Մշակույթ

Ատեստավորման ժամանակ արդարության սկզբունքը պահպանված չէ

Ատեստավորման ժամանակ արդարության սկզբունքը պահպանված չէ

Երևանի դպրոցներից մեկի հասարակագիտության ուսուցիչ Հ. Գաբրիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է մի շարք բացթողումների և խնդիրների մասին՝ մանկավարժների կամավոր ատեստավորման հետ կապված:

«Առհասարակ բոլոր տարիների մանկավարժների ատեստավորումը, այս տարվանը հատկապես, ցույց են տալիս, որ, մեղմ ասած, գործընթացները ճիշտ չեն կազմակերպվում: Ես հասարակագիտության ուսուցիչ եմ: Մասնակցել եմ մեկ անգամ և անցել եմ ատեստավորումը, հաղթահարել եմ թույլատրելի շեմը, ինչպես նաև ունեմ հավելավճար: Այսինքն՝ այս խնդիրը չեմ բարձրաձայնում կոնկրետ ինձ համար, այլ բարձրաձայնում եմ, քանի որ կա կազմակերպչական մեծ խնդիր: Ինձ ամենաշատը անհանգստացնում է այն փաստը, որ ուսուցիչները գնացել են քննության արդեն խախտված իրավունքներով: 
Եթե փոխվել է ձևաչափ, եթե կա քննական նոր տարբերակ, եթե փոխվել է առաջադրանքների և գնահատման ձևը, ապա նախաթեստը նույնպես պետք է կրի այդ փոփոխությունները: Գաղտնիք չէ, որ քննությունից առաջ տրամադրվում է նախաթեստ և ուսուցիչը կարող է դրանով իր ուժերը չափել և ըստ այդմ որոշել՝ մասնակցե՞լ քննությանը, թե՞ ոչ: Այս տարվա նախաթեստը եղել է նախորդ տարվա օրինակով, որը չի արտացոլում այս տարվա պահանջները: 

Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում. «Կա խնդիր նաև ուղեցույցի հետ կապված: Արդար լինելու համար պետք է նշեմ, որ բոլոր առաջադրանքները եղել են դասագրքային, իհարկե առաջնային և երկրորդային առաջադրանքները չեն տարբերակվել: Ես առավել քան վստահ եմ, որ փոփոխություններից հետո բոլոր առարկաների պարագայում կա նույն խնդիրը, այն չի վերաբերում միայն Հասարակագիտությանը: Զրուցել եմ տարբեր ուսուցիչների հետ, նրանք բոլորը ունեն նույն դժգոհությունը: Այս տարի վերացվել է այն տարբերակումը, որ մի առարկան 60 հարցի շրջանակ էր նախատեսում, մյուսը՝ 40, այժմ բոլոր առարկաների թեստերը դարձել են 40 հարցից կազմված՝ ենթահարցերով: Այսպիսով ուսուցիչը կարողանում է ենթահարցերով հանդերձ՝ 100-ի սանդղակից հավաքել 60 անցողիկ միավորը: Կա նաև ձևաչափի հետ կապված խնդիր: Եթե վերցնում ենք պարզ շարքի առաջադրանքները, որտեղ կա հարցադրում չորս պատասխանով, պետք է ընտրես չորսից ճիշտ պատասխանը, սա ընդունելի ու նորմալ է, սակայն բարդացող առաջադրանքները, որոնք 15-ն են, կարող են կազմված լինել վեց-յոթ հարցից և չի ասվում, թե քանի ճիշտ և քանի սխալ պետք է գտնի ուսուցիչը: Այստեղ արդարության սկզբունքը պահված չէ: Թեստի մեջ կարող ես ունենալ հինգ ճիշտ պատասխան, չորսը գտնում ես, հինգերորդը չես գտնում, կա նաև շփոթմունքի պահ, դու չգիտես, թե քեզանից քանի ճիշտ պատասխան է պահանջվում, արդյունքում՝ միավորը զրոյանում է: 10 առաջադրանք, ամեն մեկ վարժություն լուծելու պարագայում ստանում ես երեք միավոր, եթե հարցի մեջ ունես երեք պատասխան: Նախորդ տարի չի եղել նման բան: Սակայն այսօր ուսուցչին տալիս են նախորդ տարվա նախաթեստը և ասում են՝ սա է նախաթեստը, ինչը ոչ միայն բովանդակությամբ չի համապատասխանում նոր պահանջներին, այլև հնարավորություն չի տալիս, որպեսզի ուսուցիչը պատկերացնի, թե անցողիկ շեմը ապահովելու համար ինչ է հարկավոր: Ձևաչափը սխալ է դրված: Ուսուցիչը չի վախենում ատեսավորումից: Ուսուցիչները մտավախություն ունեն նման երկրորդական թվացող հարցերից, որոնց պատճառով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկնում: Հասարակագիտություն առարկայի թեստը խառնաշփոթ է: Ուղեցույցում չի ասվում համապատասխանեցում վարժության մասին, մենք գնում ենք քննության և տեսնում ենք, որ կա նման առաջադրանք: Ես ամեն բան կարողացել եմ գրել, անգամ այդ համապատասխանեցումը գրել եմ, բայց խնդիրը նրանում է, որ ես համաձայն չեմ այդ վարժության գնահատման հետ: Չի կարելի նույն մեկ միավորը տրամադրել, թե չորս հարց ունեցող վարժության համար, որից պետք է ընտրենք միայն մեկը և նույնը` համապատասխանեցման համար: Այն պատկանում է համեմատաբար դժվար համարվող առաջադրանքների խմբին: Կա այլ խնդիր ևս: Առաջադրանքների մեջ պետք է լինեն առաջնային կարևորություն ունեցող։ Որպես ուսուցիչ նպատակահարմար չեմ գտնում երեխայի իրավունքների կոնվենցիայի 38-րդ հոդվածի դրույթը թեստի մեջ ներառված տեսնելը: Խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների ժամանակ երեխաների ընդգրկվածությանը: Լավ է, երբ ուսուցիչն ամեն ինչից տեղեկացված է, սակայն սրանք նեղ մասնագիտական հարցեր են, որոնց շատ ու շատ իրավաբաններ անգամ չեն տիրապետում: Ուսուցչից պահանջել, որ նա իմանա կոնվենցիայի բոլոր դրույթները, դա մի տեսակ անլուրջ է: Ես արդեն մտածում եմ, որ սրանք ծուղակներ են ուսուցիչների համար, ասում է ուսուցիչը:

Ատեստավորումից հետո որքա՞ն է բարձրանում ուսուցչի աշխատավարձը: ԿԳՄՍ նախարարը խոսում է աստղաբաշխական թվերի մասին, նկատեցինք. «Դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ, որին ավելանում են 30-40-50  տոկոս հավելավճարներ, կախված ունեցած արդյունքից: Ատեստավորվել եմ այս ամիս, սակայն ավել գումարը ստանալու եմ հունվար ամսից: Ես չեմ կարծում, որ ստանալու եմ 400-500 հազար դրամ, հավանաբար 300 հազար դրամի շրջանակում է լինելու աշխատավարձը: Պետք է տարբերակել կեղտոտ աշխատավարձը մաքուր աշխատավարձից: Հարկերը հանված 300 հազար դրամի շեմը չի գերազանցելու: Թեպետ լինելու է որոշակի տարբերություն, կա նաև ծանրաբեռնվածության հարց»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image