ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավոր է կանգնեցնել մի քանի շաբաթվա ընթացքում: Նախկինում եւս Թրամփը նման հայտարարություններ արել է: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ եթե անգամ խոսք է գնում պատերազմը դադարեցնելու մասին, ապա հաշվի է առնվում ոչ թե ռազմաճակատում տիրող իրավիճակը, այլ ավելի շատ այն, որ Ուկրաինայում տեղի կունենան ընտրություններ` Զելենսկին չի հաղթի, եւ նոր իշխանություններն ավելի հակված կլինեն Ռուսաստանի հետ բանակցությունների գնալ:
«Ուշադրություն դարձրեք` բառացիորեն հենց այսօր Ուկրաինայի Ռադան հրաժարվեց երկարաձգել Զելենսկու նախագահության պաշտոնավարման ժամկետն առանց ընտրությունների: Այսինքն, խաղաղության ճանապարհը ոչ թե զինամթերքի, սպառազինության մատակարարման դադարեցումն է եւ Ուկրաինայի պարտությունը, այլ այն, որ Ուկրաինայում հաստատեն նոր իշխանություն, եւ այդ իշխանությունն ավելի հակված լինի բանակցային գործընթացի»,-ասաց Բաղդասարյանը: Իսկ Ռադայում մեկնարկած գործընթացն առանց Զելենսկու թույլտվությա՞ն է ընթանում: Քաղաքագետը կարծում է, որ այդ գործընթացներն արդեն Զելենսկու վերահսկողությունից դուրս են: Նրա կարծիքով, Զելենսկու թիվ մեկ քաղաքական հովանավորը մինչեւ հիմա Միացյալ Նահանգներն էր, եւ այդ հովանավորության բացակայությունը Ուկրաինայում միանգամայն նոր ներքաղաքական վիճակ է ստեղծում: «Եվ պատահական չէ Ռադայի այդ որոշումը, որովհետեւ մինչ այդ Ռադան կարծես թե որեւէ լուրջ տարաձայնություն չուներ Զելենսկու հետ»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը: