Տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ-ն այսօր Գերմանիայի նախաձեռնությամբ ծրագրում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական պատվիրակության դեմ։
Ըստ լրատվամիջոցների, Բաքվի դեմ պաշտոնական բողոքը կապված է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չհրավիրելու հետ։
Եվ ահա քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն արդեն սկսել է ընթացակարգ, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի իրավունքների սահմանափակման։
Նշվում է, որ գործընթացը պաշտոնապես նախաձեռնել է Սոցիալ-դեմոկրատական խմբի ղեկավար և ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։ Նա մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին երկրի ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ։
Ըստ կանոնակարգի՝ առնվազն 30 պատգամավոր սատարել է նախաձեռնությանը։ Այժմ, ինչպես նշում է
«Ուկրաինսկայա պրավդան», հարցը կուղարկվի մոնիտորինգի հանձնաժողով՝ զեկույց պատրաստելու համար, և հաջորդ նիստի օրերից մեկում ԵԽԽՎ-ն կորոշի՝ «արդյո՞ք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կոնկրետ ինչպիսի»:
Այս կոչը, բովանդակային պատճառներով, նույնական է այն կոչի հետ, որը նախկինում կիրառվեց Ռուսաստանի նկատմամբ՝ մինչև Եվրախորհրդից նրան հեռացնելը։