Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել: Մայիսի 19-ին կայացած ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից, որի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն։
2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Արմեն Քոլոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը գնում է մեկ անձից գնում կատարելուն։ «Ես անցյալ տարվա աշնանը՝ սեպտեմբերին, պայմանագիր եմ կնքել «Reuters» լրատվական գործակալության հետ, որի նյութերով երկար տարիներ աշխատել եմ «Ազատություն ռադիոկայանում»։ Մենք հիմա էլ ակտիվորեն օգտագործում ենք գործակալության նյութերը՝ մեր ամենօրյա աշխատանքում։ Միջազգային թողարկումներ ենք անում, օրվա 5-6 կարեւոր զարգացումները մատուցում ենք վիդեո տարբերակով։ Այդ պայմանագիրը կնքելուց հետո պարզվեց, որ իմ չիմացության պատճառով խնդիր է առաջացել։ Մենք պետական հիմնարկ ենք, եւ կա գնումների մասին «պրոտոկոլ»՝ մրցույթ։ Թեպետ ես չեմ հասկանում, թե այս գնման պարագայում ինչպես է հնարավոր մրցույթ անել»,-ասաց Քոլոյանը։
Զարմանում է՝ եթե ոչ «Reuters» գործակալությունից, ապա ումի՞ց պիտի գներ, ո՞ւմ հետ պիտի մրցի այս գործակալությունը։ «Երկրորդ խնդիրը շատ ավելի լուրջ վրիպակ էր մեր ֆինանսական թիմի կողմից, որովհետեւ կա գնումների բաժին։ Քանի որ պետական է, նախ պետք էր այդ հայտը ներառել գնումների պլանում, հետո հրապարակել գնման մասին ինֆորմացիան։ Փաստորեն դա եմ խախտել»,-նշեց նա։
Ստուգող մարմինը կատարած գործողությունների արդյունքում պարզել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկան գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը: ՀՌԽ-ն գտել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն, որոշել է բավարարվել նկատողությամբ՝ հաշվի առնելով․ «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի․․․»։
Քոլոյանն ընդունում է իր սխալը, բայց շեշտում է՝ անզգուշաբար է արել։ Սակայն կարծում է, որ տեխնիկապես հնարավոր չէ մրցույթ անել, եթե իրեն պետք է հենց «Reuters»-ի ապրանքը։ «Ես չեմ կարող հայտարարել մրցույթ «Reuters»-ի եւ «Reuters»-ի միջեւ, դա աբսուրդ է, դա չի լինի։ Նրանք էլ են հասկանում, որ Հայաստանում կարող է նման անհասկանալի իրավիճակ առաջանալ»,-ասաց նա։ Քոլոյանը գտնում է, որ իր գործողությունների հետեւանքով պետությանը վնաս չի հասցվել։
«Մենք գնել ենք ծառայություն, որից օգտվում ենք, եւ որը բավականին թանկ ծառայություն է, ես չեմ բացառում, որ գուցե սեպտեմբերին մենք հրաժարվենք, իսկ եթե ֆոնդեր լինեն՝ չենք հրաժարվի։ Քանի որ մենք այդ ծառայությունն առել ենք եւ ստացել ենք այդ ծառայությունը, նշանակում է՝ պետությանը վնաս չի հասցվել։ Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ զեղծարարություն կարող է լինել, եթե ես ունեմ «Reuters»-ի կադրերը, ի՞նչն է դրա ապօրինի։ Իմ վերադասը քննարկել է խնդիրը եւ ինձ հայտնել են նկատողություն, ընդունում եմ՝ «կարմիր լույսի» տակով անցել եմ»,-ասաց նա։
«Reuters» գործակալության հետ պայմանագիր արժեքը ամսական կազմում է 2700 դոլար է։ Քոլոյանն մոտ ամսական 1 միլիոն, տարեկան՝ 12 միլիոն դրամի «վատնումը» համեմատում է՝ մեքենայով կարմիր լույսի տակով անցնելու հետ։ «Ես անցել եմ, բայց պատահմամբ է ստացվել, բայց փաստ է, ես ոստիկանին ինչ պետք է ասեմ»,-նշեց նա։ Իսկ թե ինչ իմաստ ունի «Reuters»-ից կատարված գնումը եւ դա Հանրային ռադիոյի լսարանի ինչին է պետք, ռադիոյի տնօրենը չի անդրադառնում։