Հասարակություն

Եթե 5 տարում չեն հասկացել

Եթե 5 տարում չեն հասկացել

Եթե մարդը հասուն տարիքի է եւ մինչ օրս չի հասկացել, որ թույլին-հիվանդին-անօգնականին ճնշել չի կարելի, որ պաշտոնի ու դիրքի ընձեռած հնարավորություններից օգտվելով մարդկանց նեղելը-վնասելը վատ բան է: Որ պետական բարձր կարգավիճակն ու պաշտոնը ոչ թե լծակներ են, որոնք կարելի է անձնական թշնամիների դեմ օգտագործել, այլ հնարավորություն են բարի գործեր անելու համար: Եթե չի ըմբռնել, որ պաշտոնը հավերժ չէ, եւ մի օր գալու է դրան հրաժեշտ տալու ժամանակը, ու եթե մինչ այդ դու ես պատժել, հետո քեզ են պատժելու: Եթե չի գիտակցել, որ մարդկանց չի կարելի սադրել, հեգնել, ծաղրել` օգտագործելով բարձր, բայց ժամանակավոր դիրքդ:

Եթե չի հասկացել, որ պետության բարձր պաշտոնը բարձր պատասխանատվություն, ըստ այդմ` համեստություն, ժուժկալություն, խոսքի մեջ մեծ զգուշություն է ենթադրում: Նաեւ` հարգանք սեփական երկրի քաղաքացիների, նրանց ավանդույթների, սովորույթների, մտածողության եւ անգամ` մոլորությունների նկատմամբ: Եթե չի կողմնորոշվել, որ պետությունն ընտանիքի նման մի բան է` կարող ես զայրանալ, պատժել, դաստիարակել, բայց նաեւ պարտավոր ես ներողամիտ լինել, դժվարության պահին հասնել-օգնել, եւ քո զավակի սխալը նաեւ քո սխալն է ու վրիպումը:

Եթե նաեւ չի ընկալել, որ բոլոր շարքային քաղաքացիներն իրավունք ունեն իրեն քննադատելու, անգամ հայհոյելու եւ վիրավորելու, բայց ինքը նրանց իրավունք չունի նույնկերպ պատասխանելու... Մի խոսքով` եթե այս ամենը մարդը 5 տարում չի հասկացել, ուրեմն այլեւս երբեք չի հասկանա: Ուրեմն նա իր տեղում չէ եւ երբեք չի դառնա պետության ղեկավար: Նշանակում է` տարրական բաներ չի հասկացել, չի սովորել այս 5 տարում եւ դարձել է խոչընդոտ այս պետության եւ ազգի` գոյության համար մղվող պայքարի ճանապարհին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image