Հայաստանում ռուսական ալիքների հնարավոր փակումը հարված է ժողովրդավարությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ իշխող կուսակցությունից առանձին պատգամավորների հայտարարությունները երկրում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքի մասին։
Դիվանագետը դա անվանել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի հերթական դրսևորում և արդյունք։
Նրա խոսքով` դեսպանատան 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվության և ֆեյքերի տարածմամբ։
ՌԴ ԱԳՆ խոսնակի դիտարկմամբ, հենց այդ ֆոնին էլ ի հայտ են գալիս ռուսական ալիքների հեռարձակումն արգելելու անհրաժետության մասին պատգամավորների հայտարարությունները։
«Հայաստանում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհակասի Հայաստանի ներկայիս իշխանությունների հիմնական սկզբունքին և կարգախոսին։ Եթե նման մտքեր են թափառում այնտեղ, ապա պետք է հաշիվ տան իրենց, որ նման հայտարարություններով պարզապես վերջ են դրել ժողովրդավարական սկզբունքներին, որոնք իրենք հռչակել են որպես առաջնահերթություն»,- նշել է Զախարովան։
Միաժամանակ Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ մի շարք ռուս լրագրողներ արդեն հայտնվել են ՀՀ «սև ցուցակում»։