Քաղաքականություն

Տուժողի դերում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը

Տուժողի դերում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը

Մայիսի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Մոսկվայում մասնակցում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված շքերթին: Դրա հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մասնակցում է Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը և վերահաստատում Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ: Սա, առաջին հայացքից, թվում է, թե այն դեպքն է, երբ աջ ձեռքը տեղյակ չէ, թե ինչ է անում ձախը: Բայց ընդամենն առաջին հայացքից, քանի որ Նիկոլի դեպքում առկա չէ այդ երևույթը: Վերջինս փորձում է և՛ հաճույք ստանալ, և՛ մնալ կույս՝ ինչպես ժողովուրդն է ասում: Բայց մոռանում է, որ երկու աթոռի վրա նստելը վտանգավոր վարժություն է: Իրենից առաջ դա արել է Սերժ Սարգսյանը և զրկվել է ռուսական աջակցությունից՝ ձեռք չբերելով արևմտյանը: Չնայած ՀՀ երրորդ նախագահի դեպքում Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները ծայրահեղ լարված չէին՝ ինչպես այսօր են:

Հիշեցնեմ, որ 2010-ին երկարաձգելով հայ-ռուսական փոխօգնության համաձայնագիր՝ վերջինս հայացքը հառեց դեպի Արևմուտք, ու, որպես դրա արդյունք, ստիպված եղավ 2013 թվականին իր կամքից անկախ ներառվել Մաքսային Միության կազմում: Իր կամքից անկախ, քանի որ մինչ այդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդհատ հիմնավորումներ էր բերում, որ ՀՀ-ն չի կարող միանալ այդ միությանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով: Իմիջիայլոց ասեմ, որ, ունենալով արևմտյան կողմնորոշում, վարչապետի պաշտոնից զրկվելուց հետո արդեն որերորդ տարին վերջինս բնակվում և աշխատում է Ռուսաստանում:
Նիկոլի դեպքում Ռուսաստանի և հատկապես Եվրոպայի (Դ. Թրամփի նախագահության պարագայում) հարաբերությունները վերածվել են վերին աստիճանի թշնամականի: Մոսկվան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անընդհատ զգուշացնում է, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, ու ԵՄ մուտք գործելը նշանակելու է հեռացում ԵԱՏՄ-ից: Ու որպեսզի ՌԴ նախագահի սիրտն ինչ-որ ձևով առնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ վերջինս մեկնում է Մոսկվա: Թեև Բրյուսելից էլ հայտարարել էին, որ Մոսկվա մեկնած ԵՄ անդամներն ու անդամության հայտ ներկայացրած երկրները խիստ կփոշմանեն այդ քայլի համար: Հիշենք, որ թե՛ Սերբիայի նախագահի և թե՛ Սլովակիայի վարչապետի ինքնաթիռներին ԵՄ մյուս երկրները օդային տարածք չէին տրամադրում Մոսկվա հասնելու համար: Ու նման պայմաններում «մեծարգո վարչապետը» վերջնականապես որոշում է մեկնել Մոսկվա, իսկ ԱԳ փոխնախարարին հրահանգում է Երևանում եվրոպական օր է կազմակերպել ԵՄ դեսպանի հետ:

Մի ժամանակ, կարծեմ դեռևս «դուխով» Նիկոլը հայտարարում էր, որ ինքը ստիպված է իրեն գժի տեղ դնել, որպեսզի արտաքին ուժերի հետ բանակցություններում հայանպաստ որոշումներ ստանա: Ենթադրում եմ, որ գիտակցաբար գժի դեր խաղացած Նիկոլն այնքան է տարվել այդ խաղով, որ ինչ-որ ժամանակ անց արդեն չի տարբերակում, թե որտեղ է ավարտվում խաղը և որտեղ է սկսվում իրականությունը: Ինչի արդյունքում, բնականաբար, իրեն արդեն չեն ընկալում որպես ադեկվատ ղեկավար: Բայց նաև չեն դադարում խաղեր տալ իր հետ, ու տուժողի դերում հանդես է գալիս ոչ թե ինքը, այլ այն երկիրը, որը ներկայացվում է իր անձով: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image