տարի փորձել են ներարկել, եւ որեւէ մեկը դրան տուրք չի տվել։ Ցանկացած մեկը, որ կբացի եւ կկարդա այդ բանաձեւերը, կտեսնի հստակ ձեւակերպումներ, որ տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, այստեղ հստակ հղում է արվում տեղական ուժերին, եւ այստեղ էլ հաջորդ խեղաթյուրումն է իրականացնում՝ փորձելով «հայկական բանակ» անվան տակ արդարացնել զինաթափման այն գործընթացները, որն ինքն այսօր պարտադրում է Արցախի ՊԲ-ին։ Այդ բանաձեւերում նման ձեւակերպում չկա, դրանցում հստակ հղում է արվում տեղական հայկական ուժերին, որը վերաբերում է հենց Արցախի պաշտպանական բանակին, այստեղ ՀՀ զինված ուժերի մասին բացարձակապես խոսք չկա, եւ այդ բանաձեւերը, եթե կուզենք արդարացիորեն դիտարկել, դրանք վերաբերում են բացառապես 1993 թվականի իրավիճակին, յուրաքանչյուր դեպքում դրանք խախտվել են հենց ադրբեջանական կողմից եւ դրանք ընդամենը զինադադարի մասին կոչեր էին։ Այսինքն՝ այստեղ հակամարտության կարգավորման եւ նրա վերջնական կարգավիճակի առումով դրույթներն ընդհանրապես բացակայում են»։ 

Այն, ինչ Ադրբեջանը փորձում է տասնամյակներ շարունակ իրականացնել եւ հակամարտությունն ինքնորոշման դաշտից տեղափոխել տարածքային հավակնությունների դաշտ, բայց չի հաջողում, Փաշինյանն է, ըստ Աղաջանյանի, հրաշալի իրականացնում․ «Վերջին պատերազմի մեղքը փորձում էր բարդել ապրիլյանի ժամանակ կնքված հրադադարի փաստաթուղթ չունենալու վրա, բայց քառօրյայի ժամանակ փաստաթուղթ ունենալը, որը պիտի ստորագրվեր Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, ինչին Ադրբեջանն ակտիվորեն ձգտում էր, փաստացիորեն ջնջելու էր 1994թ․ զինադադարի փաստաթուղթը, որի տակ, որպես կողմ, հստակ նշված է Արցախը, եւ իր մեղադրանքը պարզապես անտեղի է»։

«Մի վտանգավոր հանգամանք էլ կար իր բեմականացման ենթատեքստում․ նա հերթական անգամ փորձ է անում միջազգային հանրություն կոչվածին, որին բացառապես Արեւմուտքն է դիտարկում, ներկայացնել որպես վերին ատյանի դատավոր, որի խոսքն անբեկանելի է, անքննելի, եւ նրա որոշումը պետք է անխտիր իրականացվի։ Նման բան գոյություն չունի աշխարհում, բանակցային գործընթացը ցույց է տվել միջազգային հանրություն կոչվածի վերաբերմունքը եւ դրույթները՝ ըստ իրավիճակի եւ գործընթացի, եթե սեփական շահերը պաշտպանում ես, դու արդեն կարողանում ես, բնականաբար, քեզ համար շահավետ դիրքորոշումներ եւ ձեւակերպումներ ձեռք բերել»,- եզրափակում է տիկին Աղաջանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image