Նոյեմբերի 9-ին Բրյուսելում հայաստանյան ՀԿ-ները «Հայաստան-Եվրոպա» համաժողով էին կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանում հայտնի սորոսական շրջանակները, արեւմտամետները: Ֆորումն ուղիղ հեռարձակմամբ հրապարակվել է civic.am, Factor.am կայքերում, մի շարք այլ լրատվամիջոցներում։ Համաժողովին ներկա է եղել միայն Factor.am-ի լրագրող Ռոբերտ Անանյանը: Համաժողովի կազմակերպիչն «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմ» կոչվող միավորումն է` Հովսեփ Խուրշուդյանի գլխավորությամբ, մասնակիցներն էլ հայտնի շրջանակից են․ Լուսինե Հակոբյան, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Ստյոպա Սաֆարյան, Լեւոն Բարսեղյան, Ստեփան Գրիգորյան, ՔՊ-ամերձ ստատուսագիրներ էլ կային, Արծրուն Հովհաննիսյանն է եղել, եւ հայտնի բլոգեր Լապշինին նկատեցինք լուսանկարներում:
Կազմակերպիչների մեջ էր նաեւ «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանը, ով հայ հասարակությանը ծանոթ է Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի թիմից: Նա Դոն Պիպոյի բարեգործական հիմնադրամի նախագահն է եղել եւ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով մոտ մեկ տարի առաջ հեռացել է: Տեղեկացանք նաեւ, որ համաժողովին արեւմտամետ հայացքներ ունեցող մի շարք գործիչներ եւ կուսակցություններ եւս հրավիրված են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել: Պատմեցին, որ Արման Բաբաջանյանը, Դավիթ Սանասարյանը, Գայանե Աբրահամյանը եւս հրավեր են ստացել՝ համաժողովին մասնակցելու, ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը եւս հրավիրված է եղել, սակայն նա նույնպես չի մասնակցել:
Նախկին պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ Գայանե Աբրահամյանը մեր այն հարցին, թե ինչու չի մասնակցել նոյեմբերի 9-ի համաժողովին, որին արեւմտամետ հայացքներ ունեցող մի շարք անձինք են մասնակցել, հստակ պատասխան չտվեց, ասաց. «Ես հենց հիմա օդանավակայանում եմ, մեկնում եմ Արեւելյան գործընկերության տարեկան գագաթնաժողովին, դա կազմակերպել է հենց Բրյուսելը, որին մասնակցում են նաեւ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնակցելու են պլատֆորմի բոլոր պատվիրակները, հստակ ցանկ կա, իսկ ցանկը հաստատվում է Բրյուսելում»: Հովսեփ Խուրշուդյանը ե՞ւս մասնակցելու է այդ հավաքին։ Աբրահամյանն ասաց. «Այո, նա արդեն այնտեղ է, նա եւս պատվիրակ է: Կան կազմակերպություններ, որոնք պատվիրակներ են»:
Մենք զրուցեցինք նաեւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, ով ներկա է եղել «Հայաստան-Եվրոպա» համաժողովին: Նա նշեց. «Դա Եվրոպական միություն-Հայաստան կոնֆերանս էր, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ` Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից: Մասնակցում էր նաեւ Եվրամիության ավագ դեսպանն Արեւելյան համագործակցության երկրներում: Հայաստանի պատվիրակությունից էլ ներկայացել էր շուրջ երեք կուսակցություն` Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետությունը» եւ Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը: Երկու տասնյակից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ եւ այլն: Բավականին մեծ եւ պատկառելի պատվիրակություն էր, ներկա էին նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը»:
Հարցին, թե ինչու միայն այդ երեք կուսակցությունը, այլ արեւմտամետ կուսակցություններ ինչո՞ւ չէին մասնակցում համաժողովին, ասաց. «Տեղեկություններ այլոց վերաբերյալ չունեմ: Համակարգողը Հովսեփ Խուրշուդյանն էր: Ես պարզապես հրավիրված էի»: Իսկ ո՞վ է հոգացել հայկական պատվիրակության ծախսերը։ Խզմալյանն ասաց. «Եվրոպայի հայերի ասոցիացիան։ Դա, փաստորեն, գործարարների ասոցիացիա է: Այնպես որ, դա պետական նախաձեռնություն չէր, այլ՝ մասնավոր, մենք էլ ուղղակի հրավիրված էինք»: Ինչպե՞ս ստացվեց, որ ժողովրդավարության ջատագովները, ովքեր քրեաօլիգարխիկ բարքերին դեմ են, Դոն Պիպոյի նախկին թիմակցի կազմակերպած եւ նրա ՀԿ-ի ֆինանսավորած համաժողովին են մասնակցել։ «Ես վստահ չեմ, որ նա կապ ունի Դոն Պիպոյի հետ: Ամեն տեղեկություն չէ, որին պետք է հավատալ: Ինձ տեղեկացրին, որ դա զրպարտանք է, որի համար կա անգամ դատական գործ: Այնպես որ, ես նման հստակ տեղեկություններ չունեմ, ավելին` ինձ ասացին, որ նման բան չկա: Մենք համբալային տղերք այնտեղ չենք տեսել` մեզ համար»,- եզրափակեց նա: