Նոյեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նիստ է արել ու որոշել 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.5 տոկոս։ Դրանով ԿԲ-ն նպատակ ունի զսպել գնաճը։ Նույն օրը հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նախ հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 9.9 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 10.5 տոկոս։ Ապա ներկայացրեց, որ իրենց որդեգրած դրամավարկային քաղաքականության սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ԿԲ նախագահին։
- Տեսակետ կա, որ ԿԲ-ն ավելի շատ փոխարժեքի կառավարմամբ, մասնավորապես՝ դրամի արժեւորմամբ է փորձում զսպել գնաճը, եթե բարձրացրած չլինեիք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որքա՞ն կկազմեր գնաճը։
- Ուրեմն ասեմ՝ փոխարժեքը հետեւանք է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացի։ Այսինքն՝ մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ, ինչն արտահայտվում է թե՛ տնտեսական աճի թվերի մեջ՝ ծառայությունների ոլորտի, առեւտրի ոլորտի աճի շնորհիվ, թե՛ նաեւ փոխարժեքի որոշակի արժեւորման տենդենցներով պայմանավորված, որովհետեւ էդ մարդիկ, ովքեր տեղափոխվել են Հայաստան, բիզնես են անում այստեղ, իրենց հիմնական ծախսման ուղղություններն արժութային են։ Հիմա, այդ քաղաքականության ներքո, քանի որ, մենք, ունենք ազատ լողացող փոխարժեք, Կենտրոնական բանկը, բնականաբար, արժութային շուկային միջամտում է այն դեպքերում, երբ մենք զգում ենք, որ շուկան խեղաթյուրվում է։ Ու, էս պարագայում, քանի որ գիտեք՝ սեպտեմբերին Ռուսաստանում եղան մի շարք որոշումներ, որոնք պայմանավորված էին ռուս-ուկրաինական կոնֆլիկտով, դրա արդյունքում մենք նկատում ենք, որ արժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է, ինչն անարձագանք չէինք կարող թողնել։ Ինչ վերաբերում է հիմնական դրայվերներին, որոնց արդյունքում տեսնում ենք, որ գնաճը հետեւողականորեն մնում է բարձր մակարդակների վրա, մենք դրա դեմ պայքարում ենք մի քանի եղանակով, որոնցից առաջինը տոկոսադրույքն է, երկրորդը փոխարժեքի արժեւորումն է, որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորեն զսպելուն։ Եթե մենք չմիջամտեինք, տոկոսադրույքն այդ չափով չբարձրացնեինք, ու փոխարժեքն էլ այս չափով չարժեւորվեր, մեր գնահատականներով՝ գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում։ Հիմա գնաճը 9.9 տոկոս է, բայց մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարվա վերջ կունենանք շուրջ 10 տոկոս գնաճ։ Մեր այսօրվա գործողությունները միտված են նրան, որ մյուս տարվա երրորդ եռամսյակում մոտենանք թիրախին, այսինքն՝ 4 տոկոսին։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիմնականում ազդելու է սպառողական վարկերի վրա, իսկ արդյոք այն կազդի՞ նաեւ հիպոթեքային վարկերի վրա եւ ինչպե՞ս կազդի։ Կարծիք կա, որ չի ազդի։
- Կարծիքները տարբեր են, կան տեսակետներ, որ նաեւ որոշակիորեն արդեն իսկ ազդեցություն ունեն տոկոսադրույքները, որովհետեւ հիպոթեքային վարկերի մի մասը լողացող տոկոսադրույքով է։ Լողացող տոկոսադրույքն էսպես է կազմվում՝ կա հիմնական տոկոսադրույք, եւ կա լողացող մաս։ Հիմա, այդ հիմնական տոկոսադրույքի փոփոխման արդյունքում ընդհանուր տոկոսադրույքը բարձրանում է։ Շատ բանկերի մոտ, որպես հիմնական տոկոսադրույք, վերցվում է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ուղղակի ինքը լագային է ազդում։ Էնտեղ որոշակի տոկոս պիտի բարձրանա, որի արդյունքում նոր հաճախորդի համար կարող է տոկոսադրույքը բարձրանալ։ Այսինքն՝ մեխանիզմների դիզայնի հարց է, այլ ոչ թե՝ քաղաքականության։ Մեր քաղաքականության ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք ուզում ենք լինել հակացիկլիկ, այսինքն՝ փորձում ենք քաղաքականությունը վարել այնպես, որ լավ ժամանակներում, ինչպես հիմա է, ստեղծենք հնարավորություն կամ պարտադրենք, որ բանկային համակարգը ձեւավորի որոշակի բուֆերներ, որ երբ որ գա ավելի բարդ ժամանակաշրջան, կարողանանք այդ բուֆերները բաց թողնել, որ իրենք տնտեսությունը վարկավորեն, հիպոթեքային վարկեր տան։ Այսինքն՝ տնտեսական քաղաքականության նպատակը հենց այդ ցիկլերի հարթման մեխանիզմն է՝ լավ ժամակներում ստեղծել պաշար՝ վատ ժամանակներն ավելի հեշտ հաղթահարելու համար։
- Իսկ գնահատե՞լ եք այն ռիսկը, որ տոկոսադրույքների բարձրացումը կարող է սոցիալական խնդիրների առջեւ կանգնեցնել քաղաքացիներին, ովքեր չեն կարողանա նպաստավոր պայմաններով վարկեր վերցնել՝ իրենց սոցիալական կարիքները հոգալու համար, ինչպես նաեւ բիզնեսի համար խնդիրներ կառաջանան, եւ մարդիկ կշարունակեն մտածել, որ «բանկեը թալանում են իրենց», հատկապես հիմա, երբ բանկերը մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլարի գերշահույթ են ապահովել՝ պայմանավորված նաեւ կանխիկացման բարձր միջնորդավճարներով, որպիսին չկան հարեւան երկրների բանկերում։
- Նախ՝ ես «գերշահույթ» տերմինը չէի օգտագործի, որովհետեւ շատ դժվար է սահմանել՝ ի՞նչ է նշանակում գերշահույթ։ Եթե նայում ենք բանկերի վերջին տասը տարվա շահութաբերության մարժան, ու բանկային համակարգն էն համակարգն է, որն աշխատում է բացառապես բաց եւ թափանցիկ դաշտում, վճարում է բոլոր հարկերը, որոնք հնարավոր է այս երկրում վճարել, դժվար իրողությունների մեջ էլ, ըստ էության, օժանդակում է թե՛ տնտեսությանը, թե՛ ֆիզիկական անձանց։ Հիմա, իրենց շահութաբերությունը վերջին տասը տարվա մեջ եղել է 9 տոկոսի կարգի։ Հիմա դա գերշահո՞ւյթ է, թե՞ գերշահույթ չէ։ Ինչ վերաբերում է միջնորդավճարներին, կան բանկեր, որոնք բանկից արտարժութային կանխիկ միջոցներ վերցնելու համար գանձում են մինչեւ երեք տոկոս միջնորդավճար, որը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով։ Ամերիկյան դոլարի նկատմամբ հասանելիությունը՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով, բավականին սահմանափակ է։ Ու, բնականաբար, մարդիկ, ովքեր ակնկալում են, որ ամեն ինչ լինելու է նույնկերպ, քան մինչեւ կոնֆլիկտն էր, ինձ թվում է՝ էստեղ մի քիչ պիտի ճշգրտեն իրենց սպասումները։ Ամեն հայկական բանկ չէ, որ կարող է էսօր գնալ՝ ցանկացած արտասահմանյան բանկից անվճար վերցնել կանխիկ դոլար, տեղափոխել Հայաստան ու տրամադրել իր հաճախորդներին։ Այսինքն՝ էդտեղ կան ավելացած էական ծախսեր, ու, պայմանավորված նաեւ աշխարհում ամերիկյան քաղաքականությամբ, կան կանխիկի նկատմամբ որոշակի սահմանափակումներ։ Ձեր ասածը չի գործում անկանխիկի համար։
- Սոցիալական ռիսկերի ու բիզնեսի՞ մասով ինչ կասեք։
- Տեսեք, բանկերն ունեն բավականին մեծ շահույթ էս տարվա ընթացքում, որը գալիս է ոչ տոկոսային եկամուտներից՝ միջնորդավճարներ, փոխանցումներ, արտարժութային փոխարկումներ, որոնց մոտավորապես 90 տոկոսը ոչ ռեզիդենտների հաշվին է։ Այդ շահույթները գեներացնելու հաշվին բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել վարկավորման տոկոսադրույքները, քան Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հիմա, մի կողմից՝ մեղադրում են բանկերին, որ իրենք հիպոթեքային տոկոսադրույքները շատ չեն բարձրացրել եւ այլն, մյուս կողմից՝ հակառակ ուղղությամբ են գալիս, երբ որ խոսում են բիզնեսի ու սպառողական վարկերի մասին։ Բիզնեսի եւ սպառողական վարկերի էական աճ Հայաստանում չկա, ինչը հաջողվել է անել՝ պայմանավորված այդ ոչ տոկոսային եկամուտների առկայությամբ։
- Իսկ ինչպե՞ս է, որ հարեւան երկրներում այդ միջնորդավճարները չկան կամ շատ ցածր են։
- Կդժվարանամ ասել, որովհետեւ հարեւան երկրներն էլ կարող են տարբեր լինել, ու բանկերն էլ կարող են տարբեր լինել։ Էստեղ հարցն այն է, թե արդյոք հարեւան երկրների բանկային համակարգը՝ մասնավոր, ունի՞ ամերիկյան դոլարների հասանելիություն ու կանխիկ, եւ արդյոք իրենք պահո՞ւմ են էդ պատժամիջոցների էն խստությունը, որը պահում է, օրինակ, Հայաստանի ֆինանսական համակարգը։ Այսինքն՝ հարցը միակողմանի ու գծային չէ։ Ես կարծում եմ՝ էս պահի դրությամբ Հայաստանի ֆինանսական համակարգն իր ֆինանսական ռիսկերը ճիշտ է կառավարում։