Հանրային գործիչ Նարեկ Մալյանը եւ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց եւ դիմել են ԱԺ պատգամավորներին, որ նման նախաձեռնությամբ հանդես գան խորհրդարանում։ Այսօր «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, «եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը»։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ԱԺ օրակարգ մտցնելու համար 36 ստորագրություն է հարկավոր:
Մինչ այս պահը իմպիչմենին միանալու վերաբերյալ կարծիք չեն հայտնել ժամանակին Արթուր Վանեցյանի եւ Սերժ Սարգսյանի համագործակցությամբ ձեւավորված ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թեեւ ՊՈՒ պատգամավորները բազմիցս խոսել են այդ մասին, իսկ Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք վարչապետի թեկնածու չունեն, բայց պատրաստ են այդ հարցը քննարկել «Հայաստան» դաշինքի հետ։ Սակայն անգամ եթե ՊՈՒ դաշինքի անդամները միանում են, առնվազն անհրաժեշտ է եւս 20 ստորագրություն, որպեսզի իմպիչմենտի գործընթացը սկսվի։
«Հրապարակը» զրուցել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինքն ինչ դիրքորոշում ունի իմպիչմենտի գործընթացի մասին, կմիանա՞ դրան։ Պատգամավորն ասաց, որ անլուրջ է վերաբերվում այս գործընթացին։ «Էդգար Ղազարյանին լուրջ չեմ վերաբերում, եւ նրա նախաձեռնած ցանկացած միջոցառման մասնակից չեմ լինի։ Իմ կարծիքով, Էդգարի նախաձեռնության նպատակը Փաշինյանին հեռացնելը չի, այլ փորձ է՝ վարկաբեկել «Հայաստան» խմբակցությանը, քանի որ ամենավերջին միամիտն էլ քաջատեղյակ է, որ անգամ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար բավարար թվով ձայներ չկան, էլ ուր մնաց իմպիչմենտ իրականացնելու։ Մեկ անգամ եւս շեշտում եմ անլուրջ մարդկանց նախաձեռնած որեւէ միջոցառման չեմ մասնակցելու»,-ասաց նա։