Քաղաքականություն

Թուրքիան կարող է օգտվել առիթից ու գրավել Հալեպը 

Թուրքիան կարող է օգտվել առիթից ու գրավել Հալեպը 

Սիրիայում ալավիների, քրիստոնյաների կոտորածն իրականացնում են նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալած ծայրահեղ իսլամականները: Այն ահաբեկիչները, որոնք ոչ վաղ անցյալում մարդկանց էին կտտանքների ենթարկում, նրանցից շատերը նաև Արցախում են կռվել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Հետաքրքիր է, որ ոճիրն իրականացնող ահաբեկիչները թուրքական ազդեցության անմիջական կրողներն են: Թուրքագետ Մհեր Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Սիրիայում իշխանության եկած ահաբեկիչները ևս մեկ անգամ ապացուցում են հայտնի ասացվածքի իմաստը՝ կարմիր կովը կաշին չի փոխում: 

«Այս ահաբեկչական կազմակերպությունները, որոնք իրենց պատրաստվածությունն անցել են Թուրքիայի տարբեր բազաներում և որոնք մեզ հայտնի են նաև Արցախյան 44 -օրյա պատերազմում մասնակցությամբ, այսօր իշխանության են Սիրիայում և նրանց գործունեության ոճը լինելու է ահաբեկչական: Այստեղ Թուրքիան խառնվեց այնքանով, որ նրանք պատրաստություն են անցել Թուրքիայի տարածքում, Թուրքիայի տարատեսակ բազաներում»,-ասաց Աբրահամյանը: Թուրքիային ձեռնտու է, որ Սիրիայում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը թույլ կտա իրականացնել նեոօսմանական տարածքային նկրտումները Սիրիայի նկատմամբ: 

«Թուրքիան ունի այդպիսի գործելաոճ՝ խաղաղության լոզունգների ներքո իրականացնել արյունալի հարցերի լուծում, որին ականատես ենք լինում Սիրիայում այս օրերին: Թուրքական գործելաոճին շատ նման գործելաոճ է սիրիական ահաբեկիչների գործելաոճը, եթե հիշենք Հայոց Ցեղասպանությունը, ապա այն ժամանակ ևս տղամարդկանցից զենքը հավաքեցին, զորակոչ արեցին ու հետո սպանեցին: Ու այս ամենն արվում է այն լոզունգի տակ, թե իբր ասադական ուժերն ապստամբել են նոր կառավարության դեմ և չեն թողնում, որպեսզի նոր կառավարությունը գործի: Այս պայմաններում հնարավոր է, որ Թուրքիան ունենա միջամտություն այս հարցում, բայց, իհարկե, ոչ բացահայտ»,-շեշտեց թուրքագետը: Եթե Սիրիայի տարածքում նորից վերսկսվեն տարատեսակ զինված բախումները, ապա Թուրքիան դա կօգտագործի որպես պատրվակ՝ դա իր սահմաններին սպառնացող վտանգ հայտարարելով, ահաբեկիչներ կհռչակվեն այն ուժերը, որոնք սատարում են նախկին սիրիական ղեկավարությանը և բոլոր այն ուժերը, որոնք չեն ընդունում այսօրվա սիրիական իշխանություններին, նաեւ կասեն, որ ակտիվացել է նաև քրդական տարրը: 

«Չնայած այն հանգամանքին, որ իբրև թե ձեռք է բերվել «համաձայնություն» և հրապարակվել է Օջալանի հայտնի նամակը, կարծում եմ, այստեղ նրանք կմեղադրեն, որ քրդերը չեն ենթարկվում նոր իրողություններին ու հավանական է, որ հենց Սիրիայի տարածքում հարձակվեն այն հատվածի վրա, որը ցանկանում են նվաճել: Իսկ այդ տարածքը Հալեպի տարածքն է․ դեռևս դեկտեմբերին մենք տեսանք, որ Սիրիայի ահաբեկչական այս իշխանությունը, որ նոր էին գահընկեց արել Ասադին, Հալեպի վրա կախեցին Թուրքիայի դրոշը: Շատ հնարավոր է, որ այս իրավիճակից օգտվելով Թուրքիան գրավի Հալեպը և Հալեպի մոտակա տարածքները, որն այսօրվա թուրքական իշխանության համար արտաքին քաղաքական և ազգային քաղաքական խնդիր է լուծում և Էրդողանը, կարելի է ասել, Հալեպը գրավելու շատ մեծ ցանկություն ունի և տարատեսակ դիվանագիտական հանդիպումների ժամանակ, տարբեր ժեստերով Հալեպը թուրքական քաղաք է համարել և երբեք չի դադարել այդ հյուսիսային շրջաններն ու Հալեպը համարել Թուրքիայի տարածք»,-եզրափակեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image