Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ դաշնակցային հարաբերությունները կամ պայմանավորվածությունները կարևոր են առաջին հերթին Ադրբեջանի համար, որովհետև Ալիևի համար շատ կարևոր է ունենալ լավ կապեր՝ ԱՄՆ-ի նոր իշխանությունների հետ ու այդ նպատակին փորձում են հասնել Իսրայելի միջոցով։ Անդրադառնալով Իսրայելի վարչապետի գրասենյակի կողմից արված հայտարարություններին, Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ դաշնակցային ֆորմատ ձևավորելուն, «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ, պ․ թ․ գ․, «ԱՊՐԻ Արմենիա» կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Ադրբեջանի նպատակը հետևյալն է՝ նախևառաջ ստանալ անվտանգության հավելյալ անձրևանոց, որովհետև իրենք զգում են ճնշում Իրանի և Ռուսաստանի կողմից, որը աճում է նաև Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով։ Եվ, այո, իրենք կարիք ունեն նոր անվտանգության միջոցներ ունենալ։ Երկրորդը, իրենք շահագրռգված են 907 բանաձևը չեղյալ համարել, որպեսզի կարողանան ստանալ զենք ու զինամթերք Միացյալ Նահանգներից և այստեղ Իսրայելի լոբբիի դերը շատ կարևոր է»,-ասաց Մելքոնյանը։
Բնականաբար Իսրայելն առաջ չէր մղի այս օրակարգը, եթե այն չհամապատասխաներ հենց Իսրայելի շահերին՝ կարծում է նա։ «Իսրայելը կներկայացնի Ադրբեջանին որպես դաշնակից, ինչը շատ կարևոր է հենց Իրանի մասով։ Հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներում հակաիրանական տրամադրությունները, որը առևտրի մաս է դարձել, աճում է և Ադրբեջանի քարտն այստեղ կարող է շատ ակտուալ խաղարկվել՝ որպես ճնշման միջոցներից մեկը։ Բայց որպես արձագանք Ադրբեջանի կողմից արվող բոլոր փորձերին, հիշում եք` Հիքմեթ Հաջիևի այցերը երկու անգամ Իսրայել, Ալիևի հանդիպումները Այպակի հետ՝ իսրայելական կառույցների հետ ինչ-որ լուրջ արդյունքների չեն բերել, բայց տեսնում ենք, որ օրակարգը, որ Ադրբեջանը պետք է միանա այդ աբրահամյան համակարգի նոր ձևաչափին՝ շատ տարբեր ձևերով տարածվում է, թե փորձագիտական շրջանակներում, թե լրատվամիջոցներով»,-ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ- Իրան լարվածությանը, ապա հիմա խաղաքարտերն են փորձում ավելացնել։ «Նախօրեին հաղորդագրություն ստացանք այն մասին, որ Գուամից ավիակիր է գնում դեպի Մերձավոր Արևելք։ Այնտեղ մեկ ավիակիր արդեն կա ամերիկյան, ևս մեկը ավելանում է, որտեղ կան յոթանասունից իննսուն կործանիչներ և ուղղաթիռներ։ Սակայն սա արդեն մի քիչ փոխում է ուժային բալանսը և այլ պատկեր կարող է ստեղծվել, որովհետև միայն այն ուժը, որը կար ամերիկյան Պարսից ծոցի մոտ, բավական չէր իրականացնելու այն օպերացիան, որը Իսրայելն ուզում է, իսկ երկու ավիակիրներով այդ մասին արդեն կարող ենք խոսել։ ԱՄՆ-ն սրանով խաղադրույքն է բարձրացնում, իսկ Իրանն արդեն ցույց տվեց, որ ինքը պատրաստ է բանակցել»,-ասաց միջազգայնագետը։
Մելքոնյանը շեշտեց, որ չնայած Իրանն այդ մասին չի հայտարարում, բայց պատրաստ է բանակցել Նահանգների հետ, և այս վերջին նորությունից հետո Իրանը պետք է քայլ ձեռնարկի և ամենայն հավանականությամբ, ցույց կտա, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ է լուծել այս խնդիրը։
«Ամերիկյան այդ ավիակիրը Մերձավոր Արևելք հասնելու համար մոտավորապես երկուսից երեք շաբաթ ճանապարհ պետք է անցնի, հետևաբար ակնկալել մոտակա ժամանակներում ակտիվ լայնածավալ գործողություններ՝ քիչ հավանական է, բայց հենց ավիակիրը հասավ այս կետին, արդեն մենք կարող ենք խոսել այն մասին, որ խաղադրույքները շատ բարձր են և որ ակտիվ գործողությունների հավաականությունն էլ է շատ բարձր»,- շեշտեց Սերգեյ Մելքոնյանը։