Վերլուծություն

Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է…

Մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է…

Տարոն Չախոյանին, կարծես, հանգիստ չի տալիս այն միտքը, որ Սամվել Կարապետյանը հայտարարել էր՝ եթե ընտրվի վարչապետ, պատրաստ է աշխատել 1 դրամով։

Երիտասարդին հիշեցնեմ՝ այդ խոստումը վերաբերում էր վարչապետի պաշտոնին ընտրվելուն։ Այսինքն՝ այն կարելի էր ստուգել միայն այն դեպքում, եթե այդ մարդը դառնար վարչապետ։ Բայց Սամվել Կարապետյանը վարչապետ չի ընտրվել, հետևաբար ինչպե՞ս կարող էր 1 դրամով աշխատել կամ իր խոստումը կատարել։ Սա նույնն է, ինչ ասել․ «Տեսա՞ք, լողալ չգիտի», երբ մարդը նույնիսկ ջուրը չի մտել։

Այդուհանդերձ, Տարոն Չախոյանը մեծ վստահությամբ եզրակացնում է․ «1 դրամով աշխատելու թեզը նախընտրական փուչիկ էր, որն ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, պետք է պայթեր»։

Եթե 1 դրամի խոստումը նախընտրական փուչիկ էր, ապա նույն չափանիշով եկեք հիշենք նաև այն խոստումներն ու հայտարարությունները, որոնք տարիներ շարունակ տվել է ձեր իշխանությունը։ Սկսենք «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից, հասնենք «Աղդամը իմ հայրենիքն է»-ին։ Մնացածը նույնիսկ թվարկել պետք չէ․ ժամանակը ցույց է տվել, որ շատ հայտարարություններ իրականության հետ լուրջ հակասության մեջ են հայտնվել։
Բայց ամենազավեշտալին այն է, որ հիմա վարչապետի պաշտոնին վերաբերող խոստումը փորձում են տեղափոխել պատգամավորի աշխատանքի վրա։

«Ձևիստները փաստորեն 1 դրամով միայն վարչապետ էին պատրաստ աշխատել, իսկ պատգամավոր՝ ոչ»։
Այստեղ առաջանում է մի պարզ հարց․ ինչո՞ւ եք վարչապետի պաշտոնին վերաբերող խոստումը մեխանիկորեն դարձնում պատգամավորի պարտավորություն։ Եթե մարդն ասել է՝ «եթե վարչապետ ընտրվեմ, կաշխատեմ 1 դրամով», ապա խոսքը չէր վերաբերում պատգամավորի մանդատին։

Իսկ եթե իսկապես խոստումների չափանիշով ենք գնահատում քաղաքական ուժերին, ապա այդ չափանիշը պետք է կիրառել բոլորի նկատմամբ, ոչ թե ընտրովի։

Եվ այդ դեպքում ակնհայտ է դառնում մեկ բան․ 1 դրամն էլ է շատ այն իշխանության համար, որը տարիներ շարունակ սեփական խոստումների համար պատասխան չի տվել։ Հետևաբար՝ մեկ դրամն էլ է շատ, որ ձեր իշխանությունը ստանում է մեր հարկերից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image