Քաղաքականություն

Ամերիկացիները հայերին դրել են կատարյալ տգետի տեղ, որոնք ո՛չ հաշվել գիտեն, ո՛չ համեմատել

Ամերիկացիները հայերին դրել են կատարյալ տգետի տեղ, որոնք ո՛չ հաշվել գիտեն, ո՛չ համեմատել

Հայ հասարակության մի զգալի հատվածը տեւական ժամանակ տառապում էր վենսացավով` շուտով կգա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ կլուծի մեր բոլոր խնդիրները` Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանի իշխանությունների կողմից բանտեր նետված քաղկալանավորների ազատ արձակում, Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավի կասեցում, Հայաստանի տնտեսական զարգացում եւ ներդրումներ, արդարության եւ համընդհանուր համերաշխության հաստատում, մի խոսքով՝ դրախտ կկառուցվի հենց հիմա` մի առանձին վերցված երկրի մասշտաբով:

Վենսը եկավ, եւ դրանից միակ օգուտ ստացողը եղավ Նիկոլ Փաշինյանը, Վենսի այցը Հայաստան ինչ-որ իմաստով նախընտրական էր, նա եկել էր ասելու, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ապօրինի, հակամարդկային եւ հակահայկական իշխանությունը: «Սա այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք՝ այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- հայտարարեց Վենսը՝ հասկացնելով, որ ամերիկյան վստահությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է վարչապետի անձով, նրա ղեկավարության շնորհիվ: Հետեւաբար այն, ինչ նա անում է՝ տասնյակ անմեղ մարդկանց կալանավորում, արշավանք Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւորականների դեմ, Հայաստանի թուրքացում եւ ազգային ինքնության ոչնչացում, դրա հետ ԱՄՆ-ն միանգամայն համաձայն է, ձեր նամակները պահեք ձեզ: 

Հայ հասարակությանը փորձում են մոլորեցնել, թե իբր ԱՄՆ նախագահը Հայաստանին խոստացել է 9 միլիարդի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, իրականում Ջեյ Դի Վենսը պահանջել է, որ աղքատ Հայաստանը 9 միլիարդի ներդրում անի ԱՄՆ տնտեսության մեջ, որի արդյունքում աշխատատեղեր կստեղծվեն ԱՄՆ-ում: Ըստ Վենսի՝ Հայաստանը եւ ԱՄՆ-ն ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։

«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչեւ 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, եւ ես նաեւ կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, եւ դա նաեւ կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր»։

5 միլիարդ ամերիկյան արտահանումը նշանակում է, որ ամերիկյան մոդուլային ատոմային ռեակտորը կամ ռեակտորները, որոնք հայտնի չէ, թե ինչ հզորություն ունեն, Հայաստանին արժենալու են 5 միլիարդ ամերիկյան դոլար: Եվս 4 միլիարդ դոլար արժենալու են միջուկային վառելիքը եւ այդ ռեակտորների սպասարկումը: Դատելով ԱՄՆ փոխնախագահի խոսքից՝ ատոմակայանների արժեքը Հայաստանը պետք է վճարի ամբողջությամբ եւ իր ունեցած միջոցներից, իսկ վառելիքը եւ սպասարկումը կարվի ինչ-որ այլ մեխանիզմով, հնարավոր է՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող վարկի: Ջեյ Դի Վենսը չի էլ թաքցնում, որ դրա արդյունքում մեծանալու է ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգությունը, քանի որ Հայաստանը 9 միլիարդի ներդրում է անելու ամերիկյան միջուկային արդյունաբերության մեջ, ստեղծելու է նոր պատվեր, ապահովելու է ամերիկյան ընկերությունների համար նոր աշխատատեղեր եւ եկամուտ:

Այս առիթով առաջանում են մի շարք հարցեր. ամենակարեւորն այն է, որ ԱՄՆ-ն չունի մոդուլային ատոմային ռեակտորներ, որեւէ կառուցված եւ շահագործվող ռեակտոր գոյություն չունի, կան ինչ-որ նախագծեր, բայց ոչ հաջողված օրինակներ: Հայաստանը պետք է սպասի, թե որքան՝ հայտնի չէ: Եթե անգամ այդ ռեակտորները լինեին, որտեղից Հայաստանը պետք է վերցնի այդ 5 միլիարդ դոլարը, կամ ինչպիսի մեծ լավություն է անում ԱՄՆ-ն՝ հայ հասարակության վրա բարդելով եւս 4 միլիարդ դոլարի վարկ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարժենա ամերիկյան մոդուլային ռեակտորի արտադրած էլեկտրաէներգիան, եթե դրա արժեքը լինելու է 9 միլիարդ դոլար, գումարած այդ վարկի սպասարկման տոկոսները, բացի վարկը, ուրիշ տարբերակ ուղղակի գոյություն չունի, ըստ գործող ռեժիմի պարագլխի, Հայաստանը նույնիսկ քովիդի դեմ է վարկային միջոցներով պայքարում:

Իսկ հիմա՝ ուշադրություն. Թուրքիայում ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը կառուցում է ատոմակայան՝ կազմված չորս էներգաբլոկից, յուրաքանչյուրի հզորությունը՝ 1200 մեգավատ: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի հզորությունը, որը 1995 թվականին վերագործարկվել է, 400 մեգավատ է, եւ այն չի համարվում փոքր կամ մոդուլային: Թուրքիայում կառուցվող էներգաբլոկներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է ընդամենը 6 միլիարդ դոլար: 6 միլիարդ դոլար՝ 1200 մեգավատի համար, եւ 9 միլիարդ՝ մոդուլային էներգաբլոկի համար, որի հզորությունն անհայտ է: Ընդ որում, «Ռոսատոմը» կառուցում է իր միջոցներով, պայմանով, որ ինքն էլ վաճառելու է էլեկտրաէներգիան եւ ստացած շահույթով փակելու է իր ծախսերը: 
Ամերիկացիները հայերին դրել են կատարյալ տգետի տեղ, որոնք ո՛չ հաշվել գիտեն, ո՛չ համեմատել: Կա՛մ Հայաստանը համարում են իրենց անձնական օգտագործման անասնաֆերման, իսկ հայ հասարակությանը՝ անասունների հոտ, որի գոյության եւ կյանքի իմաստն իրենց գոյությամբ եւ աշխատանքով ամերիկյան տերերին եկամուտ ապահովելն է: 

ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի`առաջնորդության վերջը եկել է, աշխարհի բազմաթիվ երկրներ միավորվում են՝ այդ առաջնորդության վերջը տալու եւ ավելի արդար համաշխարհային կարգ հաստատելու համար, Հայաստանը, փոխանակ միանալու այդ պայքարին, ավելի ու ավելի է խրվում ստրկության ճահճի մեջ, որովհետեւ Փաշինյանի երազանքը բազմաստիճան ստրկությունն է, ինքը ստրուկ է ամերիկացիների մոտ, ամերիկացիներն իրեն վերակացու են նշանակում հայ ստրուկների վրա: Անգամ եվրոպացիներն են ընդվզում ԱՄՆ-ի դեմ, տեսեք, թե ինչպես են սուլում նույն Ջեյ Դի Վենսին Միլանի մարզադաշտում, երբ նա ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի հետ անցնում է տրիբունաների մոտով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image