Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ գրել է, որ հայկական թեստերը, որոնց արտադրության շուրջ իշխանությունը «ցըմփ, ցըմփ, հու» էին կազմակերպել, (ինչպեսև հայկական արտադրության արհեստական շնչառության սարքերի մրցույթը ԲՏԱ նախարարության կողմից ), մեռել է․ չկան հայկական թեստեր։ Իսկ մեր աղքատ երկրի բյուջեից ՀՀ կառավարությունը 550 հազար դոլար էր հատկացրել դրանց արտադրությանը: Մենք նախ զանգահարեցինք քովիդ թեստավորում անող մի քանի կլինիկաներ՝ «Պրոմթեստ», «Վարդանանց», հարցրեցինք՝ թեստավորումն անում են հայկակա՞ն, թե ներկրված թեստերով։ Ասացին՝ ներկրված։ Իսկ թե ինչու` չգիտեն։
ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն ասաց, որ հայկական արտադրության թեստերը վաղուց արտադրվել, վերջացել են։ Այնպես են արտադրվել ու սպառվել, որ ոչ ոք դրանց գոյությունը չի էլ տեսել: Եւ դա շատ նմանվում է փողերի պարզ լվացման:
Մենք զրուցեցինք ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ, ում կառավարությունը 550 հազար դոլար էր հատկացրել (որից 350 հազար դոլարը՝ նյութերի ձեռքբերման համար) կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության համար։
-Պարոն Առաքելյան, այդքան փող ծախսվեց տեղական արտադրության թեստերի վրա, իսկ հիմա արտադրություն չկա։
-Ի՞նչ է նշանակում՝ էդքան փող ծախսվեց, ինչքա՞ն ծախսվեց։
- Ձեզ հատկացածից 250 հազար դոլար, նաև նյութերի գումարը, փոքր գումար չէ։
-100 հազար թեստին ինչքա՞ն է անում։ Խնդրեմ կալկուլյատորի վրա բաժանեք։
-Բայց միլիոնից ավելի թեստավորում է արվել Հայաստանում, եթե դա պետք է «ադնառազովի» լիներ, էլ արտադրություն դնելու իմաստը ո՞րն էր։
- Բացատրեմ․ երբ մենք 1 թեստի համար 2․5 դոլարով արտադրոթյունը կազմակերպեցինք, թեստի արժեքը գնման, արտադրող կազմակերպությունից, մոտ 10-15 դոլար էր։ Տարբերությունը կարող եք, չէ՞, հաշվել։ Երբ մենք արտադրությունը կազմակերպեցինք և Հայաստանին մատակարարեցինք 100 հազար թեստ, էդ ընթացքում մենք երկրի համար խնայեցինք 750 հազար ԱՄՆ դոլար։ Դա ծրագիր էր ուղղված հենց դրան։ Որպեսզի էդ ծանր պայմաներում, երբ թեստերի դեֆիցիտ կար երկրում և ամբողջ աշխարհում, մենք կարողացանք մատակարարել թեստեր, որ թեստավորումը չկանգնի։ Եթե նայեք, դեկտեմբերի դրությամբ 100 հազար թեստը կազմել է ընդհանուր թեստերի 40 տոկոսի չափը։ Ինձ թվում է՝ էդքանից հետո ինչ-որ բան ասել թեստերի արտադրության մասին․․․
-Բա շարունակեիք, շարունակեիք խնայել պետական փողը։
- Մի մոռացեք, որ մենք գիտահետազոտական կազմակերպություն ենք, մենք դրանից հետո սկսեցինք անել ոչ պակաս կարևոր գործ։ Որ Հայաստանում ստեղծվեր վիրուսի շրջանառու շտամների իդենտիֆիկացիա։ Էն, որ գիտեք, որ Հայաստանում կար «Ալֆա» , հետո ուրիշ, հիմա՝ «Դելտա», դա մեր ինստիտուտի աշխատանքն է։ Մենք բիզնես ծրագիր չէինք անում, մենք ստացանք 250 հազար դոլարի նյութեր, արտադրեցինք 100 հազար թեստ և այդ ընթացքում մեկ լումա ինստիտուտը որպես կառույց չի վաստակել։ Այսինքն, մենք այդ պահին կարևոր խնդիրը լուծեցինք և շարժվեցինք առաջ։ Մենք նպատակ չունեինք առևտրային կազմակերպություն դառնալու, թեստ արտադրելու և վաճառելու։
-Իսկ չկայի՞ն կենսաբաններ, որոնց փոխանցեիք տեխնոլոգիաները, դուք էլ ձեր գործով զբաղվեիք։ Համ էլ աշխատատեղեր կստեղծվեին։ Ձեր աշխատակազմը որքա՞ն էր։
- Մեր աշխատակազմը 100 հոգի է, 100 հոգին զբաղված է շատ կարևոր գործերով։ Իսկ մնացած հարցերով դիմեք արտադրողներին, օրինակ՝ տարբեր դեղագործական կամպանիաներին և հարցրեք՝ ինչո՞ւ չուզեցան տեխնոլոգիան վերցնել և շարունակել։ Պատճառ․ Հայաստանում չկա կենսատեխնոլոգիական արտադրություն։ Ընկերություններ չկան։
-Ձեր տարածքում անեիք։
-Մենք ունենք ուրիշ առաջնահերթություններ։ Ոնց ձեզ ասեմ՝ ինչո՞ւ սամալյոտ չեք արտադրում կամ վակցինա չեք արտադրում։
-Բայց ես սամալյոտ, որ ուզենամ էլ չեմ կարող արտադրել, իսկ դուք՝ թեստ, կարող եք։ Կամ վակցինա։
-Դուք չգիտեք, կարող եք, թե չէ։ Իսկ վակցինայի համար մեզ պետք էին շատ ավելի մեծ ներդրումներ՝ արտադրական պրեցեսի մեջ։ Տարբերություն կա 100 հազար թեստ արտադրելու և 10 միլիոն թեստ արտադրելու միջեւ։
-Եվ մի բան ևս․ եթե այդքան էժան էր նստում հայկական արտադրության թեստը, ինչո՞ւ էին 15-20 հազար դրամով թեստավորում անում։
-Մենք էի՞նք անում։ Մասնավորների մասին մասնավորներից հարցրեք, ես չեմ կարող պատասխանել։ Մեր թեստի ինքնարժեքը եղել է 2․5 դոլար, մեր թեստերը տվել ենք ԱՆ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնին, մեր թեստերն օգտագործվել են անվճար թեստավորումների վրա՝ պետական կառույցներում ու հիվանդանոցներում։ Տեսնենք՝ ինչ վերնագրով է դուրս գալու այս հարցազրույցը։ Պատկերացնում եմ՝ ինչ է լինելու և վստահ եմ, որ վերնագիրն ու մեր խոսակցության բովանադակությունը ներկայացվելու է ուրիշ ձևով։ Հույս ունեմ, որ սխալվում եմ, բայց էն կարևոր միտքը, որ ասացի, էդ միտքը կորելու է ու հարցական է մնալու՝ բա որ տենց լավն էր, խի՞ հիմա չեն արտադրում։
-Վերնագրի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց նյութում Ձեր բոլոր մտքերը կմնան։