Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը վախենում է եւ շտապում

Նիկոլ Փաշինյանը վախենում է եւ շտապում

Նիկոլ Փաշինյանի հրահանգով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց եւ կալանավորվեց: Բայց կա մի հետաքրքիր դրվագ. Ղուկասյանը ձերբակալվեց ոչ թե խորհրդարանում տրված հրահանգի շրջանակներում, որ նա, խոսելով Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալու անհրաժեշտության մասին, ոտնձգություն է արել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ, այլ ձերբակալվեց մի ձայնագրության հիման վրա, որտեղ նա իբրեւ թե կաշառքի հարց է քննարկում: Երբ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ խոսողները պետք է դուրս շպրտվեն Հայաստանի քաղաքական դաշտից, Ղուկասյանը ոչ միայն չհերքեց իր հայտարարությունը, այլեւ, ընդհակառակը՝ հաստատեց, որ շարունակում է պնդել Հայաստանի՝ այդ միությանը միանալու անհրաժեշտության կարեւորությունը, որպես Հայաստանի թուրքացման միակ այլընտրանք, Փաշինյանը հասկացավ, որ այդ մեղադրանքով կալանավորելը կդառնա ոչ միայն խնդրահարույց, այլեւ Ղուկասյանին կդարձնի Հայաստանի թուրքացման դեմ պայքարի սիմվոլ: Կաշառքի ձայնագրությունն անորոշ է, կարող է անգամ կեղծ ու սարքված լինել, բայց կաշառքի թեման ուրիշ է:

Ինչո՞ւ Ղուկասյանին չկալանավորեցին ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարելու մեղադրանքով. ոչ միայն այն պատճառով, որ այդ հիմքով նրան կալանավորելով իշխանությունն ըստ էության կհաստատեր, որ նա քաղկալանավոր է, քանի որ կալանավորվում է իր քաղաքական հայացքների համար, այլեւ սարքեցին կաշառակեր եւ քրեական հանցագործ: Փաշինյանը վախեցավ, որ Վարդան Ղուկասյանի՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու մասին հայտարարության համար կալանավորելը կդիտվի թշնամական գործողություն Ռուսաստանի դեմ: Անկախ թե ինչ մեղադրանքով է կալանավորվել Ղուկասյանը, ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական, շատ օպերատիվորեն արձագանքեցին այդ գործողությանը՝ շեշտելով, որ կալանավորված քաղաքապետը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի միանալու կողմնակից էր՝ դրանով ընդգծելով, որ կալանավորման պատճառը նրա քաղաքական դիրքորոշումն է: Այս հարցը դեռ շատ է բարձրացվելու:

Ինչո՞ւ Փաշինյանը հիմա հրահանգեց կալանավորել Ղուկասյանին: Փաշինյանի վրա շատ ծանր է անդրադարձել հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում «Մեր ձեւով» շարժման բազմահազարանոց հանրահավաքը: Փաշինյանը, որ 2018-ից հետո ընդամենը մի հանրահավաք է կազմակերպել` 2023 թ․ Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, որին կարողացել է հավաքել 1000- 1500 մարդ, հիմա նախանձով ու ատելությամբ է նայում իր անձի ու իր իշխանության դեմ հանրահավաք անողների բազմամարդությանը: Փաշինյանին զեկուցել են, որ Գյումրու քաղաքապետը մեծապես աջակցել է «Մեր ձեւով» շարժմանը, նրա կողմնակիցները մասնակցել են հանրահավաքին: Կատաղության նոպայի պահին էլ նա կարգադրել է կալանավորել քաղաքապետին, դրա համար ինչ-որ հիմք հորինելով։

Փաշինյանը ոչ միայն վախեցած է, նա շտապում է: Հայաստանի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Փաշինյանի եւ նրա իշխանության: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է ռուս-ուկրաինական պատերազմից, ԱՄՆ-ն այլեւս ո՛չ նախկին ուժը եւ ո՛չ էլ ֆինանսական հնարավորություններ ունի՝ այդ պատերազմը սպասարկելու համար, ուզում է արագ կանգնեցնել պատերազմը, քանի որ Ռուսաստանն ավելի է ընդլայնում իր կողմից վերահսկվող տարածքը: Քանի դեռ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանը փորձում է չշեղվել այլ թեմաների վրա, նույնիսկ՝ իր համար կենսական նշանակություն ունեցող, որովհետեւ ցանկացած շեղում պահանջելու է ռեսուրսներ ազատել ուկրաինական խնդրի լուծումից, այսպես կոչված՝ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար: Եթե կամ երբ պատերազմը կանգնեցվի Ռուսաստանի պահանջների կատարմամբ՝ Ռուսաստանի տարածքային նվաճումների միջազգային ճանաչում, Ուկրաինային ՆԱՏՕ-ի մաս չդարձնելու պարտավորության ստանձնում, դա դիտվելու է որպես Ռուսաստանի հաղթանակ: Իսկ պարտվողը լինելու է ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ Եվրամիությունը, որի անդամ երկրները չեն էլ թաքցնում, որ իրենք փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ: 
Ինչպես գիտեք, հաղթանակած երկիրը կամ երկրները պարտվողներին այլ պահանջներ էլ են ներկայացնում:

Ռուսաստանը կարող է պահանջել, որ ԵՄ-ն դադարեցնի իր ընդլայնման քաղաքականությունը՝ իր հարեւանությամբ գտնվող երկրներում: Ուկրաինայի տարածքում պարտված եւ իր պարտությունը ճանաչած ԵՄ-ն չի կարողանա մերժել Ռուսաստանին, չեն կարող, չէ՞, նրանք նոր պատերազմի եւ նոր պարտության գնալ իրենցից ավելի հեռու տարածաշրջանում, ինչպիսին, օրինակ, Հարավային Կովկասն է:

Փաշինյանը դա տեսնում է եւ ուզում է, մինչեւ Ռուսաստանի կողմից իր հաղթանակի արձանագրումը, չեզոքացնել Հայաստանում գտնվող պրոռուսական կամ ոչ արեւմտական ուժերին, որպեսզի Ռուսաստանին զրկի այստեղ իր դեմ գործելու հնարավորությունից, որ Ռուսաստանը ստիպված լինի հաշվի նստել իր եւ իր իշխանության հետ: Իր շահերի տեսակետից Փաշինյանը կարծես գործում է անթերի, բայց արդյո՞ք պատերազմի ընթացքում իրեն շատ զուսպ եւ հանդուրժող դրսեւորող Ռուսաստանի իշխանությունն իրեն այդպես կպահի նաեւ հիմնական ռազմաճակատում հաղթանակ արձանագրելուց հետո: Ո՞վ գիտի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image