Քաղաքականություն

Եթե կարողացանք հաղթահարել միջանցքի հարցը, ուրեմն կրկին կդառնանք միջազգային սուբյեկտ

Եթե կարողացանք հաղթահարել միջանցքի հարցը, ուրեմն կրկին կդառնանք միջազգային սուբյեկտ

Բաքու-Թեհրան ռազմաշունչ հռետորաբանություն, սպառնալիքներ, կոնսուլտացիաներ ու հանդիպումներ տարբեր ձեւաչափերում՝ Իրան-Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Հայաստան    արտգործնախարարների, Հայաստանի ԱԺ նախագահ-Լավրով հանդիպում եւ վերջում, որպես ամփոփում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցելություն  Մոսկվա: Իսկ Մոսկվա մեկնելուց առաջ իրանական արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը հույս էր հայտնել, թե Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը։

Ի տարբերություն, Սերգեյ Լավրովը բանակցությունների մեկնարկից առաջ, որպես օրակարգային հարց, նշեց Սիրիան, Հյուսիսային Աֆրիկան եւ միայն ասուլիսի ավարտին՝ իրանցի լրագրողի հարցին, թե որն է Իրանի կենսական շահերի դեմ ադրբեջանա-թուրքական սցենարների հետ կապված ռուսաստանյան դիրքորոշումը, խիստ դիվանագիտական պատասխան տվեց՝ առաջարկելով «ռուսական  դիվանագիտության լավագույն ավանդույթների համաձայն», ստեղծել տարաձայնությունների հաղթահարման հարթակ։ Ապա ավելացրեց․ «Մենք դեմ ենք այստեղ ռազմական ակտիվության ավելացմանը, որ զորավարժություններն ունենան սադրիչ բնույթ, Ադրբեջանը, օրինակ, իր մտահոգությունն է հայտնում իր սահմանների մոտ իրանական զորավարժությունների կապակցությամբ»: Այս խոսքերը նրա իրանցի գործընկերը լսում էր լարված ժպիտով։ Իսկ Լավրովի դեմքին եւ ձայնի մեջ ակնհայտորեն նշմարվում էր մուննաթ, որն առավել նկատելի դարձավ, երբ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին վճռական տոնով հայտարարեց, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ եւ անթույլատրելի է համարում «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։ Թե կոնկրետ որ սահմանների եւ ինչպիսի փոփոխության մասին է խոսքը, Աբդոլահիանը չհստակեցրեց։

Իրանագետ, պարսկերենի թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ իրանական կողմը, տեսնելով, որ Հայաստանն իր անմիջական շահերին վերաբերող այս հարցում 44-օրյա պատերազմից հետո այլեւս չունի ինքնուրույնություն, սուբյեկտայնություն, որոշել է հարցերը միանգամից քննարկել պաշտոնական Մոսկվայի հետ։ Մեր կողմից ավելացնենք, որ նույնկերպ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի` հանդիպելու առաջարկից հետո հասկացնել տվեց, որ կխոսեն Ռուսաստանի հետ։ «Ինձ թվում է՝ արտգործնախարարի մեկնելու պատճառներից մեկն էլ դա էր, որ Հայաստանն ուզում է, բայց չի կարողանում․․․ Եթե հիշում եք՝ իրենք անգամ առաջարկ էին անում, որ էդ հարցը չքննարկվի, եւ պարսիկները Հայաստան-Ռուսաստան միասին են դիտում, երբ ասում են, որ ՌԴ-ին ու Հայաստանին համոզենք, որ այդտեղ բացվի հյուպատոսարան, որտեղ կլինեն փորձառու, հմուտ փորձագետներ, ինչը շատ կփոքրացնի էդ ռիսկը, որ Թուրքիան ու Անկարան կարող են հարձակվել Սյունիքի վրա»,- ասում է Էմմա Բեգիջանյանը։

Նա, ի տարբերություն ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի, որը մեզ հետ զրույցում ասել էր, որ Իրանը որքան էլ վճռական է, այնուամենայնիվ, մեզ չի կարող օգնել, մեր փոխարեն ու հանուն մեզ պատերազմել, եթե Հայաստանը Զանգեզուրի միջանցք թույլ չտալու հարցում վճռական չլինի, Էմմա Բեգիջանյանն ասում է․ «Ես չեմ բացառում, որ եթե մտնեն Սյունիք, Իրանն էլ կմտնի։ Իրանը վճռական է, որ ամեն գնով... Ես մի հոդված գրեցի իրանական բավականին հեղինակավոր կայքում, վերնագիրը դրեցի՝ «Հայաստան-Իրան-Սեւ ծով ճանապարհը պետք է միշտ բաց մնա»»։

Այս հարցում Իրանի վճռականության աստիճանն ի ցույց դնելու համար իրանագետը մեջբերեց Վրաստանի նախագահի հետ իրանական կողմի քննարկումներից, այն է՝ Պարսից ծոցից դեպի Սեւ ծով ճանապարհ ունենալու իրանական անհրաժեշտության մասին պնդումներից հետո իրանցի վերլուծաբանները պնդում էին, որ եթե Վրաստանը Բաքվի ու Անկարայի ճնշումների տակ չհամաձայնի, ապա Իրանը կարող է ճանաչել Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում եղել է միանշանակ կողմ։ Ուրեմն՝ ինչո՞ւ ճանաչել Աբխազիան եւ ոչ Արցախը։ Իրանագետն ասում է․ «Իրանին բոլորովին ձեռք չէր տա, որ 130 կիլոմետրով երկարեր Իրան-Ադրբեջան սահմանը, բայց դա տեղի ունեցավ։ Իրանը, բոլոր դեպքերում, կրոնապետական երկիր է եւ առաջնությունը տվել է իսլամական երկրներին՝ իր ազգային շահերը հանուն կրոնի երբեմն նաեւ զոհաբերելով»։ 

Հիշեցնենք, որ երեկ հայ-իրանական փոխհարաբերություններում տեղի ունեցավ հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի տհաճ իրադարձություն․ Իրանն արգելանք դրեց դեպի Նախիջեւան ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքների վրա, Հայաստանը հաջորդ օրը Ադրբեջանին թույլ տվեց օգտագործել Հայաստանի տարածքը՝ հղում անելով ԵՄ համաձայնագրերին։ Արդյո՞ք դա Իրանում ընդունվեց որպես հարված թիկունքից։

Էմմա Բեգիջանյանն ասում է․ «Այո, ինչ-որ տեղ կարելի է այդպես ասել, բայց դա կարելի էր օգտագործել՝ վերադարձրեք մեր բոլոր գերիներին, եւ խնդրեմ՝ ազատ գնացեք։ Ինչու իրենք՝ ադրբեջանցիները, բոլոր կոնվենցիաները չե՞ն խախտում։ Խախտում են, չէ՞»։ Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ եթե «կարողացանք հաղթահարել» միջանցքի հարցը, ուրեմն կրկին կդառնանք միջազգային սուբյեկտ։ Նշենք, որ Սերգեյ Լավրովը, ամեն դեպքում, չօգտագործեց «միջանցք» բառը, այլ՝ «հեռահաղորդակցությունների» ապաշրջափակում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image