Քաղաքականություն

Եթե նամակ է ուղարկվել, ու պատասխան ստացվել, ուրեմն գործընթացը սկսվել է

Եթե նամակ է ուղարկվել, ու պատասխան ստացվել, ուրեմն գործընթացը սկսվել է

Անցած օրերին շատ խոսվեց այն բազմաչարչար նամակի մասին, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի ԱԳՆ-ից եկած պատասխանը եւ դրա արձագանքները մեկնաբանեց անգամ լռությունը հազվադեպ խախտող Տեր-Պետրոսյանը․ «Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ պարտավորված եւ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ»։

Հիշեցնենք, որ ԱԳՆ հաղորդագրության մեջ նամակի մասին ասվում էր․ «Հաշվի առնելով մարտական գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»։ ՌԴ ԱԳՆ-ն էլ պատասխանել էր, որ հաստատում են ՌԴ «հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորությունների մասով, այդ թվում՝ պարտավորությունների, որոնք բխում են 1997թ. օգոստոսի 29-ի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրից»։

Վերջում նշվում էր, թե Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:
Ահա, ՀՀ վարչապետ-Մարիա Զախարովա փոխադարձ հայտարարությունները ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը, հիշեցնենք, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է, որակել էր որպես «կարեւոր գործընթաց», որի մեկնարկը տրված է․ «ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, եւ վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան, ՌԴ ԱԳՆ-ն ասել է այո՝ բոլոր կետերով»։ Եվ նաեւ ինչ-որ մաս՝ ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանին․ «Մեծարգո նախագահ, այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարեւոր ու որոշիչ դրվագներից է, եթե կուզեք՝ ամենակարեւորը։ Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսեւորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը եւ պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ»։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ խորհրդակցություններ են, ինչպես է տրված գործարքի մեկնարկը, եւ հարցեր ուղղեցինք ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ովքեր են ներգրավված գործընթացին, ինչ ընթացքի մեջ է եւ այլն, սակայն Մանե Գեւորգյանն առաջարկեց դիմել ԱԳՆ։ Իսկ Դուք որեւէ մեկնաբանություն չունե՞ք։ Ասաց՝ ոչ։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին էլ հարցրինք՝ կարո՞ղ եք հավաստիացնել, որ գործընթացը սկսվել է, եւ դա ինչպե՞ս է արտահայտվում։ Նա ասաց․ «Արդեն իսկ նամակն ուղարկելով՝ գործընթացը սկսվել է։ Եթե հայկական կողմն ուղարկում է նամակ, ու դրան պատասխանում է ռուսական կողմը, նշանակում է՝ համապատասխան գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Ինքն իրենով արդեն գործընթաց է։ Բայց այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հաղորդել»։

Շատերը, այդ թվում՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համացանցում իրենց տարակուսանքն էին հայտնել, թե ինչու է նամակի հիմքում դրվել միայն 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, եթե կարող էին հիշատակվել այլ կարեւոր հիմքեր եւս․ ՀՀ-ՌԴ 1995թ․  կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը, որում 2010 եւ 2016 թվականներին կատարվել էին մի շարք կարեւոր լրացումներ։ Դրանց կարեւորությունն այն է, որ այդ փոփոխություններով ընդլայնվել են Հայաստանում 102-րդ ռազմաբազայի պարտավորությունները հայկական կողմի հանդեպ։ Ըստ այդմ՝ ռազմակայանը ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը ողջ սահմանով, ինչպես նաեւ այն, որ ռուսական կողմն աջակցում է ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին։ 2016 թ․ ստորագրված «ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագրով էլ նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար, իսկ ՀՀ տարածքային ագրեսիայի սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

ԱԳՆ խոսնակին նաեւ հարցրինք, թե ինչու է հղում արվել միայն 97թ․ հայ-ռուսական համաձայնագրին։ Նա ասաց․ «Ես էլ եմ ծանոթ իրավաբանական դիսկուրսին։ Տեղյակ ենք։ Այս իրավիճակում որոշվել է 97 թվականի պայմանագրով անել, որովհետեւ այնտեղ կա համապատասխան դրույթ 2 երկրների պարտավորությունների մասին»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները տարածում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանի կողմից ուղղված նամակի մի տեքստ-խնդրագիր․ Նաղդալյանին խնդրեցինք հերքել կամ հաստատել նման նամակի գոյությունը։ Նա ասաց․ «Նման տեղեկություն չունեմ, կփորձենք ճշտել»։

ՀԳ․ Մենք այս «գործընթացի» մասին փորձեցինք լրացուցիչ մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանից։ Ռուբինյանն ու Իգիթյանը չպատասխանեցին մեր զանգերին, իսկ Քոչարյանը հայտարարեց, որ նման հարցի շուրջ չի կարող մեկնաբանություն տալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image