Հասարակություն

Գյումրիում Փաշինյանի քիմքին հաճո քահանա չգտնվե՞ց

Գյումրիում Փաշինյանի քիմքին հաճո քահանա չգտնվե՞ց

Մի քանի օր շարունակ Շիրակի թեմի հոգևորականները, կարելի է ասել, անցան լուրջ քննության միջով և, ըստ թեմի մեր աղբյուրների, այն հաղթահարեցին պատվով։ Բանն այն է, որ ուժայինները երեք օր շարունակ Գյումրու երեք եկեղեցիներում փորձում էին գտնել այն քահանային, ով կիրակնօրյա պատարագի ժամանակ կընդուներ իշխանության առաջարկը՝ չհիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում։ Սակայն, ի պատիվ հոգևորի դասի, իշխանությանը դա չի հաջողվել։

Ի սկզբանե առավել հարմար տարբերակ է դիտարկվել Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին, որը, ըստ տեղեկությունների, հենց Նիկոլ Փաշինյանն էր նախընտրել՝ համարելով, որ այն կապ չունի Միքայել Սրբազանի կամ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Մինչդեռ Յոթ Վերքում սրբազանի ներկայությունը զգացվում է ամեն քայլափոխի, իսկ Ամենափրկիչ եկեղեցին վերակառուցվել է Վարդան Ղուկասյանի օրոք։

Մեր տեղեկություններով՝ իշխանականների վերջին հույսը Տեր Ռուբեն քահանան է եղել, սակայն նա մինչև վերջ մնացել է սկզբունքային և հրաժարվել է կաթողիկոսի անունը «զեղչելու» առաջարկից։ Նման փորձեր արվել են նաև այլ հոգևորականների հետ, սակայն բոլորը կտրուկ մերժել են։

Ըստ թեմի մեզ փոխանցած աղբյուրների՝ հենց սա է դարձել պատճառը, որ վարչապետ Փաշինյանը որոշել է չընկրկել և պատարագին մասնակցել հենց Յոթ Վերքում՝ փորձելով ցույց տալ, որ եկեղեցու ներսում իր դեմ լուրջ դիմադրություն չկա, կամ առնվազն ստեղծել այն տպավորությունը, թե ինքը վերահսկում է իրավիճակը։ Ոմանց գնահատմամբ՝ նա այս քայլով փորձում է նաև շեշտել, որ եթե անգամ հանդիպում է դիմադրության, իր համար ավելի կարևոր է քաղաքական կամքի ցուցադրությունը, քան շրջանցման փորձերն ու անհաջող միջնորդությունները։

Նշենք, որ Շիրակի թեմն արդեն տեղեկացրել է, որ այդ օրը Յոթ Վերքում  պատարագը կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image