Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը 2022-ին պաշտոնը ստանձնելուց հետո համայնքապետարանի տասնյակ աշխատակիցների` առանց ծանուցելու, աշխատանքից ազատել էր, ասելով՝ դիմում գրեք, գնացեք, թե չէ վատ վերջաբան կունենա: Չէին գրել` ազատել էր: Համայնքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Թամարա Գրիգորյանը, որն այժմ ավագանու անդամ է, գնումների մասնագետ Սմբատ Սուքիասյանը, հողաշինարար Արեն Ֆրանգյանը, աուդիտի մասնագետ Արտյոմ Տոնոյանը դիմել են դատարան` աշխատանքում վերականգնվելու եւ համայնքապետարանից հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով: Դատարանը բավարարել է հայցադիմումները, եւ Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը ստիպված է եղել կատարել դատարանի որոշումը:
Մեր տեղեկություններով՝ համայնքի բյուջեից մոտ 25 մլն դրամ է վճարվել նախկին աշխատակիցներին: Բացի այդ, համայնքապետարանը վճարել է նաեւ փաստաբանների եւ պետտուրքերի գումարները: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Համայնքապետի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանին հարցրինք` որքա՞ն գումար է համայնքի բյուջեից փոխհատուցվել նախկին աշխատակիցներին։ «Տեղս հարմար չի, արձակուրդ եմ, անձնական գործերով դուրս եմ եկել, Ձեր հարցին չեմ կարող պատասխանել»: Տեղեկացանք, որ միայն 8 մլն դրամ համայնքի բյուջեից տրամադրվել է աշխատակազմի նախկին քարտուղար Թամարա Գրիգորյանին: Նրան վերականգնել են, սակայն նա 3 օր անց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մոտ 3-ական մլն դրամ են ստացել հողաշինարար Արեն Ֆրանգյանը եւ աուդիտի մասնագետ Արտյոմ Տոնոյանը: Արտյոմ Տոնոյանը մեզ ասաց, որ չի ցանկանում այլեւս աշխատել համայնքապետարանում. «Միայն այն, որ համայնքապետը ՔՊ է, հերիք է, որ հետը էլ չաշխատեմ»: Արեն Ֆրանգյանը վերականգնվել է աշխատանքում, բայց 5 ամիս հետո ՔՊ-ական համայնքապետը անհիմն պատճառով նրան կրկին ազատել է աշխատանքից: Ֆրանգյանը կրկին դիմել է դատարան: