Հասարակություն

Արդյոք արդեն կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ

Արդյոք արդեն կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ԱԳ նախարարների մակարդակով տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն անվտանգության հարցերով ինչ-որ միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը: Օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել՝ Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու համար, «առանց մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու եւ կասկածի տակ դնելու»:

Իր հերթին «Sputnik Արմենիան» հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳ նախարարությանը, թե արդյո՞ք Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Նախիջեւան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերության փոխանցելու հարցը: Եվ, ահա, ստացված պատասխանից պարզ է դառնում, որ հարցմանը, ըստ էության, պատասխան չեն տվել, ինչն արդեն մտահոգիչ կարող է լինել։ «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության պատասխանում։

Թերեւս բոլորն են հասկանում, որ որքան էլ փորձեն մեզ հակառակը ներշնչել, մտահոգվելու առիթ, իրոք, կա։ Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ Երեւանն ու Բաքուն կնքվելիք խաղաղության փաստաթղթից որոշել են հանել ադրբեջանական մեկնաբանմամբ՝ «զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցը, ինչը հայտարարվեց Բաքվից։ Թեեւ դա ներկայացվում է որպես ադրբեջանական կողմից մեզ արված զիջում կամ էլ փոխզիջում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ համադրության համատեքստում, սակայն, ամեն դեպքում, գրեթե 2020 թվականի կրակի դադարեցման պահից մինչեւ հիմա Ադրբեջանի կողմից «զանգեզուրյան միջանցքի» հարցի նկատմամբ ունեցած միանշանակ եւ կոշտ վերաբերմունքի նման «մեղմացումն» առնվազն կասկածելի է։

Տպավորություն է, որ որոշվել է այս հարցը լուծել այլ ճանապարհով։ Մասնավորապես՝ այսպես ասած, «զանգեզուրյան միջանցքի» վերահսկողությունն անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու ճանապարհով, ինչի մասին «Հրապարակը» դեռ մեկ տարի առաջ էր գրել։ Այսինքն՝ նման լուծում վաղուցվանից էր քննարկվում: Սա, ըստ էության, կարող է լինել Երեւանի եւ Բաքվի, ինչպես նաեւ՝ արտաքին շահառուների համար ընդունելի տարբերակ։ Մի կողմից, որեւէ մեկը Փաշինյանի իշխանությանը չի կարող մեղադրել, որ ճանապարհը կամ միջանցքը` ինչպես կուզեք, անվանեք, ունի արտատարածքային կարգավիճակ, մյուս կողմից, մասնավոր միջազգային ընկերության վերահսկողությունը որոշակի առանձնահատուկ կարգավիճակ է տալու այդ ճանապարհին՝ նաեւ արտաքին խաղացողների համար ինչ-ինչ «դռներ» բացելով։ Եթե ընդունենք, որ ճշմարտացի է Սերգեյ Մելքոնյանի վարկածը, ապա առաջնահերթ հարց է դառնում, թե կոնկրետ որ անվտանգային միջազգային ընկերությանն է որոշվելու պատվիրակել ճանապարհի կամ միջանցքի անվտանգությունն ու վերահսկողությունը, ովքեր են լինելու այդ ընկերության բաժնետերերը, Հայաստանն այդ ընկերությունում ինչ մասնաբաժնով է ներկայացված լինելու, եթե, իհարկե, առհասարակ ներկայացված լինելու է, ինչպես են կարգավորվելու ընթացիկ կամ հնարավոր ֆորսմաժորային հարցերը, եւ այսպես շարունակ։

Այստեղ ե՛ւ ազգային անվտանգության կարեւոր ու նուրբ հարցեր կան, ե՛ւ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ-քաղաքական հարցեր։ Ի վերջո, ճանապարհի կամ միջանցքի հարցում իր խիստ որոշակի վերաբերմունքն ունի նաեւ Իրանը, եւ իրանական կողմի համար, միանշանակ, ընդունելի չի լինի, եթե այդ ենթադրյալ պատվիրակելի ընկերությունում ինչ-որ կերպ Արեւմուտքը ներկայացված լինի։ Այս դեպքում արդյոք Երեւանը դա հաշվի կառնի՞, թե՞ կորոշի հարաբերություններ փչացնել նաեւ իր վաղեմի բարեկամի հետ։ Կամ՝ արդյո՞ք, ամեն դեպքում, Երեւանը կորոշի Ռուսաստանի «գիրկը վերադառնալու» գործողության համատեքստում նաեւ այնպես անել, որ Իրանը եւս գոհ մնա, եւ ենթադրյալ պատվիրակելի ընկերությունը կլինի ռուսական, մի բան, որ կարծես թե Ալիեւի կողմից էլ բացասաբար չի ընկալվի, եթե հաշվի առնենք, թե ինչքան են ներկայում սերտացել Մոսկվա-Բաքու հարաբերությունները։
Եվ, ի վերջո, խոստացել են, որ այդ միջանցքը կամ ճանապարհը միակողմանի չի լինելու, եւ Հայաստանն էլ իր հերթին Ռուսաստանի հետ Լարսը շրջանցող ճանապարհի հնարավորություն է ստանալու։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք այդ նույն մեխանիզմով է կարգավորվելու Լարսը շրջանցող այդ ճանապարհը, թե՞ ոչ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image