Հասարակություն

Ծիծաղեք, լալու համար արդեն ուշ է

Ծիծաղեք, լալու համար արդեն ուշ է

Չինացի գրող Շը Ճըցունի խոսքերով, շատերը կարծում են, որ ուրախությունն ու ծիծաղը փոխկապակցված են։ Սա նշանակում է, որ եթե սրտումդ ուրախություն է, ապա դեմքդ անպայման ծիծաղում է։ Բայց արդյո՞ք ծիծաղն ուրախության բավարար արտահայտումն է, մի՞թե պարտադիր է ծիծաղել, երբ ուրախ ես։ Իրականում, անուրախ ծիծաղը մեր օրերում ավելի շատ է պատահում, քան ուրախությունը՝ առանց ծիծաղի։

Ուզում եմ այս իմաստուն բառերով հիմնավորել, թե ինչու ենք այսօր ծիծաղում այն իրավիճակի վրա, որում հայտնվել ենք ազգովի՝ գիտակցաբար, իսկ անհատապես՝ ակամա։ Համաձայնեք, որ այսօր լուրերին հետեւել ու զսպել ծիծաղը՝ ուղղակի շատ դժվար է։ Ընդ որում, այն, ինչի վրա հիմա ծիծաղում ենք, նախ եղել է շատ տխուր, առաջացրել է լաց ու անելանելիության զգացում, ապա աբսուրդը զարգացել է՝ մեզ անընդհատ զարմացնելու ճանապարհով, հետո եկել է զզվանքի զգացումը, իսկ հիմա զարմանալն է դժվար, լացելը՝ ուշ, իսկ չծիծաղելը՝ այլեւս անհնար։ Ընդ որում, կարելի է ծիծաղել զզվանքին զուգընթաց։ Եթե նայելով «չաղոթքի» պատարագների կադրերը, տեսնելով խորանի առջեւ լուրջ դեմքով չոքած պաշտոնյաներին, դեռեւս ծիծաղելու ցանկություն չենք ունենում, ուրեմն դեռ լացի, զզվանքի կամ զարմանքի էտապում եք, ծիծաղին ուղղակի դեռ չեք հասել, բայց անխուսափելիորեն գալու է նաեւ այդ պահը։

Արդյոք ծիծաղելի չէ՞ լսել, թե ինչպես է մեկը դիմում Աստծուն՝ ասելով․ «Ներիր, որ քեզ մենակ եմ թողել»։ Ո՞վ ես դու, որ մենակ թողնես Աստծուն եւ կամ ընկերակցես ու պաշտպանես նրան։ Ծիծաղելի չէ՞ արդյոք այդ միտքը՝ իր ողջ ամբարտավանությամբ հանդերձ։ Իսկ երբ մեկն ասում է․ «Ես եկել եմ պատարագի ոչ թե վարչապետի, այլ Աստծո կանչով», կարելի է զարմանալ այդ անվախ ու անվերապահ լկտիության վրա, բայց կարելի է նաեւ ծիծաղով պատասխանել․ «Հանգիստ գնացեք ձեր գործին, Աստված մեզ ասաց, որ ձեզ չի կանչել»։ Եթե սա այս ցավոտ ու տխուր իրավիճակում ծիծաղելի չէ, ուրեմն ծիծաղելի չէ նաեւ այս անեկդոտը․ 

Հոգեբուժարանում մի հիվանդ բարձր գոռում է. 
- Ես Նապոլեոնն եմ։
Մյուսը հարցնում է.
- Ի՞նչ իմացար։
Նապոլեոնը, թե` Աստված ասաց ինձ։
Բայց հենց այդ պահին մի ձայն մյուս սենյակից բղավում է․
- Չէ, ես նման բան չեմ ասել։

Սովետական КГБ-ի հայերեն փաստաթուղթը (Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ) նույն կարգի ծիծաղ առաջացրեց բոլոր նրանց մոտ, ովքեր սովետի ժամանակ գոնե ժէկի թուղթ են տեսել ու գիտեն, որ այն երկլեզու էր, իսկ խորհրդային КГБ-ի թղթաբանությունը` անգամ երկլեզու չի էլ եղել, այլ միայն՝ ռուսերեն։ Եվ ինչպես չծիծաղես, երբ խորհրդային պետության կարգերից նվազագույն պատկերացում չունեցող երիտասարդ պաշտոնյաները ցնծությամբ հայտարարում են իրենց ահավոր շոկի մասին, երբ տեղեկացել են այդ փաստաթղթի մասին։ Ցանկություն է առաջանում հանել նրանց այդ շոկից, նախ ասել՝ «հանգիստ եղեք, այդպիսի թուղթ երեւի ձեր պապիկն էլ կունենա, եթե իմ պապիկի նման չի հալածվել խորհրդային պետության կողմից, բայց իրենից մի ինչ-որ բան ներկայացնող մարդ է եղել»։ Եվ վերջապես` չկա այդ պետությունը, փլուզվել, վերացել է, բայց Հայաստանն էլ այսօր ունի Ազգային անվտանգություն, ու, վստահաբար, այնտեղ կան գրանցված մարդիկ, ովքեր այսօր ապահովում են ձեր իշխանությունը, եւ հուսանք, որ մի օր նրանց անունները կիմանանք ու էլի կծիծաղենք ու էլի՝ առանց որեւէ շոկի։

Կարելի է թվարկել անթիվ-անհամար հատարարություններ, մտքի հակասություններ, ելույթներ, գործողություններ, որոնք առաջացնում են տխրությունը հաղթահարած ծիծաղ՝ աբսուրդի թատրոնի հանդիսատեսին թույլ չտալով ձանձրանալ։ Ի դեպ, այս իրավիճակում ծիծաղը ոչ միայն էմոցիա է, այլ նաեւ զենք, երբ լրջորեն քեզ խաբում են, անամոթաբար ստում ու կարծում, թե կհավատաս, պետք է ուղղակի ծիծաղել՝ այդ իրավիճակում հաղթելու համար։

Ուրեմն առաջարկում եմ ընդդիմությանն ու բանական ընտրողներին՝ հաճախ ծիծաղել, ցանկացած դեպքում ծիծաղել, ոչ թե զարմանալ կամ լրջորեն հակադարձել, այլ բացահայտ ծիծաղել ու ցույց տալ, որ այս անհեթեթ գործողությունների ու անլուրջ հայտարարությունների բուն նպատակը, իմաստն ու բովանդակությունը մեզ լիովին հասկանալի են, եւ դրանց մենք այլեւս լուրջ չենք արձագանքում։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image