Սյունիքի մարզի Մեղրի համայնքում նույնպես սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները։ Այստեղ հիմնականում մշակում են արքայանարինջի (կարալյոկ), նռան, թզի այգիներ։
«Մեղրիում նռան, արքայանարինջի, թզի այգիներ են հիմնականում մշակում, քան բանջարաբոստանային մշակաբույսեր», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
«Աշխատանքները սկսել են, խնդիր, որպես այդպիսին, չկա։ Շուռնուխում, Որոտանում [սահմանային գյուղեր Գորիս համայնքում] գուցե լինեն՝ աշխարհագրական դիրքից ելնելով։ Մեզ մոտ միայն Նռնաձոր գյուղն է այդպիսին, այստեղ էլ և՛ ռուսական, և՛ հայկական զինծառայողներն իրենց ծառայությունը տանում են, խնդիր չկա», - նշեց համայնքապետն՝ անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հնարավոր խնդիրներին։
Ըստ Զաքարյանի՝ հոգեբանական մտավախություն գուցե անասնապահական ժամանակահատվածում կարող է լինել կապված արոտավայրերի սահմանային հատվածների հետ։ «Կարող եք այցելել, անձամբ համոզվել։ Գյուղացիներին հարցրել եմ, բողոք չեմ լսել», - առաջարկեց նա։
Տարին, ըստ համայնքի ղեկավարի, դեռևս որևէ բացասական անակնկալ չի մատուցել գյուղատնտեսական աշխատանքներին զուգընթաց, կարգին է ամեն ինչ առայժմ։
Հարցերին՝ բնակչությունը դիմո՞ւմ է, ինչ-որ բանով աջակցի համայնքը, պետությունը, բնակչությունն ինչի՞ կարիք է ունենում այս գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, պատասխանեց, որ այդպիսի ավանդույթ էլ չկա, որ դիմեն։
«Ամենակարևոր հարցը, որտեղ պետությունը պետք է մասնակցություն ունենա, ոռոգման ջրի հարցն է։ Հիմնական շրջանն ապահովված է Մեղրի գետից ինքնահոս համակարգով։ Հիմնականում այգետարածքներն ապահովված են։ Օգոստոս-սեպտեմբեր ամսիներին է խնդիր լինում, երբ որ Մեղրի գետի ջուրը պակասում է։ Դրա հետևանքով ստիպված ենք լինում մեխանիկական ճանապարհով Արաքս գետից պոմպակայաններով ջուր մղել։ Այդ ժամանակ է լինում. պոմպերի հետ կապված խնդիր և այլն», - հավելեց Մեղրիի ղեկավարը։
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի հարավային հատվածներից ջրերի սնող երակներ չեն գալիս դեպի Մեղրի։ «Բայց մենք խնդիր ունենք։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ այդ հարցը բարձրացրեց։ Մեր խնդիրը Նախիջևանի կողմից է։ Դե, մինչև պատերազմն այդ խնդիրը կար։ Նախիջևանի կողմից Մեղրու վարչական տարածքից սնող երակները (ինչպես նշեցիք), վտակների ջուրը ջրանցքով տեղափոխվում է Նախիջևանի Օրդուբադի շրջան։ Դա ամենալուրջ խնդիրն է։ Հենց նշածս խնդիրը, որ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին Մեղրի գետը ջրասակավ է դառնում, ջուր չի ապահովում։ Իմիջայլոց, Մեղրի գետից ապահովվում է ամբողջ համայնքի ոռոգման ջրի 95 %-ը, մնացած 5 %-ը՝ փոքր աղբյուրներով։ Ջրասակավ դառնալու պատճառը հենց այն է, որ սնող երակների ջուրը տեղափոխվում է Նախիջևան», - ընդգծեց Մխիթար Զաքարյանը։
Հարցին՝ Ադրբեջանն անօրինական ճանարհո՞վ է կարողացել այդ ջուրը տանել, պատասխանեց. «Մեր վարչական տարածքում ջրանցք են փորել և այդ ջրանցքի ջուրը, դեպի Մեղրի հոսելու փոխարեն, հոսում է դեպի Նախիջևան»։
Զաքարյանն ասաց, որ դեռ մինչև պատերազմը՝ մի քանի տարի առաջ են ադրբեջանցիները փորել այդ ջրանցքը, և այդ խնդրով հիմա ՄԻՊ Արման Թաթոյանը զբաղվում է։
«Չգիտեմ։ Եթե կատարվում էլ է, ինկոգնիտո ձևով է կատարվում։ Հրապարակային ոչ մի բան, մեզ տեսանելի ոչ մի բան չի կատարվում» , - ասաց Մեղրի համայնքի ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե Մեղրիով երթուղի տրամադրելու հետ կապված ինչ-որ գործողություններ կատարվո՞ւմ են իշխանությունների կողմից։