Մշակույթ

Ասք` Սիբիրի մասին

Ասք` Սիբիրի մասին

Սովետական կինոարվեստի ամենածավալուն պատմական կինոնախագծերից մեկը, որը ներկայացնում է 20-րդ տարի ռուսական համայնապատկերը, թերեւս Անդրեյ Կոնչալովսկու «Սիբիրիադան» է՝ նկարահանված 1978 թվականին։ Քառամաս կինոնկարը ոչ միայն պարզապես գեղարվեստական ներկայացումն է Սիբիրի մի գյուղի մի քանի սերունդների կյանքի, այլ նաեւ երկրի յուրօրինակ կինոժամանակագրություն է, երկիր, որն անցել է հեղափոխություն եւ քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, ինդուստրիալացում, Հայրենական մեծ պատերազմ եւ Սիբիրի բնական հարստությունների յուրացում։

Սովետական կինոարվեստում սա անսովոր գեղարվեստական մեծ կտավ է, որտեղ առկա են բարդ դրամատուրգիան, սիմվոլիկ պատկերայնությունը՝ զուգորդված խոր փիլիսոփայական բովանդակության հետ։ Ի տարբերություն ավանդական պատմական էպոսի, «Սիբիրիադան չի ձգտում միայն ներկայացնել անցյալի իրադարձությունները։ Այն հետազոտում է պատմական պրոցեսները, մարդու եւ բնության, մարդու եւ պետության, ավանդույթի եւ տեխնիկական առաջընթացի միջեւ կոնֆլիկտները։ Կինոնկարի նկարահանումները սկսվել են 1970-ականների կեսերին, երբ սովետական կինոն դեռ անդրադառնում էր մեծածավալ պատմական թեմաներին։ Սակայն Անդրեյ Կոնչալովսկու ծրագիրը զգալիորեն տարբերվում էր նմանատիպ այլ նախագծերից։ Սցենարիստ Վալենտին Եժովի հետ՝ նա ստեղծում է մի գործ, որը պետք է ժամանակագրորեն ընդգրկեր ռուսական պատմության մոտ 70-ամյա շրջանը՝ ներկայացնելով սիբիրյան Ելան գյուղի բնակիչների մի քանի սերնդի պատմությունը։ Նկարահանումները տեւել են մի քանի տարի, իրականացվել են շատ բարդ բնական պայմաններում։ Կինոնկարի զգալի մասի նկարահանումներն իրականացվել են սիբիրյան տայգայում։ Եվ դրա շնորհիվ կինոնկարը նաեւ վավերագրական զգալի արժեք է ստացել։ Մեծ ուշադրություն է դարձվել պատմական ժամանակաշրջանների ճշգրիտ վերակերտումներին։ Կինոնկարին յուրահատուկ հմայք է տալիս Էդուարդ Արտեմովի երաժշտությունը։ «Սիբիրիադայում» նրա գրած էլեկտրոնային երաժշտությունը հասել է արտահայտչականության նոր բարձունքի։ Այն ստեղծում է յուրահատուկ երաժշտական-փիլիսոփայական աուրա, որը միավորում է անցյալն ու ապագան։

Կինոնկարում նկարահանվել են սովետական կինոյի գիգանտները՝ Նիկիտա Միխալկովը, Վիտալի Սոլոմինը, Սերգեյ Շակուրովը, Լյուդմիլա Գուրչենկոն, Նատալյա Անդրեյչենկոն, Վլադիմիր Սամոյլովը եւ այլք։ Սա կինոնկար է, որը կհետաքրքրի հատկապես ռուսական եւ սովետական պատմությամբ հետաքրքրվողներին, ովքեր, չոր դասագրքային պատմությունից այն կողմ, սիրում են ուսումնասիրել նաեւ մարդկանց, ճակատագրերի պատմությունը՝ ժամանակի եւ պատմության համատեքստում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image