Այլ

«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»

«Իմ ցուցմունքը Աստծո առաջ է»

Վերջին իրադարձությունը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հրաժարվեց ցուցմունք տալ դատարանի առաջ, շատերի համար  անակնկալ չէր։ Հանրությունը  դա ընկալեց որպես կանխատեսելի քայլ․ իսկ ինչո՞ւ պետք է Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցուցմունք տա դատարանին, եթե իր ծառայության բնույթը նախ և առաջ հոգևոր է, ոչ վարչական։
Կաթողիկոսը հրավիրվել է հարցաքննության և օգտվել է օրենքով տրված իրավունքից՝ չտալ ցուցմունք։ Իրավական տեսանկյունից սա սովորական ընթացակարգ է։ Բայց հասարակական ընկալման մեջ այս քայլը ստացավ ավելի լայն իմաստ։ Մեղադրանքի ձևակերպումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտում, կապված է Գևորգ եպիսկոպոս Սարոյան-ի կարգալուծման հարցի հետ։ Նույն գործով անցնում են նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։ Եվ հենց այստեղ է շարքային քաղաքացու մոտ առաջանում ամենապարզ հարցը՝ եթե խոսքը վերաբերում է եկեղեցական կարգապահական որոշմանը, ապա ինչու՞ է պետությունը միջամտում եկեղեցու ներքին կյանքին։

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ եկեղեցին և պետությունը Սահմանադրությամբ անջատ են։ Եկեղեցու ներսում թեմի ղեկավարի նշանակումը կամ ազատումը եկեղեցական իրավասության հարց է։ Երբ այդ գործընթացը տեղափոխվում է քրեական դաշտ, բնական է, որ հասարակության մեջ ձևավորվում  հիմնավորում՝  սա պետություն-եկեղեցի հարաբերությունների լարված փուլ է։ Առավել ևս, երբ տեղեկություններ են շրջանառվում, որ Կաթողիկոսի և մի շարք Սրբազանների ելքը երկրից արգելվել է, որպեսզի խոչընդոտվի  Ավստրիայում նախատեսված եկեղեցական ժողովին։ Եթե դրանց գումարվում են Բարձրաստիճան այլ սրբազանների ձերբակալություններն ու մեղադրանքները, հարցը դուրս է գալիս մեկ անձի շրջանակից և դառնում համակարգային։

Այս պայմաններում Կաթողիկոսի լռությունը շատերի համար վերածվում է ուղերձի։ Նա չի մտնում իրավական բանավեճի մեջ, չի արդարանում, չի հակադարձում։ Նրա դիրքորոշումը ձևակերպվում է մեկ նախադասությամբ՝ «Իմ հաշվետվությունը Աստծո առաջ է»։ Այս միտքը եկեղեցու ինքնընկալման մասին է։ Եկեղեցին իրեն չի դիտում որպես պետական կառույց կամ վարչական ստորաբաժանում։ Այն հավատքի հաստատություն է, որի առաջնորդի պատասխանատվությունը նախ և առաջ հոգևոր է։

Այստեղից էլ բխում է հասարակության  համոզումը՝ եթե Կաթողիկոսը հաշվետու է, ապա  Աստծո առաջ։ Իսկ երբ աշխարհիկ համակարգը փորձում է գնահատել հոգևոր որոշումները, սկսվում է այն պետական քաոսը, որի կենտրոնում այսօր գտնվում է Հայ Առաքելական եկեղեցին։

Եվ հենց այդ պատճառով սա դիտվում է ոչ թե որպես  քրեական գործ , այլ սկզբունքային հարց՝ որտե՞ղ է ավարտվում պետության իրավասությունը, և որտե՞ղ է սկսվում եկեղեցու ինքնավարությունը, որը սահմանադրորեն խախտվում է պետության կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image