Քաղաքականություն

«Հրապարակ»․ Այդ հայտարարությամբ ԱԽՔ-ն Արեւմուտքին ցույց է տալիս, որ ինքն է Փաշինյանին փոխարինողը

«Հրապարակ»․ Այդ հայտարարությամբ ԱԽՔ-ն Արեւմուտքին ցույց է տալիս, որ ինքն է Փաշինյանին փոխարինողը

Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու փուչիկը պայթելուց կարճ ժամանակ անց տեղեկատվական դաշտ նետվեց հերթական «աննախադեպ» լուրը` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Հայաստանն ԱՄՆ-ի հետ նոր ատոմակայանի կառուցման հարցն է քննարկում։ «Մտել ենք շատ առարկայական փուլ, այսինքն՝ մենք հիմա Միացյալ Նահանգների հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը։ Առանց այդ դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է: Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետեւ մենք սկսենք աշխատել»,- «ՀՀ-Արեւելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները եւ հնարավորությունները» ֆորումի օրերին հայտարարել էր նա՝ հարցը ներկայացնելով երկրի դիմակայունությունը բարձրացնելու եւ մեկից կախվածությունը նվազեցնելու լույսի ներքո։

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցով հայ-ամերիկյան բանակցություններից հանրությանը շատ բան հայտնի չէ։ Այս տարվա ապրիլի 26-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն առանց մանրամասնելու ասել էր, թե նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաեւ ամերիկյան կազմակերպություններ։ Իսկ ապրիլի 5-ին բրյուսելյան հայտնի հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, նաեւ՝ էներգետիկ ոլորտում: Հանդիպումից հետո Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը եւ էներգետիկ անվտանգության ապահովմանը: Սա այն է, ինչ հայտնի է բաց աղբյուրներով։

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը պնդում է` ԱՄՆ-ի հետ որեւէ համաձայնություն գոյություն չունի, ու լուրջ մակարդակով երբեւէ բանակցություններ չեն վարվել. «Չի եղել նման բան, հետեւաբար, հայտարարությունը, որն արվել է այդ անձի կողմից, կեղծիք է՝ ծայրից ծայր։ Սա հերթական փիառ գործընթացն է, գաղտնիք չէ, որ այս ռեժիմը ժամանակ առ ժամանակ նման կեղծ հայտարարություններ է գցում դաշտ։ Չկա ոչ մի համաձայնություն կամ առարկայական բանակցություն՝ Հայաստանում ռեակտոր կառուցելու համար։ Սա՝ առաջինը։ Տարիներ առաջ խոսում էին Հայաստանում հնարավոր ամերիկյան մոդուլային կայանի կառուցման մասին, բայց նմանատիպ մոդուլային կայաններ ԱՄՆ-ն թույլ չի տվել իր տարածքում՝ կան անվտանգության հետ կապված խնդիրներ, եւ ԱՄՆ-ն իր տարածքում այն չի թույլատրում, հետեւաբար, բերել, նման բան Հայաստանում կառուցել՝ ոչ միայն ավանտյուրա է, այլեւ ուղղակի հանցագործություն»։

Մոդուլային ռեակտորների մասին Փաշինյանը խոսել էր նաեւ կառավարության փետրվարի 8-ի նիստի ժամանակ` հայտարարելով, թե Հայաստանը դիտարկում է մոդուլյար ատոմակայանի կառուցման հնարավորությունը, որն «առավել անվտանգ է»:

Մոդուլային կայանները, ըստ Մանվելյանի, հարմար են խոշոր պետություններին։ Դրանք կառուցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը։ Հայաստանի նման փոքր պետության համար դա մեծ ճոխություն է։ Ըստ նրա՝ Հայաստանը կարիք ունի 600 մեգավատանոց ռեակտորի, ուստի, մոդուլային ռեակտորների ծրագիրը չի կարող օգտակար լինել մեր երկրին։ Մյուս կարեւոր հարցն այն է, թե ինչ է լինելու վառելիքի՝ ուրանի հետ, եթե անգամ ընդունենք, որ ամերիկյան կողմի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն իսկապես առարկայական փուլում են։ Աշխարհում 2 երկիր կա՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որոնք օգտագործված ուրանը հետ են տանում ու վերամշակում, ԱՄՆ-ն, մասնագետի խոսքով, չունի ո՛չ նման փորձ, ո՛չ վերամշակման տեխնոլոգիաներ, հետեւաբար՝ ի՞նչ է լինելու ուրանի հետ։

Մանվելյանը բացատրում է՝ առհասարակ, ատոմակայան ԱՄՆ-ն չի կառուցում, կառուցում է Westinghouse կոչվող խոշորագույն մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացել է միջուկային էներգետիկայի ոլորտում եւ, բնականաբար, կոմերցիոն շահ պետք է ունենա: Ուստի, առաջանում է հաջորդ հարցը՝ ո՞վ է ֆինանսավորելու նման ծրագիրը։ «Westinghouse-ի մեկ ռեակտորի արժեքը սկսվում է 12 միլիարդ դոլարից, երբ Թուրքիան մրցույթ հայտարարեց, մի փոքր իջեցրին գինը` 12-ից 8 միլիարդի։ Մոդուլային կայանները, որոնք, ինչպես նշեցի, վտանգավոր են, եւս գումար արժեն։ Ես պնդում եմ, որ Westinghouse-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ չեն գնում, իսկ Հայաստանում ատոմակայան կառուցել-չկառուցելու հարցը Բայդենի կամ Թրամփի իշխանությունը չի որոշելու, որոշելու է ընկերությունը՝ ելնելով այն վճարներից, որը հայկական կողմը կարող է վճարել»։

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԽՔ-ի հայտարարությունն աշխարհաքաղաքական հարթությունում է դիտարկում։ Ատոմակայանը ռազմավարական նշանակության օբյեկտ է, ու Հայաստանն աշխարհին հետաքրքիր է, այդ թվում՝ հենց ատոմակայանով։ «Այս պայմաններում, երբ կոլեկտիվ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պայքար, ակնհայտ է, որ Հայաստանի հետ կապված պրոցեսների վրա էական ազդեցություն ունենալու է նա, ով վերահսկում է ատոմակայանը, ուստի խնդիրը կդիտարկեմ քաղաքական հարթության մեջ՝ առանց խորանալու մեր էներգետիկ հաշվեկշռի, Հայաստանի ու Իրանի միջեւ հոսանքի փոխանակման ու, ընդհանրապես, էլեկտրաէներգիայի շուկայի մեջ։ Ատոմակայանը կանաչի չէ, որ երկու հոգուց գին հարցնես, մեկից գնես։ Պետք է նայենք, թե կողմերն ինչ տարբերակներ են առաջարկում։ Առանց խոր մասնագիտական վերլուծության պնդում անելը նշանակում է քաղաքական ուղերձ, որն անում է ԱԽՔ-ն»,- ասում է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ վերջին իշխող թիմի ամենաարեւմտյան ուղղվածությունն ունեցող անձն է։ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը, ըստ պատգամավորի, մեկ նպատակ ունի՝ Արեւմուտքին ցույց տալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխարինողը։

«Նիկոլ Փաշինյանի ամբողջական, շարունակական եւ կատարյալ ձախողումները նաեւ, վերջիվերջո, սպառնում են Արեւմուտքի հեղինակությանը։ Մարդիկ նայում,ասում են՝ դե, Փաշինյանը, որին Արեւմուտքն աջակցում է, բոլոր հարցերում ձախողակ է, հետեւաբար, սխալ մարդու է ընտրել, այսինքն՝ Արեւմուտքի նկատմամբ էլ է վստահությունը նվազում։ Այնպես որ, չեմ զարմանա, որ Արեւմուտքում կլինեն ուժեր, որոնք կմտածեն Փաշինյանին ավելի վստահելի մեկով փոխելու մասին, ու այդ մրցապայքարում Արմեն Գրիգորյանն իրեն տեսանելի է դարձնում»,- համոզված է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով՝ մինչեւ 2036-ը երկարաձգելու մասին համաձայնություն էր ձեռք բերվել ռուսական կողմի հետ։ 1976-ին շահագործման հանձնված Հարավային Կովկասի միակ ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 2016-ին էր ավարտվում, ու այդ ժամանակից ի վեր պարբերաբար երկարաձգվել է։ Ատոմակայանի տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image